«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2002-06-18 | #113, 2002-06-19 | #114, 2002-06-20


ՖԻՇԵՐ-ԴԻՍԿԱՈՒԻ ՄՐՑԱՆԱԿԸՙ ՍՈՒՐԵՆ ՇԱՀԻՋԱՆՅԱՆԻՆ

1958 թ. Փարիզումՙ Ֆրանսիայի ռադիոյում Անրի Ժակտոնի նախաձեռնությամբ ստեղծված Քնարական սկավառակների ակադեմիան, որն այժմ ինքնուրույն կազմակերպություն է, ամեն տարի, որպես անցյալի եւ ներկայի խոշորագույն երաժիշտների անվան մրցանակներ, «Ոսկե Օրփեոս» է շնորհում։ 2002 թ. 24 անվանական դափնեկիրների մեջ է հայ երգիչ Սուրեն Շահիջանյանը (բաս), որը «Ոսկե Օրփեոս» ստացավ Դիտրիխ Ֆիշեր-Դիսկաուի մրցանակի անվանակարգությամբ։ Գերմանացի համաշխարհային համբավ ունեցող այդ բարիտոնի ծավալուն երգացանկը ընդգրկում է վոկալ երաժշտության բոլոր ժանրերը։

Սուրեն Շահիջանյանը բարձր պարգեւն ստացավ «Պ. Ի. Չայկովսկու ռոմանսները» լազերային սկավառակի համար, որտեղ դաշնամուրի պարտիան կատարում է ֆրանսիացի հայտնի դաշնակահարուհի Կլոդ Լավուան («Հարմոնիա մունդի», Ֆրանսիա)։ Շահիջանյանի հետ «Ոսկե Օրփեոսի» անվանական մրցանակակիրներ դարձան աշխարհահռչակ այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են դիրիժորներ Բեռնարդ Հայտնիկը (Բ. Վալտերի մրցանակ), Կլաուդիո Աբբադոն (Ա. Տոսկանինիի մրցանակ), Պիեռ Բուլեզը (Sacem հիմնադրամի մրցանակ), ներկայումս հանրաճանաչ սոպրանոներ Չեչիլիա Բարտոլին, Աննե-Սոֆի ֆոն Օտտերը եւ ուրիշներ։

Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանող Սուրենը (պրոֆ. Մարիաննա Հարությունյանի վոկալի դասարան) 1993 թվականիցՙ 3-րդ կուրսից տեղափոխվում է Փարիզ եւ ընդունվում բարձրագույն ազգային կոնսերվատորիա (Ժաննա Բարբիեի դասարան), միաժամանակ պարապելով Փարիզի Քնարական օպերային առընթեր կրթական կենտրոնում։ 1996 թ. նա դառնում է ֆրանսիական երգի վարպետների մրցույթի դափնեկիր, հաջորդ տարի Բրյուսելում, Էլիզաբեթ թագուհու անվան մրցույթում, հասնում է եզրափակիչ փուլը եւ ավելի ու ավելի հաճախ մասնակից դառնում Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի, Ռուսաստանի եւ այլ երկրների օպերային ու համերգային կյանքին։

Նպատակ չունենալով ներկայացնել 32-ամյա արվեստագետի կենսագրությունը, նրա հագեցած երգացանկը, որտեղ, դասականներից բացի, առկա են Դմիտրի Շոստակովիչի եւ Հանս Վեռներ Հենցեի անունները, նշենք միայն մեկ բան։ Վերջին 3 տարիներին քանիցս հայրենիք գալովՙ Սուրենը մասնակցել է «Աիդա» եւ «Սեւիլյան սափրիչ» օպերաների, Մոցարտի եւ Վերդիի ռեքվիեմների (Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ, դիրիժոր Է. Թոփչյան) երեւանյան համերգային կատարումներին, մշտապես վկայելով իր կայուն վոկալ պրոֆեսիոնալիզմը եւ մեկնաբանումների գեղարվեստական արտահայտչականությունը։ Ստեղծագործական վստահ աճը եւ կատարելագործման ձգտումը Շահիջանյանին հասցրին նշանակալի նվաճումների, որոնցով մեկը դարձավ 2000 թ. Չայկովսկու ռոմանսների ձայնագրումը Փարիզի «Zig-Zag Territoires» ստուդիայում։

Նախ եւ առաջ գրավիչ է մենագրական սկավառակի ստեղծման փաստըՙ Չայկովսկու վոկալ քնարերգությունը բասային կատարմամբ (հիշեցնենք, որ կոմպոզիտորը գրել է առավելապես միջին ձայնի համար, սակայն գոյություն ունեն փոխադրություններ տարբեր վոկալ կատեգորիաների համար)։ Չայկովսկու քսան ռոմանսները կազմել են ռուսական երաժշտության ու պոեզիայի միասնական «ծաղկեփունջ» (ռուսական բանաստեղծություններից բացի, այստեղ կան Ի. Վ. Գյոթեի եւ Ա. Միցկեւիչի գործեր ռուս բանաստեղծների թարգմանությամբ), որը պահպանում է ռոմանսներից յուրաքանչյուրի «բուրմունքը»։

Տարբեր տարիների ստեղծագործությունները սկավառակի վրա ավարտվում են Դ. Ռատգաուզի խոսքերով կոմպոզիտորի մահվան տարում գրված ողբերգական-հոգեբանական ռոմանսներով, ինչը որոշ իմաստով արտացոլում է երաժշտության հեղինակի կենսագրությունը։ Մի շարք ռոմանսներ աղերսվում են Չայկովսկու օպերային քնարերգությանը, ինչը գիտակցաբար ընդգծում է Շահիջանյան-Լավուա զույգը։ Օրինակ կարող են ծառայել «Մի՛ հավատա, բարեկամս» եւ «Դա վաղ գարնանն էր» քնարական պոեմները, որոնք մոտեցված են «Եվգենի Օնեգին» օպերայի ոճաբանությանը, կամ «Իմ չարաճճի» երգը, որը զուգորդվում է «Պիկովայա դամա» օպերայից Տոմսկու քառյակների հետ։ Այստեղ «ծաղրանկարվում» է ոչ միայն ընդհանուր բովանդակությունը, այլեւ առանձին բառեր, օրինակ, վերջինՙ «համբուրել» բառի ինտոնացիոն խաղը։ Ստեղծագործությունների ընտրության մեջ ուշադրություն է գրավում նաեւ սակավ հայտնի ռոմանսների («Սպասիր», «Դե ի՞նչ») ներգրավումը, որի շնորհիվ մեծանում է քննարկվող սկավառակի ճանաչողական բարձր արժեքը։

Սուրեն Շահիջանյանը նրբորեն է զգում կամերային երաժշտության բնույթը դրա ասերգային եւ արտաբերական արտահայտչականության օրինաչափություններով։ Յուրաքանչյուր երգված խոսքի հստակությունը կատարողը կապում է նաեւ ռոմանսի ժանրային առանձնահատկությունների հետ, այստեղ ցուցադրելով զարմանալի բազմազանություն։ Նա Չայկովսկու քնարական ռոմանսները մեկնաբանում է որպես խոհ-մենախոսություն («Մի հավատա, բարեկամս»), քնարական-դրամատիկ պոեմ («Ոչ արձագանք, ոչ բառ»), էլեգիա («Քնիր, տխուր բարեկամ») կամ օպերային պատկեր («Արցունքը դողում է»)։ Արտասովոր տպավորիչ է դաշնամուրի պարտիան. Կլոդ Լավուայի արվեստը հիացմունքի է արժանի ոչ միայն պրելյուդներում եւ պոստլյուդներում, այլեւ ռոմանսների ամբողջ ընթացքում։

Սուրեն Շահիջանյանի բազմաթիվ հաջող, տպավորիչ ընթերցումներից առանձնանում են «Դոն Ժուանի սերենադը» եւ «Օրհնում եմ ձեզ, անտառներ» (երկուսն էլ Ա. Տոլստոյի խոսքերով)։ «Սերենադը» Շահիջանյանի մոտ ստանում է օպերային արիայի ընդգրկում, որը դրամատիզմով նմանվում է Մուսորգսկու երաժշտությանը, մասնավորապես «Երգ լվի մասին» ստեղծագործությանը, ըստ որումՙ ոչ առանց շալյապինյան ազդեցության։ Վոկալի անկաշկանդ, երբեմն իմպրովիզացիոն ոճը նրբերանգում է Լավուայի նվագի խիստ կտրուկությունը։ Տեմբրային հարուստ ներկապնակ ունեցող «Օրհնում եմ ձեզ, անտառներ» ռոմանսը տպավորություն է գործում դինամիկայի եւ հնչողության երանգավորման շնորհիվ հեռանկարի եւ օդային տարածության հաղորդմամբ։

Սուրեն Շահիջանյանի եւ Կլոդ Լավուայի կատարմամբ Պ. Ի. Չայկովսկու ռոմանսները նվեր են կամերային վոկալ քնարերգության սիրահարներին։ Ռոմանտիկ զգացմունքների եւ հոգեբանական ապրումների աշխարհը բացահայտված է այնպիսի անկեղծությամբ եւ նրբությամբ, որ դրան մասնակից է դարձնում յուրաքանչյուր ունկնդրի։

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4