Երեկ 13 ընդդիմադիր կուսակցություններն իրենց ասուլիսի ընթացքում հայտարարեցին, որ պաշտոնապես դիմելու են ՀՀ գլխավոր դատախազությանըՙ քրեական գործ հարուցելու ոչ միայն ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի, այլեւ նրա տեղակալ Գագիկ Ասլանյանի նկատմամբ, երկու դեպքում էլ նույն մեղադրանքովՙ պաշտոնական դիրքի չարաշահում։ Որպես փաստարկ նշվում էին Ասլանյանիՙ պաշտոնանկության մասին որոշման նախագիծը սահմանված կարգով ԱԺ աշխատակազմին եւ հանձնաժողովներին երկօրյա ժամկետում չհանձնելու եւ շրջանառության մեջ չդնելու համար, իսկ Արմեն Խաչատրյանին նրանք մեղադրում են արտահերթ, առանց քվեարկության հայտնի նախագիծը քննարկման չներկայացնելու եւ հանրային ռադիոյով նիստը չհեռարձակելու համար։
Որքան սպասելի էր նման նախաձեռնությունը, այնուամենայնիվ, ընդդիմադիրները քիչ իրատեսական են համարում դատախազության հնարավոր ընդառաջումն իրենց այդ քայլին։ Պատճառը միայն այն չէ, որ բերվող փաստարկները շատ կողմերով խոցելի են, այլեւ հատկապես դատական իշխանությունների հանդեպ ունեցած ընդդիմության անվստահությունը։ Որպես դրա ապացույցՙ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը նշեց, թե գրեթե միշտ դատական գործ սկսելիս համապատասխան դատավորը խնդրում է իրենցՙ բացարկ հայտնել իրեն, քանի որ չի կարող չենթարկվել իշխանությունների ճնշմանը։ Որքանով է դա իրավացի, դժվար է ասել։ Սակայն որ ընդդիմությունը լուրջ գործընթացների է նախապատրաստվում, ոչ մի կասկած չկա։ 13 կուսակցությունները հայտարարում են, որ իրենց զինանոցում հավելյալ պաշարներ ունենՙ ամռանը եւ հատկապես աշնան առաջին ամիսներին գործի դնելուՙ կախված, թե իշխանությունները սեպտեմբերին ԱԺ-ում քննարկման կդնե՞ն պաշտոնանկության նախագիծը։ Մինչ այդ ծրագրում են հասարակական քննարկման ներկայացնել պաշտոնանկության իրավական հիմքերը եւ Ռ. Քոչարյանին հեռացնելու քաղաքական անհրաժեշտության խնդիրը։ Այսուհանդերձ, Ալբերտ Բազեյանը հայտարարեց, որ չնայած հեղաշրջման չեն դիմելու, մնալու են օրենքների շրջանակներում, այնուամենայնիվ, սեպտեմբերին Ռ. Քոչարյանը պաշտոնանկ կարվի։ «Ազգի» այն հարցին, թե մեկ տարվա անարդյունք նման հայտարարությունները նկատի առնելով որքանով է իրատեսական նման կտրուկ հայտարարությունը, վերջինս, նահանջելով դիրքերից, ասաց, թե իրեն ճիշտ չենք հասկացել, նկատի է առնվել, որ պաշտոնանկության նախաձեռնությունը շարունակվելու է։ Այստեղ, սակայն, նորություն չկար։ Նորությունն այն էր, որ ընդդիմությունը, հակադարձելով իշխանությանՙ ընդդիմության ներսում ականներ դնելու քաղաքականությանը, ինքն է ականներ դրել իշխանության տարբեր մակարդակներում։ Ավելի ճիշտՙ ոչ թե ինքն է դրանք շարել, այլ ականներն ի հայտ են եկել սեփական ցանկությամբ, որոնք էլ, որքան էլ տարօրինակ թվա, ըստ ընդդիմադիրների, հենց սեպտեմբերին պայթեցնելու են Ռ. Քոչարյանի վարչակազմը։ Եթե ենթադրենք, որ որպես ընդդիմության մեջ տեղադրված ական նկատի է առնվում Արտաշես Գեղամյանը, ապա, ըստ ամենայնի, ընդդիմությունը եւս հակադարձում է մարդկային ռեսուրսների որոշակի բազայով։ Ընդ որում, այս հայտարարությունը որքան իրատեսական կարող է լինել, նույնքան եւ շինծու, որի նպատակն իշխանական մակարդակներում անվստահության մթնոլորտ եւ լարվածություն առաջացնելն է։ Բոլոր դեպքերում մշակված քաղաքական քայլ է կատարվում, եթե հաշվի առնենք, որ զուգահեռ ե՛ւ դատական, ե՛ւ օրենսդիր մարմինների վրա ճնշումներ են կատարվում, որի արդյունքներն արդեն իսկ ակնհայտ են գոնե օրենսդիր եւ գործադիր իշխանություններում։
Հինգշաբթի օրը, կառավարության առանձին որոշմամբ, հաստատվել է ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին ինչ-որ նախագիծ, եւ 9 փոփոխություններով սահմանվում է «կարգազանց» պատգամավորներին զրկել որոշակի իրավունքներից։ Մասնավորապեսՙ անուն-ազգանվան հրապարակումից մինչեւ 15 օր ԱԺ-ում ներկա գտնվելուց զրկում։ Նախատեսվում է փոխել նաեւ կանոնակարգի չարաբաստիկ 22-րդ հոդվածի 4-րդ կետըՙ շարադրել այնպիսի բովանդակությամբ, որ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության հիման վրա ներկայացված որոշման նախագիծը քննարկելու գլխադասային է նշանակվում տվյալ ժամանակավոր հանձնաժողովը։
Այս օրինագծի ի հայտ գալը խորհրդարանի նստաշրջանի վերջին եռօրյայում կատարվածից անմիջապես հետո ոչ այնքան վկայում է խորհրդարանում կարգապահություն հաստատելու անհրաժեշտությունը, որքան այն, որ գործադիրն ընկել է, մեղմ ասած, դժվար իրավիճակի մեջ։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ