«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2002-06-26 | #119, 2002-06-27 | #120, 2002-06-28


ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՊԻՏԻ ԽՈՒՍԱՓԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐԻՑ

ՆԱՏՕ-ի անդամակցության առումով Տալլինում նշեց Ռոբերտ Քոչարյանը

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Տալլին

Տալլին նշանակում է «Դանիացիների ամրոց»։ Վերջիններս, որ գերմանացիների հետ ու նրանցից հետո էլ էստոնացիներին քրիստոնեություն էին պարտադրում, 1212 թ.-ին հիմնադրեցին այդ քաղաքը, որ հետագայում դարձավ Էստոնիայի մայրաքաղաքը։ Երեկ այդ քաղաքն ընդունում էր ՀՀ նախագահին։ Բալթյան երրորդ երկիր Ռ. Քոչարյանի պաշտոնական այցը մեկնարկեց Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյույտելի հետ հանդիպումովՙ վերջինիս նստավայրում, որն, ի դեպ, ժամանակին եղել է Պետրոս Առաջին ցարի ամառանոցներից։ Հանդիպումից հետո երկու կողմերը ստորագրեցին միջկառավարական համաձայնագիր առեւտրատնտեսական համագործակցության մասին։

Այնուհետեւՙ լրագրողների հետ հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարներն էլ կարեւորեցին տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտն այդ համագործակցության շրջանակներում։ Սա Էստոնիայի տնտեսության կարեւոր ճյուղն է, ու, ՀՀ նախագահի հավաստմամբ, մեր երկիրը շատ բան ունի սովորելու Էստոնիայից այս ոլորտում։

Նկատի ունենալով ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու Էստոնիայի արտաքին քաղաքականության գերակայությունըՙ էստոնացի լրագրողներին հետաքրքրում էր այդ կառույցին Հայաստանի անդամակցելու հնարավոր հեռանկարը։

«ՆԱՏՕ-ի անդամ դառնալու խնդիրը մեր օրակարգում չկա։ Մենք կարող ենք ընդարձակել մեր մասնակցությունը «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ Պիտի հաշվի առնել մեր տարածաշրջանիՙ մասնավորապես աշխարհաքաղաքական բարդությունները։ Եվ կարծում ենքՙ պիտի այնպիսի քաղաքականություն վարել, որ Հարավային Կովկասում լրացուցիչ լարվածություն ստեղծող բաժանարար գծեր չստեղծվեն», պատասխանեց Ռ. Քոչարյանը։ Իր պաշտոնակցից զատ, նա հանդիպեց նաեւ Էստոնիայի խորհրդարանի նախագահին, վարչապետին։

Վերջինս հայկական պատվիրակությանը ներկայացրեց իրենց կառավարության նիստերի դահլիճը, որտեղ նիստն ընթանում է ինտերնետային կապի միջոցովՙ համակարգիչներով։ Սա թերեւս ուսանելու վերոհիշյալ բաներից է, եթե մեր պաշտոնյաները կամենան հրաժարվել թղթային բյուրոկրատիայից։

Պաշտոնական հանդիպումներից հետո մեր երկրի ղեկավարն ունեցավ բալթյան մայրաքաղաքների համար ավանդական զբոսանք Հին քաղաքի տեսարժան վայրերով, եղավ նաեւ Տալլինի հայկական եկեղեցում։

Այսօրՙ Մերձբալթիկա այցի վերջին օրը, նախատեսվում է Ռ. Քոչարյանի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Քոչարյանը պիտի հանդիպի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4