«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2002-06-20 | #115, 2002-06-21 | #116, 2002-06-22


ՄԻ ՆՈՐ ՄԵԽ ԺԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԱԳԱՂԻՆ

Կանադան, որպես Մ. Նահանգների կրտսեր գործընկեր, հաճախ է հետեւում իր առաջնորդին միջազգային կարեւոր հարցերի քննարկումներին համապատասխան լուծումներ տալու գործում։ Տասնամյակներ շարունակ կանադահայերը, ինչպես իրենց ամերիկահայ հայրենակիցները, կոչ էին անում իրենց կառավարությանըՙ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Կանադացի քաղաքագետները, ինչպես իրենց ամերիկացի գործընկերները, բազմիցս խոստումներ են տվել ճանաչելու... բայց անամոթաբար դրժել են իրենց խոստումները։ Նրանք անգլիական բառարանի համարյա ամեն մի բառ, բացի ցեղասպանությունից, օգտագործել են նկարագրելու «1915 թ. ողբերգական իրադարձությունները»։

Կանադական ժխտումների ամուր պատը սկսեց ճաքճքել 1980-ին, երբ Քվեբեկի Ազգային ժողովն ու Օնտարիոյի օրենսդիր մարմինը ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։ Խորհրդարանը, սակայն, շարունակում էր մնալ անհողդողդ։

Կանադահայ համայնքը կարողացավ, ի վերջո, մեծ հաղթանակ տանել, երբ հունիսի 13-ին Սենատը, հակառակ Օտտավայում թուրքական դեսպանատան ճնշումներին եւ սպառնալիքներին, ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ, որով դատապարտում եւ կառավարությունից պահանջում է ճանաչել այն որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» եւ «Ապրիլի 24-ը բոլոր տարիների համար Կանադայի ողջ տարածքում հռչակել 1,5 մլն հայ զոհերի հիշատակի օր»։

Նշանակալի է հատկապես այն, որ բանաձեւը դատապարտում է նաեւ Թուրքիայի Հանրապետության ներկա կառավարությանըՙ «պատմական իրադարձություններն աղավաղելու եւ Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու» համար։ Թուրքական կառավարությունն իրեն ոչ բնորոշ լռություն է պահպանումՙ հավանաբար թուրք հասարակությունից թաքցնելու համար իր անփառունակ պարտությունը կանադական Սենատում։ Օտտավայում թուրք դեսպանը մերժել է պատասխանել կանադացի լրագրողների հարցերինՙ նախընտրելով իր բողոքները ներկայացնել «փակ դռների» հետեւում։ Մի քանի օրից, սակայն, երբ թուրքական լրատվամիջոցները հայտնաբերեն կատարվածը, նրանք անպայման առաջ կքաշեն Կանադայում իրենց դեսպանի անկարողության հարցը եւ կպահանջեն նրա փոխարինումը։ Ապա կսկսեն սովորական դարձած սպառնալիքների շարքը։ Թերթերը կտպագրեն կեղտոտ խմբագրականներ, գործարարները կբոյկոտեն կանադական ապրանքների ներկրումը, կառավարությունը մի քանի թուրք ցուցարարների կուղարկի, որ Անկարայի կանադական դեսպանատան պատուհաններին մի քանի լոլիկ շպրտեն եւ այլն։

Բայց մի քանի շաբաթ (եթե ոչ օր) անց, ինչպես Ֆրանսիայի դեպքում, կրքերը կհանդարտվեն, եւ թուրքերը կզգան, որ չեն կարող ակնկալել, որ աշխարհը շարունակի աչք փակել իրենց ստերի ու խեղաթյուրումների վրա։

Մինչ այդ, սակայն, ճանաչման պայքարը դեռ ավարտված չէ Կանադայում։ Բանաձեւը շուտով ներկայացվելու է խորհրդարանի ներկայացուցիչների պալատ, որտեղ ընդունվելու դեպքում վավերացման է տրվելու կառավարությանը։

Իսկ երբ դա տեղի ունենա, Մ. Նահանգները հայտնվելու է Թուրքիային աջակցող փոքրաթիվ երկրների շարքում, որպես նրանց առաջնորդ։ Բայց մինչեւ ե՞րբ։

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4