«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2002-06-25 | #118, 2002-06-26 | #119, 2002-06-27


ԻՆՉՈ՞Վ ԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ» ԵՎ «ՄԱՍՆԱՎՈՐ» ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ընդունելության քննությունները կան եւ դեռեւս երկար ժամանակ մտահոգիչ թեմա կլինեն բոլոր նրանց համար, ովքեր մտածում են հանրապետության կրթական համակարգում հակակոռուպցիոն գործունեություն ծավալելու մասին։

Ներկա փուլում, երբ բուհական ընդունելության քննություններին քիչ ժամանակ է մնացել, հետաքրքրական է հատկապես այն հարցը, թե տարբեր կարգավիճակ ունեցող բուհերն ինչպես են անցկացնելու ընդունելությունը։

Տարածված պրակտիկայի համաձայն, դիմորդների գերակշիռ մասը նախ մրցակցում է պետական բուհերի համար։ Այս դեպքում առաջնային են դառնում ոչ թե գիտելիքները, այլ ֆինանսական հնարավորություններն ու ընդունելության քննական հանձնաժողովներում ունեցած ծանոթությունները։

Եվ սա դեռ բոլորը չէ։ Զգալի տարբերություն է նկատվում նաեւ պետական ու մասնավոր բուհերի ընդունելության կարգի առումով։ Մասնավոր բուհերը նախընտրում են ընդունելության քննություններով կամ հարցազրույցով ընդունելու հեշտ կարգը, մինչդեռ պետական բուհերը դիմորդներին ներկայացնում են նշանակալի պահանջներ։

Տարօրինակ է, որ հավատարմագրման ցանկություն ունեցող եւ կոնկրետ քայլեր կատարող մասնավոր բուհերը նման կերպ են վարվում ապագա ուսանողի բազային գիտելիքների ստուգման պարագայում։ Նման մոտեցման դեպքում արդյոք պահպանվո՞ւմ են որակական այն չափանիշները, որոնք հավատարմագրման հիմնական նպատակն են։

Չլուծված հարց է նաեւ պետական բուհերի որակական ցուցանիշների ինչպիսին լինելը։ Ինչո՞վ է որոշվում, թե պետական բուհերը հավատարմագրման կարիք չունեն։

Մենք հասկանում ենք, որ ինչպես ընդունելության քննությունները, հավասարապես էլ հավատարմագրման գործընթացը կոռուպցիոն լայն հնարավորություններ է ստեղծում, որոնցից քիչ չեն օգտվում։ Բայց չենք հասկանում, երբ գրեթե չեն պայքարում կրթության նման կարեւոր ոլորտի այդ աստիճան կոռումպացվածության դեմ։

Չենք հասկանում նաեւ, թե ինչպես է լինում, որ պետական բուհերի ընդունելության նվազագույն սահմանները չբավարարող դիմորդները դառնում են մասնավոր, պետական հավատարմագիր ստացած կամ ստանալու գործընթացում գտնվող բուհերի ուսանող։

Իհարկե, կրթության կարեւությունն անառարկելի է, բայց երբ կրթությունը հանգեցվում է միայն ավարտական վկայականի ձեռքբերման, կրթական համակարգը վերածվում է «ձախ» եկամուտների, հիրավի, եկամտաբեր աղբյուրի։ Եվ այս դեպքում արդեն գրեթե բոլորը լռում են, թեեւ բոլորը միասին դժգոհում են դիմորդի իրավունքների ոտնահարումից։

Ոչ մի դիմորդ, ոչ մի ծնող չի ցանկանում բողոքել, բողոքելու դեպքում նրանք հետեւողական չեն լինում։ Մինչդեռ, մեր իրականության մեջ անգամ, ճիշտ էՙ քիչ, բայց պատասխանատվության ենթարկելու դեպքեր կան։

Կարծում եմ, արժե մտածել, որ մեր իսկ իրավունքների առաջին պաշտպանը լինենք մենք։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4