Հայ լրագրության անդաստանում նորամուտ է. օրերս հայ ընթերցողի դատին է հանձնվել հունահայ համայնքիՙ Աթենքում լույս տեսնող «Նոր աշխարհ» ազգային, մշակութային, հասարակական շաբաթաթերթի նոր ձեռնարկումըՙ 2001 թ. «Տարեգիրքը», խմբագրությամբ Հակոբ Ճերալեւյանի։
Հայ լրագրությունն ունի նմանատիպ ամսագրքեր լույս ընծայելու կայուն ավանդույթներ, որոնք, ցավոք, իրենց կենսունակությունը պահպանում են հիմնականում սփյուռքահայ գաղթօջախներում, բայց ոչ մայր հայրենիքում։
Հիշենք, որ մեր երախտավոր հայրենակիցների ջանքերով 1907¬ 29 թթ. Եվրոպայում 19 գրքով հրատարակվում էր «Ամէնուն Տարեցոյց»-ը, 1914 թ. Կոստանդնուպոլսում հրապարակ ելավ Դանիել Վարուժանի եւ Սիրունիի «Նաւասարդ»-ի միակՙ Մեծ եղեռնով ընդհատված հրատարակությունը, «Հանդէս Ամսօրեայ»-ն հայ հասարակությանը պարգեւում է իր բացառիկները, Վենետիկում լույս տեսնող «Գեղունի» պարբերականը տարեցտարի նորանոր գրական-մշակութային գլուխգործոցներ էր հրամցնում իր ընթերցողին, Բեյրութում 13 տարի անընդմեջ (1954¬67 թթ.) հրապարակի վրա էր «Ամէնուն Տարեգիրք»-ը...
Հունաստանում այս մշակութային ժառանգականությունը կարողացան պահպանել «Յունահայ Տարեգիրք»-ը (1924¬30 թթ. հրապարակվեց 4 հատոր) եւ «Ազատ օր»-ը (1996 թ. առ այսօր հրատարակվել է 6 Բացառիկ)։
Իսկ դրա անհրաժեշտությունն անվիճելի է։ Չէ՞ որ մեր սփյուռքահայ գաղթօջախներից մեկում մեր գրչակից եղբայրների նման ձեռնարկը կարող է նաեւ հայաստանյան մամուլին օգնել հայ լրագրության պատկառազդու ավանդույթները չմոռանալու եւ վերականգնելու հարցում։
«Տարեգիրք»-ն անդրադառնում է հունահայ գաղութի ձեւավորման եւ հաստատման պատմությանըՙ սկզբնաղբյուրային հղումներով եւ անգնահատելի արխիվային լուսանկարներով, նկարագրում եւ բնութագրում է անկումներ եւ թռիչքներ արձանագրած համայնքային կյանքըՙ հասնելով մեր օրերը։
Հատկանշական է, որ ամսագրի էջերում արտացոլվում են ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու պատմականորեն ազգանպաստ գործունեությունը եւ կարեւորագույն ձեռնարկումները, այլեւ Հայ կաթողիկե եւ Հայ ավետարանական եկեղեցիների լայնածավալ հոգեւոր-կրթական գործունեությունն է լուսաբանվում։
Վավերագրական եւ գրական էջերը միմյանց հաջորդում են իրենց անբռնազբոս խոկումներով եւ չպարտադրող հիշողություններով։
Սակայն «Նաքսոսի փոքրիկ հայկական համայնքը» վերտառությամբ վավերագրականը, որ է հիշատակ հայոց ջարդերին, կջնջի ներողամիտ ժպիտը եւ խորհել կտա, թե որքան խոցելի, բայցեւ միաժամանակ կենսունակ է հայկական քաղաքակրթությունն օտար ափերում։
Արժանահիշատակ է հատկապես ՌԱԿ-ի 80-ամյա պատմությանը նվիրված ակնարկը։ ՌԱԿ Հունաստանի պաշտոնաթերթ «Նոր աշխարհ» շաբաթաթերթի 2001 թ. «Տարեգիրք»-ն իր անդրանիկ հայտն է ներկայացնումՙ հուսալով, որ 2002 թ. թողարկումը փոքր-ինչ ավելի ձերբազատված կլինի անցյալի վերհուշի ծանրամած բեռից, ուշադրությունն առավելապես բեւեռած կլինի այս տարվա բերելիք շրջադարձային իրողությունների ու երեւույթների հանրագումարին, կարեւորագույն իրադարձությունների վերլուծականներից կընտրի հատկապես այնպիսիք, որոնք կկրեն ապագան տեսնելու լիցքերը, կարժեքավորեն հունահայ համայնքի զարգացման հեռանկարները։
Բարի երթՙ «Տարեգիրք» ամենամյային, գալ տարինՙ մշակութային, գրական, փաստավավերագրական եւ լրագրողական նոր, ծանրակշիռ խոսքով։