ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինչպես արդեն հաղորդվել է, երեկ հանրապետությունում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ ՀՀ էներգետիկայի նախարարության լրատվության վարչությունից հայտնեցին, որ դրանց պատճառը ՀԱԷԿ-ի հաստատուն հոսանքի շղթաներում տեղ գտած անսարքությունն էր (հողանցում), որի ժամանակ անմիջապես գործել է անվտանգության ավտոմատ համակարգը, եւ ատոմակայանի էներգաբլոկն անջատվել է ցանցից։
ՄԱԳԱՏԷ-ի միջազգային չափանիշներով դեպքը բնութագրվում է զրոյական մակարդակի, որի ժամանակ միջուկային եւ ռադիացիոն անվտանգության որեւէ խախտում տեղի չի ունեցել։
Էներգաբլոկի վերաթողարկման աշխատանքը շարունակվում է, եւ այսօր, ժամը 22-ի սահմաններում ատոմակայանը կմիանա հանրապետության էներգիա արտադրողների ցանցին։