«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2002-06-18 | #113, 2002-06-19 | #114, 2002-06-20


ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ 9 ԳՐՈՂՆԵՐ

Հունիսի 14-ին սկսված Հայաստանի եւ սփյուռքի գրողների առաջին համահայկական խորհրդաժողովը երեկ շարունակեց աշխատանքները։ Հայրենիք-սփյուռք գրական-մշակութային կապերի ամրապնդման հիմնահարցերի, հայ գրականության սատարման եւ տարածման համահայկական հիմնադրամի ստեղծման շուրջ գրողներն իրենց աշխատանքը շարունակեցին Ծաղկաձորի գեղատեսիլ գողտրիկ անկյուններից մեկում գտնվող «Գրողների տանը»։ Նիստի ընթացքում գրողների հետ հանդիպեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը (անդրադառնալով արտաքին քաղաքականության եւ ազգամիջյան հարցերին), ՀՀ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը (խոսելով մշակույթի զարգացման ու կարեւորության խնդիրներից), ՀՀ գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը (հիմնականում անդրադառնալով կրթական, գիտական եւ համահայկական կրթական դաշտի ստեղծման կարեւորությանը) եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը (տեղեկացնելով հիմնադրամի անցած 10 տարվա եւ առաջիկա «Օրորոց» ծրագրի նպատակին ու կարեւորությանը)։ Վերջիններս, ողջունելով խորհրդաժողովը, պատասխանեցին ներկաներին հուզող բոլոր հարցերին։ Իսկ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը տեղեկացրեց, որ այսուհետ մշակույթի նախարարությունը ոսկե եւ արծաթե հուշամեդալներով գրողներին պարգեւատրելու որոշում է կայացրել։ Երեկ «Հայ գրական հասարակական կյանքում ծավալած բեղմնավոր գործունեության համար» ոսկե մեդալների արժանացան անվանի բանաստեղծ Զահրատը, հայ գրականության զարգացման ու խթանման համարՙ Մեսրոպ արք. Աշճյանը, գրող, հրապարակախոս Ռոպեր Հատտեճյանը, գրող, խմբագիր Պողոս Սնապյանը, Պեպո Սիմոնյանը, գրականագետ Սարգիս Կիրակոսյանը, գրող, հրատարակիչ Թորոս Թորանյանը, թատերագիր Հրանտ Մարգարյանը, բանաստեղծ Ազատ Մաթյանը։

Այսօր գրողները կայցելեն Ցեղասպանության թանգարան եւ Եղեռնի զոհերի հուշարձան, կտնկեն հավերժության եղեւնիներ ու կմեկնեն Օշականՙ մասնակցելու Ս. Մեսրոպի եւ Ս. Սահակի օրվան նվիրված գրական-գեղարվեստական հանդիսությանը։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4