Սեւծովյան տնտեսական համագործակցության հոբելյանական գագաթաժողովին մասնակցելու համար Ստամբուլում գտնվող Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւն այնտեղից շարժվեց Անկարա։ Անկարայում նա հանդիպեց Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերին, իսկ հունիսի 26-ին երկու նախագահներ հանդիսավոր պայմաններում բացեցին Անկարայի «Օրան» թաղամասում կառուցված Ադրբեջանի դեսպանատան նոր շենքը։
Ի դեպ, «Օրանը» քաղաքի էլիտար թաղամասերից է, որտեղ այլ երկրների դեսպանատների հարեւանությամբ բնակվում են Թուրքիայի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, որոնց թվում են նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը, բարձրաստիճան զինվորականներ, դիվանագետներ եւ քաղաքական կուսակցությունների ղեկավարներ։
«Օրանում» է գտնվում Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի գրասենյակը։ Հունիսի 27-ի առավոտյան թուրքական պետհեռուստատեսությունը, տեղեկացնելով դեսպանատան նոր շենքի բացման մասին, հայտնեց, որ այն փողոցը, որտեղ ադրբեջանական դեսպանատունն է բացվել, վերանվանվել է Բաքվի փողոց։
Նույն աղբյուրի համաձայն, հունիսի 27-ին Ալիեւը հանդիպումներ է ունեցել «Մայր հայրենիք» կուսակցության նախագահ Մեսութ Յըլմազի եւ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քըվրըքօղլուի հետ։ Մանրամասներ չեն հաղորդվում։ Ակնհայտ է սակայն, որ մեկ այլ երկրի նախագահի հանդիպումը գլխավոր շտաբի պետի հետ անսովոր երեւույթ է։ Հեյդար Ալիեւի պարագայում դա խոսում է Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ բանակի առանցքային դերի, ինչպես նաեւ ռազմական բնագավառում թուրք-ադրբեջանական համագործակցությանը նոր թափ հաղորդելու կողմերի պատրաստակամության մասին։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ