«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2002-06-20 | #115, 2002-06-21 | #116, 2002-06-22


ՎԼԱԴԻՄԻՐ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ԶՈՀ

Երեկ առավոտյան արագորեն տարածվեց բոթըՙ իր բնակարանի 2-րդ հարկ տանող ներքին աստիճանների վերին բազրիքից կախվելով ինքնասպան է եղել խոշոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր Վլադիմիր Ռուբենի Նազարյանը։ ՀՀ գլխավոր դատախազության լրատվության ծառայությունը, հաստատելով ցավալի լուրը, տեղեկացրեց, որ Նազարյանի մարմինն առավոտյան հայտնաբերել է նրա դուստրը, որն ապրում է նույն բնակարանի առաջին հարկում։ Ըստ միեւնույն աղբյուրի, հանգուցյալը թողել է մի գրություն, որում ասվում է. «Ես հայտնաբերեցի, որ կորցրել եմ մտածելու (գիտության մասին է խոսքը) խորաթափանցությունը։ Իմ մահվան համար որեւէ մեկը մեղավոր չէ, որեւէ քաղաքական պատճառ չկա։ Ես մահանալուց առաջ վերջին խնդրանքս եմ ուղղում այն ընկերներին, որոնց իրականում օգնել եմ, հատուցեք դաՙ զորավիգ լինելով աղջկաս»։

Վլ. Նազարյանը ծնվել է 1932 թ. Երեւանում։ 1988¬90 թթ. եղել է Խ. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, 1995¬2001 թթ.-ինՙ Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ, իսկ թոշակի անցնելուց հետո հանդիսանում էր ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդատու։ 1995 թ.-ին նա գլխավորել է ՀՀ այժմ գործող Սահմանադրությունը մշակող իրավաբանների խումբը, իսկ մինչ այդ պատրաստել է սահմանադրության ՀՅԴ, ՀՌԱԿ եւ ընդդիմության միացյալ նախագծերը։ Հետագայում հեղինակել է Քաղաքացիական եւ Քաղաքացիական դատավարության օրենքների նախագծերի, ինչպես նաեւ պետական իրավունքի եւ իրավունքի տեսության հարցերին վերաբերող աշխատություններ։ Վլ. Նազարյանը, որպես իրավաբան հարգված էր նաեւ մի շարք այլ երկրներում, հաճախ էր հրավիրվում դասախոսելու միջազգային իրավաբանական տարբեր ֆորումներում։ Հանգուցյալը երկար տարիներ դասախոսել է Երեւանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետում, պատրաստել իրավաբանների մի քանի սերունդ։

Վերջին տարիներին Վլ. Նազարյանը բազմաթիվ հոդվածներ է հրատարակել մեր մամուլում, այդ թվում նաեւ մեր թերթում։ Խորաթափանց, խիստ զարգացած, սրամիտ եւ սրախոսՙ նա փնտրված անուն էր մեր լրագրողների եւ ընթերցողների համար։ Մտերիմների համաձայն, վերջին շրջանում ստեպ-ստեպ հայտնվում էր դեպրեսիոն վիճակներում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4