«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2002-06-20 | #115, 2002-06-21 | #116, 2002-06-22


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ԼԻՏՎԱ, ԼԱՏՎԻԱ ԵՎ ԷՍՏՈՆԻԱ

Հունիսի 24-ին կմեկնարկի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Մերձբալթյան երկրներ։ Հունիսի 24-28-ը կկայանան Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցերը Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի Հանրապետություններ։

Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը, Լիտվայում, Լատվիայում եւ Էստոնիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, պաշտոնատար այլ անձինք։

Լիտվա (հունիսի 24-25)

Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Լիտվա կսկսվի հունիսի 24-ին Վիլնյուսում։ Լիտվայի նախագահի նստավայրում դիմավորման պաշտոնական արարողությանը կհաջորդի Ռոբերտ Քոչարյանի առանձնազրույցն իր պաշտոնակցիՙ Վալդաս Ադամկուսի հետ։ Երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ կանցկացվեն ընդլայնված կազմով հայ-լիտվական բանակցություններ, կստորագրվեն երկկողմ փաստաթղթեր, մասնավորապես, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ կստորագրվի համաձայնագիր ռազմական համագործակցության մասին։ Նախատեսվում է նաեւ Հայաստանի եւ Լիտվայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը։

Նախագահական նստավայրից Հայաստանի պատվիրակությունը կմեկնի «Անտակալնիս» գերեզմանոց, ուր նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակ կդնի անկախության համար զոհվածների հուշարձանին։

Հունիսի 25-ի առավոտյան նախագահը կայցելի Լիտվայի Հանրապետության խորհրդարանՙ Սեյմաս։ Այստեղ նա հանդիպում կունենա Սեյմասի խոսնակ Արթուրաս Պաուլաուսկասի հետ, կդիտի Սեյմասի շենքի նախասրահում բացված լիտվահայ նկարիչների եւ հայ գրականության լիտվերեն թարգմանությունների ցուցահանդեսը, կունկնդրի Վիլնյուսի հայ կիրակնօրյա դպրոցի երգչախմբի ելույթը։

Մայրաքաղաք Վիլնյուսում նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի նաեւ լիտվահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Կեսօրին Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Պալանգա քաղաք, ուր Ռոբերտ Քոչարյանը կայցելի Կլայպեդայի պետական նավահանգիստ, շրջայց կկատարի Բալթիկ ծովի ակվատորիայով, կծանոթանա նավահանգստի եւ նավթային տերմինալի աշխատանքին։

Հունիսի 26-ի առավոտյան նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լատվիա։

Լատվիա (հունիսի 26-27)

Հունիսի 26-27-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով կլինի Լատվիայի Հանրապետությունում։

Ռիգայի ամրոցում, ուր տեղակայված է Լատվիայի նախագահի նստավայրը, տեղի կունենա Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը եւ կկայանա Ռոբերտ Քոչարյանի ու Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի առանձնազրույցը։ Երկու երկրների նախագահների մասնակցությամբ կանցկացվեն նաեւ հայ-լատվիական բանակցություններՙ ընդլայնված կազմով, կստորագրվեն երկկողմ համաձայնագրեր։ Հայաստանի եւ Լատվիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսում։

Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանըՙ Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի ուղեկցությամբ կայցելի Ազատության հուշարձան։

Օրվա երկրորդ կեսին Լատվիայի Սաեյմայում Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Խորհրդարանի խոսնակ Յանիս Ստրաումեի հետ։ Հանդիպմանը մասնակցելու են նաեւ Լատվիա-Հայաստան պատգամավորական խմբի անդամները։

Այցի ծրագրով նախատեսված են նաեւ այցելություն Օկուպացիայի թանգարան, հին Ռիգայի տեսարժան վայրերի դիտում։ Նախագահին կցուցադրվի նաեւ Ռիգայում տեղակայված հայկական խաչքարը։

Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի նաեւ լատվիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հունիսի 27-ի առավոտյան նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Տալլին։

Էստոնիա (հունիսի 27-28)

Հունիսի 27-ին Էստոնիայի նախագահի նստավայրում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Առնոլդ Ռյույտելի առանձնազրույցը, որին կհետեւեն ընդլայնված կազմով հայ-էստոնական բանակցություններն ու երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Երկու երկրների կառավարությունների միջեւ կստորագրվի առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր։ Նախատեսվում է նաեւ Հայաստանի եւ Էստոնիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը։

Այցի ընթացքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա վարչապետ Սիիմ Կալլասի եւ Խորհրդարանի նախագահ Թոոմաս Սավիի, Տալլինի քաղաքապետ Էդգար Սավիսաարի հետ։ Էստոնիայի կառավարությունում Հայաստանի նախագահին կներկայացվի կառավարության նիստերի անցկացման ձեւը, որն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով։

Էստոնիայում Ռոբերտ Քոչարյանը կայցելի Տալլինի հայկական եկեղեցի, ծաղիկներ կդնի եկեղեցու տարածքում գտնվող հայկական խաչքարին։ Հայաստանի նախագահը կհանդիպի նաեւ էստոնահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Այցի երկրորդ օրը նախատեսված է Ռոբերտ Քոչարյանի այցելությունը Մուգայի նավահանգիստ։

Հունիսի 28-ի երեկոյան Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4