Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Ռուսաստանյան Դաշնության Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին։
Ողջունելով հյուրին, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանում միշտ սիրով եւ ուրախությամբ են հյուրընկալում նրան։
Նիկոլայ Ռիժկովը Ռոբերտ Քոչարյանին հաղորդել է Ռուսաստանյան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները։
Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքին, Նիկոլայ Ռիժկովը տեղեկացրել է, որ հաջորդ նիստը կկայանա այս տարվա աշնանը։ Նրա խոսքով, քննարկումների առանցքում կլինեն տնտեսական բնույթի խնդիրներ, որոնք հիմնականում կվերաբերեն Հայաստանի եւ ՌԴ առանձին սուբյեկտների փոխգործակցության հնարավորություններին, իսկ մինչ նիստը հանձնաժողովը կփորձի որոշակիացնել երկուստեք հետաքրքրությունների շրջանակը։
Զրուցակիցներն առանձնահատուկ կարեւորություն են տվել Հայաստանին հինգ տարի ժամկետով ռուսական ալմաստներ տրամադրելու համաձայնագրին, որն, ըստ Նիկոլայ Ռիժկովի, հաջորդ շաբաթ կվավերացվի ՌԴ Դաշնային ժողովում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ