Ես կանոնավոր ընթերցող եմ «Ազգ» օրաթերթի եւ, ընդհանրապես, որպես լուրջ թերթի եմ նրան մոտենում։ Վերջերս Արշալույս Ճգնավորյանի հետ Դուք մի հարցազրույց էիք ունեցել, որն, ըստ իս, անլրջության մի գագաթնակետ է Ձեր թերթի պատմության մեջ։ Հնարավոր է, որ այդ անձն իր նեղ մասնագիտական ասպարեզի մեջ մրցանակի արժանացած լինի, սակայն այդ հանգամանքը նրան դեռ արժանի չի դարձնում ամեն հարցի մասին, որպես «մտավորական», ինչպես որ ինքն է հավակնում, եւ մասնագետ կարծիք հայտնելու։
Վերջիվերջո այս «մտավորականը» Գյումրու մթերային սառնարանի ձախողված ծրագրի հեղինակը եւ կամ այդ ծրագրի գլխավոր խորհրդատուն չէ՞։ Եվ այս անձը հանդգնություն է ունեցել, հակառակ իր այդ ձախողության, Հայաստան-սփյուռք երկու համաժողովների ընթացքում իր չունեցած իմաստությունից բաշխել հանրությանը։
Հեղինակությունը չի ընծայվում, այն պայքարով է ձեռք բերվում։ Եթե այս անձն իր համայնքի մեջ առաջնորդ ուժ լինելու մարմաջ ունի, ո՞վ է արգելք եղողը. թող գնա մյուս 2900 անձի առաջնորդը դառնա։ Բայց այս մեծամտի ամենամեծ սայթաքումը Հայաստանի մասին իր բացարձակ անտեղյակությունը եւ տարրական ծանոթության պակասն էՙ միացած զարգացող տնտեսությունների մասին իր տգիտության։ Հայաստանի առաջադիմությանը մոտենալ նման մտածելակերպովՙ նշանակում է կատարյալ տգիտություն երկրի աշխարհագրության, անտեսում գյուղատնտեսական պայմանների, ինչպես նաեւ ազգի մտավոր կարողության եւ ուժի։ Հայրենիքը եթե մի օր կարողանա ինքն իր սննդամթերքը բավարարել տարվա վեց ամսով, ապա դա պետք է նկատել որպես հրաշքի համազոր մի իրագործում։ Հայրենիքի ներուժը եւ հետեւաբար հաջողության գաղտնիքն իր գիտական միտքը եւ ճարտարարվեստական աշխատուժն է։
ՍՐՏԱՑԱՎ ՄԻ ՀԱՅ