ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հունիսի 20-21-ը Երեւանում գումարվեց Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 4-րդ նիստը։ Ավարտին ստորագրվեց համատեղ արձանագրություն։
Հունիսի 21-ի ասուլիսում հանձնաժողովի համանախագահներՙ ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը եւ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Վախթանգ Կոլբայան բարձր գնահատեցին կատարած աշխատանքների արդյունավետությունը։
Տիգրան Թորոսյանը օրակարգային 9 հարցերից առանձնացրեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների համագործակցության արդյունավետության բարձրացման, երկու խորհրդարանների միջեւ օրենքների հրատապ փոխանակման, հարկային եւ մաքսային քաղաքականության ոլորտներում օրենսդրությունների ներդաշնակեցման խնդիրները։ Նա տեղեկացրեց, որ նիստում քննարկվել է նաեւ Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի հայաշատ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մշակմանը հայկական կողմի մասնակցության հնարավորության հարցը։ Ըստ նրա, վրացական կողմը ողջունել է Հայաստանի խորհրդարանի եւ կառավարության նման նախաձեռնությունը։
Ըստ Վախթանգ Կոլբայայի, օրակարգային բոլոր հարցերը երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում, եւ դրանց լուծումը պահանջում է համակարգված մոտեցում։ Ի պատասխան լրագրողի հարցի, Վրաստանի խորհրդարանի փոխնախագահը Ադրբեջանի եւ Հայաստանի համար գործող երկաթուղային փոխադրումների սակագների կրկնակի տարբերությունը բացատրեց տնտեսական, այլ ոչ քաղաքական խնդիրներով։ Նա հավաստիացրեց, որ Հայաստանի համար սահմանված սակագների հարցը երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում է։ Ինչ վերաբերում է Աբխազիայի տարածքով երկաթուղային երթեւեկության վերականգնմանը, ապա դա, ըստ նրա, մեծապես կապված է աբխազական հակամարտության կարգավորման հետ։
Միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը կգումարվի տարեվերջին Վրաստանի մայրաքաղաքում։ Մինչ այդ, սեպտեմբերին նախատեսվում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության մասին երկու երկրների նախագահների ստորագրած պայմանագրի միաժամանակյա վավերացումը խորհրդարաններում։