«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2002-06-26 | #119, 2002-06-27 | #120, 2002-06-28


ՀԱՐԵՎԱՆ 4 ԵՐԿՐՆԵՐԻՑ ԵՐԵՔՈՒՄ ՈՉՆՉԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայաստանի չորս սահմանակից պետություններից երեքում (բացառությամբ Իրանի) լայն թափով ոչնչացվում են հայկական պատմաճարտարապետական հուշարձանները։ Այս մասին հայտարարեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության երեւանյան գրասենյակի պատասխանատու Սամվել Կարապետյանը։ Մասնավորապես Թուրքիան, ըստ Կարապետյանի, «ոչնչացնում է այնքան, որքան կարող է». «Թուրքիայի տարածքում, ըստ առկա տվյալների, գտնվել են 7000-ի չափ հայկական եկեղեցիներ։ Պետք է նշել, որ 1974թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների համաձայն, 1915 թ.-ից հետո կանգուն մնացած 913 շինություններից 464-ը լիովին ոչնչացվել են, 252-ըՙ վերածվել փլատակների, իսկ 197-ըՙ վերանորոգման լուրջ կարիք ունեն»։ Թուրքական կառավարությունից հայկական հուշարձանների նկատմամբ պատշաճ վերաբերմունք է պահանջում նաեւ Եվրախորհուրդը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 1987 թ. հունիսին ընդունած բանաձեւով։

Ինչպես ընդգծեց Ս. Կարապետյանը, հայկական արվեստի գործերի լայնածավալ ոչնչացում է իրականացվում Ադրբեջանում։ Նախիջեւանի Ջուղա քաղաքի խաչքարերով հարուստ հայկական գերեզմանատան 25%-ը ադրբեջանցիները բուլդոզերով հողին են հավասարացրել 2 տարի առաջ։ Այս միջադեպը նկատվել է իրանական կողմից, եւ հուշարձանների հետագա ոչնչացումը հաջողվել է կասեցնել։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի տարածքում առկա են վաղ միջնադարից մինչեւ անցած դարասկիզբ ժամանակահատվածի 1600 հայկական հուշարձաններ։ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր (Լաչին) քաղաքից 18 կմ հեռավորության վրա է գտնվում Ծիծեռնավանքը, որը 4-րդ դարի հայկական եկեղեցի է։ 1983 թ. պայթեցվել են նույն շրջանի 13-րդ դարում կառուցված եկեղեցին եւ Քարվաճառի Ղամիշլի գյուղի միջնադարյան եկեղեցին։

«Հայ պատմաճարտարապետական հուշարձանները երբեւէ բարվոք վիճակում չեն եղել նաեւ Վրաստանում», նշում է կազմակերպությունը, պնդելով, որ եթե խորհրդային տարիներին դրանք պարբերաբար ոչնչացվում էին, ապա ներկայումս վրաց աշխարհիկ եւ հոգեւոր այրերը այլափոխելով յուրացնում են։ «Վերականգնման» անվան տակ շուրջ 3 տասնյակ վրացականացված եկեղեցիների եւ այլ կառույցների որմերից, ինչպես նաեւ խաչքարերի եւ տապանաքարերի վրայից քերված կամ ջնջված արձանագրությունների թիվն արդեն անցել է 300-ից։ Մասնավորապես, Թբիլիսիի մերձակայքում գտնվող Թելեթ գյուղի Սբ. Գեւորգ վանքի տաճարի եւ զանգակատան «վերականգնումից» արդյունքում ոչնչացվել են բարձր վեմը, մկրտարանը, հայերեն արձանագրություններով խաչքարերն ու տապանաքարերը։

Ըստ կազմակերպության տվյալների, հարեւան երկրներից միայն Իրանում է, որ հայկական հուշարձանները գտնվում են պատշաճ հոգածության ներքո։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4