«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2002-06-20 | #115, 2002-06-21 | #116, 2002-06-22


ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ՏԱԼ ԳՅՈՒՄՐՈՒ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հիշո՞ւմ եք, խորհրդային տարիների մի հին զվարճապատում կար։ Հայաստանից դիմում են Մոսկվա, ԽՍՀՄ կենտրոնական կառավարությանը, թե խնդրում ենք մեր հանրապետությունում ծովային նախարարություն բացեք։ Մոսկվայում զարմանում են. ախր, դուք ծով չունեք, ձեր ինչի՞ն է պետք ծովային նախարարությունը։ Այստեղից պատասխանում ենՙ այդ դեպքում ինչպե՞ս է, որ հարեւան հանրապետությունը մշակույթի նախարարություն ունի... Հիմա գյումրեցունն է։ Իր կորսված աշխատատեղ-ձեռնարկությունների վերականգնմանն այսքան տարի անձկանոք եւ իզուր սպասելովՙ երբեմն անկեղծորեն հարց է տալիս. ինչի՞ համար է Հայաստանում արդյունաբերության նախարարությունը (այնքան հարցրեց, մինչեւ այդ գերատեսչության անունն էլ փոխեցինՙ հրաժարվելով «արդյունաբերություն» բառից)։ Այդ ոլորտի յուրաքանչյուր հերթական նախարարն այս տարիների ընթացքում եթե երբեւէ այցելել էլ է Գյումրի կամ արտահայտվել նրա արդյունաբերության մասին, ապա միայն այն բանի համար, որ «հայտնաբերի», թե դա այսօր հանրապետության ընդհանուր հաշվեկշռում զրո ամբողջ զրո-չգիտեմքանի հարյուրերորդական տոկոս կազմող մի բան է, կամ, ասենք, մոռացեք դրա երբեմնի մակարդակի վերականգնման մասին։ Այսինքն թեՙ չարժե նաեւ, որ իր քթի տակ հեշտ ու հանգիստ Երեւանը թողածՙ իր նախարարական ջանը մաշի մի չեղած-չարժեցող բանի համար։ Այ, արժանին պետք է մատուցել ներկայիս նախարարին, որին երբ մինչեւ վերջերս հարցնում էին, թե ինչո՞ւ երբեւէ չես այցելում Գյումրի, գոնե ազնվորեն պատասխանում էրՙ այնտեղ ասելու բան չունեմ...

Ինչո՞ւ է այսպես, եւ վերջերս չգիտես ում գեղեցիկ մի լավատեսությամբ երբեմնի «Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք» հորջորջվող քաղաքի արդյունաբերական համալիրն իր հնարավորություններով իրո՞ք այլեւս ոչինչ չարժե։ Այս պահին ձեռքս անցած տեղեկատվության հիման վրա ուզում եմ երկու բառով ներկայացնել հարցին մարզպետարանական խորհրդակցությունում մի անգամ տրված բավական ամփոփ պատասխանը, որը թերեւս անհետաքրքիր չի լինի ինչպես ամեն ինչ ժխտող որոշ պաշտոնյաների, այնպես էլ (մեկ էլ տեսար) որեւէ հնարավոր ներդնողի համար։ Ինչպես հաճախ նշվել է, մեր հանրապետության տնտեսության զարգացմանն ընդհանուր առմամբ, բացի հայտնի ֆինանսական, հարկային, բանկային ու մաքսային դժվարություններից, խոչընդոտել են նաեւ հումքային խնդիրները, էներգիայի թանկությունը, ճանապարհային (շրջափակման հարուցած) դժվարությունները։ Մասնավորապես Գյումրու արդյունաբերության պարագայում դրանց ավելացել են սրտացավ ու գործիմաց տնօրենների եւ տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների գրեթե բացակայությունը, հանրապետական մարմինների տարիներ շարունակ վարած անհասկանալի, ոչ հիմնավոր տնտեսական քաղաքականությունը, ձեռնարկությունների զանգվածային քանդումն ու կազմալուծումը, մեքենասարքավորումների չկասեցված թալանն ու վաճառքը, որոնք ընդհանուր իրոք տխուր պատկեր են ստեղծել։ Այդուհանդերձ, մարզպետարանի հավաստմամբ, առկա են այստեղ արդյունաբերության զարգացման հետաքրքրական, բանական, օգտակար ծրագրեր. հանրապետության համար կարեւոր եւ արտահանման հնարավորություններով թերթավոր ու դեկորատիվ ապակու արտադրություն, «Հայքարհատմեքենայի» բազմասղոց նոր ԱԿՄ հաստոցների արտադրության կազմակերպում քարերի մշակման եւ երեսպատման սալիկների արտադրության համար, եվրոստանդարտին համապատասխան պոլիպրոպիլենային թաղանթով կոնդենսատորների, էլեկտրատրանսպորտի համար ուժային կոնդենսատորների արտադրություն, լայն տեսականու բարձրորակ կոշկեղենի, թեթեւ արդյունաբերության, գորգագործական, սննդի եւ վերամշակման ճյուղերի ամենաբազմազան արտադրանքի թողարկում, ԱՊՀ երկրների ռազմարդյունաբերական համալիրի պատվերների կատարում, տարածաշրջանի համար տարբեր տիպի հաստոցների ու մեքենաների բազային վերանորոգում, փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման հետ կապված արտադրություն... «Հայքարհատմեքենա», «Հայէլեկտրակոնդենսատոր», «Անալիտսարք», «Հայգորգ», դարբնոցա-մամլիչային սարքավորումների ձեռնարկությունների եւ այլոց առաջարկած այս ցանկը կարելի է շարունակել։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4