Փոքր եւ միջին ձեռնարկատիրության կայացման ճանապարհին
Բազմիցս է գրվել, որ զարգացած երկրների տնտեսության հիմքը փոքր եւ միջին ձեռնարկություններն են, որ նրանք են տալիս համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առյուծի բաժինը։ Սա գուցե ուշացումով, բայց սկսել են գիտակցել նաեւ Հայաստանում։ Իշխանությունները պատեհ-անպատեհ հայտարարում են փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցելու անհրաժեշտության եւ այդ ուղղությամբ կատարվող քայլերի մասին։ Սակայն այլ բան են բանավոր արտահայտություններն ու խոստումները, այլՙ իրական կացությունը։ Թե ի՞նչ ճանապարհներով, ո՞ր գերատեսչություններով պետք է անցնի նոր-նոր գործունեություն սկսող ձեռներեցը, ի՞նչ սուբյեկտիվ խոչընդոտների է բախվում նա իր գործունեությունը սկսելուց հետո, փորձեցինք տեղեկանալ նման ճանապարհ անցած մի քանի գործարարներից։
Գրանցում
Առաջինը, որ ընդգծեցին մեր զրուցակիցները, այն էր, որ գրանցման կարգը վերջերս զգալիորեն հեշտացվել է, եւ այս գործընթացում գտնվողը պետական պաշտոնյային կաշառք է տալիս միայն օրենսդրությունը չիմանալու պատճառով։ Մինչդեռ պետական ռեգիստրում գրանցման համար սահմանված է ընդամենը 5 օր։ Եթե պատրաստ են ընկերության կանոնադրությունը (որի օրինակելի տարբերակը հրապարակված է) եւ անվանումը, որը չպետք է մեկ այլ ընկերության կրկնօրինակումը լինի, ապա գրանցման համար անհրաժեշտ է վճարել պետտուրք (մի քանի հազար դրամ) ու գրանցվել։
Լիցենզավորում պահանջող գործունեության համար ձեռներեցը պետք է դիմի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն։ Սա, իհարկե, պարզ լիցենզավորումն է, որը համապատասխան հանձնաժողովը պետք է կատարի 5 օրում։ Իրականում այդ գործընթացը տեւում է մինչեւ 1 ամիս։ Բարդ լիցենզավորման համար պետք է դիմել ոչ թե ֆինանսների եւ էկոնոմիկայի, այլ համապատասխան նախարարությանը (առողջապահության, գյուղատնտեսության եւ այլն)։
Կնիք տալու համար ստեղծվել է նորաստեղծ «Կնիք» ՍՊԸ-ն, որը տարբերակված ժամկետներում, փաստաթղթերը ստանալուց հետո տրամադրում է այն։ Այս տարբերակված ժամկետներին հարկ ենք համարում առանձնահատուկ ուշադրություն արժանացնել, քանի որ հանդիպում է բազմաթիվ այլՙ բնակչության հետ գործնական շփումներ ունեցող պետական հիմնարկներում։ Ենթադրենք սահմանվում է այս կամ այն փաստաթուղթը, որոշումը, թույլտվությունը ստանալու մի քանի ժամկետՙ 1 օր, 5 օր, 10 օր, 25 օր։ Եթե ցանկանում ես մեկ օրում ստանալ անհրաժեշտ որոշումը, պետք է վճարես 30 հազ. դրամ։ Ժամկետի երկարելու դեպքում այդ վճարումը նվազում է։ Հարց է առաջանումՙ եթե 1 օրում հնարավոր է տրամադրել անհրաժեշտ փաստաթուղթը, ո՞րն է 25 օր հետո տրամադրելու իմաստը։ Մի՞թե տրամաբանական չէր լինի միասնական ժամկետ եւ վճարման գին սահմանելը։
Գրանցման գործընթացը բարեհաջող ավարտելուց հետո սկսվում է երկրորդ փուլըՙ հարկային տարածքային կազմակերպությունում, սոցիալական հիմնադրամում հաշվառվելը։ Դա պետք է կատարվի պետռեգիստրում գրանցվելուց հետոՙ 1 ամսվա ընթացքում։ Ուշացման դեպքում պետական տույժ հարկադրված կլինես վճարել։ Այս փուլն ավարտելուց հետո արդեն կարող ես սկսել գործունեությունդՙ լինի առեւտուր, արտադրություն թե սպասարկման օբյեկտ։
Յուրաքանչյուրը պահանջում է իր բաժինը
Ամեն ինչ սկսվում է գործը սկսելուց հետո։ Մեկը մյուսի հետեւից նորաբաց խանութի, արտադրամասի կամ այլ օբյեկտի տիրոջը «հյուրընկալվում» են պետական եկամուտների նախարարության, սանհամաճարակային կայանի, հրշեջ ծառայության, տեղական իշխանությունների, ոստիկանության աշխատակիցները, եւ յուրաքանչյուրը ակնարկներով կամ ակնհայտորեն պահանջում է իր «արդար» բաժինը։ Փոքր բիզնեսով զբաղվողներն անգամ կաշառքների միջին գներն են նշում։ Օրինակ, սանհամաճարակային կայանինՙ 300 դոլար, հրշեջ ծառայությանըՙ 200 դոլար եւ այլն։ Այլապես նրանք իրավունք ունեն ուղղակի փակել տվյալ օբյեկտը։ Պատճառաբանություն միշտ էլ կգտնվի։ Օրինակ, քլորամինի առկայությունը, ինչը պահանջվում է, բայց գոյություն չունի առեւտրի կամ սպասարկման որեւէ օբյեկտում։ Հրշեջ ծառայության համարՙ դռան կամ լուսամուտի ոչ ճիշտ տեղադրումը եւ այլն։
Նույն մարդկանց հավաստմամբ, դեռեւս ամսվա կեսերին հայտնվում են տարածքային հարկային տեսչության աշխատակիցները եւ պահանջում կանխավճար վճարել։ Մեզ փաստեր են տրամադրվել, որտեղ մարզային տարածքային հարկային տեսչությանՙ քաղաքներից մեկի բաժնի պետը տնտեսվարող սուբյեկտի վրա «պետբյուջե վճարման պլանային առաջադրանք» է իջեցնումՙ պահանջելով տվյալ ամսվա սահմանված գումարը վճարել մինչ նույն ամսվա 20-ը։ Մի կողմ թողնենք, որ մասնավոր տնտեսվարող սուբյեկտի վրա «պլանային առաջադրանք» որեւէ պետական մարմին չի կարող իջեցնել։ Նույն փաստաթղթում տվյալ պաշտոնյան իրեն է վերապահում նաեւ «հարկադիր գանձման միջոցներ» կիրառելը, որը կարող են կիրառել միայն դատարանի որոշման հիման վրա հարկադիր կատարողները։ Սա զարմանալի չէ, եթե նկատի ունենանք, որ մարզային հարկային տեսչության պետն է հանձնարարագիր տալիսՙ տնտեսվարող սուբյեկտի մոտ միաժամանակ ուսումնասիրություն եւ ապրանքանյութական արժեքների մնացորդների գույքագրում կատարել։ Անտեղյակ ընթերցողին սա գուցե ոչինչ չի ասի, մինչդեռ այստեղ օրենքի մի քանի խախտում կա։ Նախՙ միաժամանակ ուսումնասիրություն եւ գույքագրում (որը համարվում է ստուգում) օրենքով նախատեսված չեն։ Երկրորդՙ ուսումնասիրությունը կատարվում է ոչ թե տնտեսվարող սուբյեկտում, այլ վերջինիս ներկայացրած փաստաթղթերի հիման վրաՙ հարկային տարածքային տեսչությունում։ Երրորդՙ ստուգում կատարելու հանձնարարագիր տալու իրավունք ունի միայն պետական եկամուտների նախարարը, բայց ոչ երբեք մարզային տեսչության ղեկավարը։
Վերոնշյալից, սակայն, պետք չէ եզրակացնել, որ տնտեսվարող սուբյեկտներից չի կարելի հարկեր գանձել։ Ընդհակառակը, կարելի է եւ անհրաժեշտ, բայց բացառապես օրինական միջոցներով, որպեսզի չխաթարվի նրա բնականոն գործունեությունը։ Այլապես, ինչո՞վ է արդարացված պետեկամուտների նախարարության ավելի քան 2 հազ. աշխատակիցների գոյությունը։
Փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը խոչընդոտող հանգամանքներից է այսպես կոչված «տանիքների» առկայությունը։ Խոսքն այստեղ բարձր իշխանության հովանավորությունն ունեցող կլանների մասին չէ, այլ ավելի ցածր իշխանական օղակներում աշխատողների։ Ուժային եւ ոչ ուժային նախարարություններում, մարզպետարաններում, համայնքապետարաններում, պետական այլ հաստատություններում աշխատող միջին օղակի պաշտոնյաները սեփական բիզնեսին «տանիք» դառնալու մղումով են աշխատում պետական ապարատում։ Նրանց օբյեկտները դրանով զերծ են մնում վերեւում հիշատակված անհարկի միջամտություններից, տուգանքներ կամ կաշառք վճարելու խնդիրներից եւ այլ վտանգներից։ Փաստորեն ունենում ենք «անտեր» եւ «տերով» գործարարներ, եւ առաջինների հավաստմամբՙ բյուջեն հրատապ լցնելու անհրաժեշտության դեպքում դա կատարվում է միայն իրենց հաշվին։
Իհարկե, մեկ հոդվածով հնարավոր չէ անդրադառնալ բոլոր այն խոչընդոտներին, որոնք հարուցվում են գործունեություն սկսող ձեռներեցների համար։ Մեր զրուցակիցներն էլ համաձայնեցին դրանց մասին խոսել միայն անհայտ մնալու պայմանով։ Այս ամենը վկայում է, որ որքան էլ կարեւորվի փոքր եւ միջին ձեռնարկությունների դերը, որքան էլ պետության ղեկավարները հավաստիացնեն, որ ամեն ինչ կանեն նրանց օժանդակելու համար, գոնե այս պահին չկան պայմաններ առանց սուբյեկտիվ խոչընդոտներին բախվելու մտահոգության սեփական գործ սկսելու համար։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ