«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2002-06-20 | #115, 2002-06-21 | #116, 2002-06-22


«ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՐԵՎԱՆՈՒՄ

«Մեզ համար անչափ կարեւոր է Հայաստանի ապագան։ Այստեղ շատ տաղանդներ կան, որոնք փթթել ու ծաղկել են ուզում», ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անդի Կյունին նորաբաց Ֆրանս-հայկական մասնագիտական կենտրոնի սաների նորաձեւության ցուցադրումից առաջ դեսպանատան բացօթյա սրահում։ Վերհիշելով ֆրանսիական երգի խոսքերը, նա ասաց, որ նորաձեւությունը խենթության հատիկ է պարունակում, եւ այդ հատիկը երիտասարդությունն է։ Նորաբաց վարժարանը գործում է երեք մասնաճյուղերովՙ մոդելավորում, վարսահարդարում եւ գրասենյակային աշխատանք։ Դեսպանի կարծիքով, Հայաստանում ծառայությունների ոլորտի զարգացման համար մեծ դեր կունենա այս վարժարանի գործունեությունը։ Հայ-ֆրանսիական վարժարանի տնօրեն Լուկա Մանզանարեսն իր ելույթում նշեց, որ այսօր Ֆրանսիայում երիտասարդության տոն է, որը նաեւ երաժշտության տոն է, եւ պատահական չէ, որ կենտրոնի բացումը կատարվեց հենց այսօր։ Ուսանողները մոդելների հեղինակներն են, իրենք են ձեւել եւ կարել մոդելները, իրենք էլ ներկայացրեցին երեկվա ցուցադրության ժամանակ։ Այն ներկաներին ապացուցեց, որ Հայաստանի երիտասարդներն ունեն պոտենցիալ մեծ ուժ նորաձեւության ասպարեզում, որը զարգացնելու եւ կատարելագործելու դեպքում մեծապես կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը։ Ցուցադրությանը մասնակցած 45 գեղանի աղջնակները ներկաներին հմայեցին իրենց ստեղծագործական երեւակայությամբ եւ հույս ներշնչեցին իրենց ապագայի հանդեպ։ Ցուցադրությանը ներկա էին հանրապետության առաջին տիկին Բելլա Քոչարյանը, Երեւանի եւ Լիոնի քաղաքապետները, այլ պաշտոնական անձինք եւ հյուրեր, որոնք անկեղծորեն ուրախ էին կենտրոնի բացման առիթով։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4