«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2002-06-18 | #113, 2002-06-19 | #114, 2002-06-20


ՀԱՅԱՑՔ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ալեքսան Կիրակոսյանի «Մայրամուտի շեմին» գիրքը

Վերջերս «Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել մեր ժամանակների հայ նշանավոր պետական-քաղաքական գործիչ Ալեքսան Կիրակոսյանի «Մայրամուտի շեմին» հուշերի եւ մտորումների ժողովածուն։ Կյանքի «մայրամուտին» անցած ճանապարհի վերաիմաստավորումը մի ժամանակաընթացքի, որ հայության համար բազմաթիվ առումներով ճակատագրական ու նշանակալից է եղել, սթափ եւ օբյեկտիվ հայացքի ընդգրկումով, թեկուզ մտորումների եւ հուշերի ձեւով, այնքան էլ դյուրին չէ եւ նույնքան էլ պատասխանատու է։ Մանավանդ, երբ ժամանակները հակասական էին, քաղաքական եւ գաղափարական տեսակետից։ Դա անգամ Հայաստանի երեք հանրապետությունների մի այնպիսի ժամանակակցի համար, ով հարուստ ու բովանդակալից կենսագրություն է ունեցելՙ ծնված 20-րդ դարասկզբի «նզովյալ տարիներին», Մեծ հայրենականի մարտերով անցած, փառավորված, ապա եւ ապրած խորհրդային կարգերի հետագա բոլոր փորձությունները։ Այս գիրքը, որ գնահատանք է մի ողջ սերնդի անցած ճանապարհի, բովանդակում է հեղինակի կենսագրության, ընտանիքի, ռազմաճակատի մասին տեղեկություններ, ապա անդրադարձ է կատարված հետպատերազմյան դժվարին ժամանակներին։

Ինչպես հեղինակն է գրում. «Ցանկացած հուշագրություն ոչ այլ ինչ է, եթե ոչ պատմության ու ժամանակի որոշակի մի հատվածի անհատական իմաստավորում»։ Եվ այս գիրքն էլ պիտի ընդունել որպես այդպիսին։

Խորհրդային Հայաստանի երկար տարիների պետական պատասխանատու պաշտոնյան (վերջին պաշտոնըՙ ՀԽՍՀ-ի Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ) անկասկած պիտի ունենար հարուստ հիշողություն։ Հուշագրության բաժինը ներկայացնում է քաղաքական եւ մշակութային բազմաթիվ նշանավոր գործիչների հետ (Գրիգոր Հարությունյան, Սուրեն Թովմասյան, Անտոն Քոչինյան, Բադալ Մուրադյան, Ջոն Կիրակոսյան, Մհեր Մկրտչյան, Արամ Խաչատրյան, Համո Սահյան, Նիկոլայ Նիկողոսյան, Վիլյամ Սարոյան, Վահագն Դավթյան, Հովհաննես Շիրազ եւ ուրիշներ) իր հանդիպումները եւ տպավորությունները, որ նկատվում են իբրեւ դրվագներ։ Գիրքն Ալ. Կիրակոսյանի ապրած տարիների յուրատեսակ ընդհանրացումն է, սակայն հեղինակը զերծ է այն համապարփակ եւ լիարժեք համարելուց, բայց, անկասկած է գրքի ճանաչողական նշանակությունըՙ ժամանակի նկարագրության անհատական դրոշմով, իհարկե։

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4