«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2002-06-26 | #119, 2002-06-27 | #120, 2002-06-28


1000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՆՈՐ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐ

Հուլիսի 1-ից Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ կդնի 2001 թ. նմուշի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամներ, որոնց դիզայնը, պատկերները, գույներն ու չափսերը նույնն են, ինչ որ 1999 թ. նմուշի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամներինը, բացառությամբ մի քանի փոփոխությունների։ Թղթադրամի ներքեւի ձախ անկյունում պատկերված մոխրագույն մետաղական ներկով տպագրված զարդանախշի կամարի պատկերը տպագրված է կանաչից աստիճանաբար կարմրին անցնող ներկով, փոխվել է ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը, Եղիշե Չարենցի բանաստեղծության երկտողում «բար» բառը փոխարինվել է «բառ»-ովՙ «Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում», փոխվել է թողարկման տարեթիվը, մեջտեղում առկա են անկանոն դասավորված կանաչ շրջանակներ, որոնք լուսածորում են ուլտրամանուշակագույն լույսի ներքո։

Կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների եւ դրամական պահուստների վարչության պետ Գեւորգ Թումանյանը երեկ մամլո ասուլիս էր հրավիրել։ Նա նշեց, որ Հայաստանում դրամանենգությունը կանխելու նպատակով 2¬3 տարին մեկ կթարմացվեն կեղծման ենթարկվող թղթադրամները։ Այսօր ավելի շատ հայտնաբերվում են կեղծ 1000 դրամանոցներ, նախկինում 500 դրամանոցների փոխարեն, հետեւաբար նախատեսվում է պարբերաբար թողարկել նոր 1000 դրամանոցներ։ Բանկը նպատակահարմար չի համարում կուտակել 10 տարվա պաշարներ, քանի որ նոր թղթադրամների թողարկումը պահանջում է մեծ ծախսեր։

2004 թ. մարտի 1-ից հին 1000 դրամանոցները կհանվեն շրջանառությունից, իսկ քաղաքացիների մոտ հայտնվելիսՙ բանկում կփոխարինվեն նորերով։ Նոր թղթադրամները տպագրվել են ավստրիական դրամահատարանում։

Հետաքրքրական է ու մի քիչ էլ զավեշտական «Ես իմ անուշի» «բարը» «բառով» փոխարինելու պատմությունը։ 1999 թ. Կենտրոնական բանկին խորհուրդ է տրվել ընդունել ակադեմիայի հրատարակությունը, իսկ 2001 թ. ակադեմիայի գրականության ինստիտուտի խորհրդով «բարը» դարձել է «բառ»։ Հուսանք, որ 2004 թ. «բառը» նորից չի փոխվի «բարով», թեպետ «բարի» կողմնակիցն ենք։

Պրն Թումանյանը հայտնեց, որ ուսումնասիրվում են 5000 դրամանոցների կեղծ նմուշները, եւ շուտով կսկսվի դրանց պաշարների համալրումը։ Եկող տարի կթողարկվեն 10000 դրամանոցներ, որոնց դիզայնի համար արդեն մրցույթ է հայտարարվել։ Ներկայումս ընթացքի մեջ է մետաղադրամների արտադրությունը, սակայն շրջանառության մեջ դնելու ժամկետը դեռեւս ճշգրտված չէ։ Կթողարկվեն 20, 50, 100, 200 եւ 500 դրամանոց գունավոր մետաղադրամներ, չափսերով փոքր 10 դրամանոցներից։ Ուրախալի փաստ, որը կվերացնի 10 դրամանոցների հանդեպ եղած քամահրանքը։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4