Հունիսի 30-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում կանցկացվեն թաղապետական ընտրություններ։ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունն առաջադրել է համայնքի ներկայիս ղեկավար, Հանրապետական կուսակցության Մալաթիա-Սեբաստիա համայնքային մասնաճյուղի նախագահ Աղվան Գրիգորյանի թեկնածությունը։ Երեկ Վահան Թեքեյան կրթօջախում տեղի ունեցավ համայնքի հանդիպումը թեկնածուի հետ։
Շնորհակալություն հայտնելով Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանինՙ իր թեկնածությունն առաջադրելու համար, Աղվան Գրիգորյանը խոսեց համայնքի գլխավոր խնդիրների մասին, առանձնացնելով եւ կարեւորելով բնակֆոնդի պահպանումը, որը պետության եւ ժողովրդի հարստությունն է։
Նա խոստացավ շարունակել համայնքի բարի ավանդույթները, որ թողել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Զատիկյանը եւ համայնքի հետ ամենօրյա տքնաջան աշխատանքով լուծել բոլոր հիմնախնդիրները։ Նա նշեց, որ իր ղեկավարման երեք տարիների ընթացքում վերանորոգվել են բազմաթիվ բնակելի շենքեր, կառուցվել են պուրակներ, հանգստի գոտիներ, բարձրացել է բնակարանների արժեքը, ընդհանուր առմամբ բարեկարգվել է համայնքը։ Նա առաջնային խնդիր համարեց շքամուտքերի եւ վերելակների վերանորոգումը։
ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանն իր ելույթում Աղվան Գրիգորյանին գնահատեց որպես համայնքի հետաքրքրություններով ու հոգսերով ապրող, զսպված ու հավասարակշռված անձնավորության եւ շեշտեց, որ այդ հատկանիշները հաշվի առնելով են ռամկավարներն առաջին անգամ թեկնածու առաջադրում այլ կուսակցությունից։
Նա կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ կատարել ճիշտ ընտրությունՙ արդյունավետ գործունեություն ծավալելու համար։ ՀՌԱԿ Մալաթիա-Սեբաստիա ակումբի ատենապետ Լեւոն Սողոմոնյանը մեծ գոհունակություն հայտնեց թեկնածուի աշխատանքային գործունեությունիցՙ ջերմորեն պաշտպանելով նրա թեկնածությունը։
Հանդիպման վերջում ելույթ ունեցավ Վահան Թեքեյան կրթօջախի տնօրեն Անահիտ Խալաթյանըՙ Աղվան Գրիգորյանին բնութագրելով որպես կրթության եւ դաստիարակության արժեքն իմացող մարդու, որը պատրաստ է ծառայելու հոգեւոր ոլորտի զարգացմանը։ Դրա վառ ապացույցն էր համայնքում Գրիգոր Նարեկացու հուշարձանի բացումը։
Ելույթ ունեցողները Աղվան Գրիգորյանին արժանի թեկնածու համարելովՙ առաջարկեցին առաջիկա ընտրություններում նրան ձայն տալ եւ հնարավորություն ընձեռել վերընտրվելու։
Հ. Մ.