Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը երեկ լրագրողներին ներկայացրեց պետական կառավարման համակարգի փոփոխությունները։ Մասնավորապես, կառավարության որոշմամբ, գնումների պետական գործակալությունը դուրս է գալիս ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ենթակայությունից եւ դառնում է պետական ոչ առեւտրային կազմակերպություն, պետատոմհսկողությունը գործելու է բնապահպանության նախարարության, սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունըՙ արտակարգ իրավիճակների պետական վարչության, պետական առողջապահական գործակալությունըՙ առողջապահության նախարարության կազմում։ Ըստ Մանուկ Թոփուզյանի, այս որոշումը պետական կառավարման համակարգի բարեփոխումների բաղկացուցիչ մասն է։ Մինչ այժմ կառավարությանը կից 30 պետական կազմակերպություններ կային, որոնցից նախագահի հրամանագրով մնացել էին 11-ը։ Կրճատվել են նաեւ շուրջ 1000 ավելորդ հաստիքներ։
Երեկվա չորս կազմակերպությունները նույնպես, վերակազմավորումից բացի, հաստիքների կրճատումներ են ունեցել։ Մասնավորապես վերացվել են ֆինանսատնտեսական կառավարման, ընդհանուր բաժինները։ Կոնկրետ թիվ, սակայն, աշխատակազմի ղեկավար-նախարարը չհայտնեց։ Նա, ըստ էության, չպատասխանեց նաեւ «Ազգի» այն հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար առողջապահական պետական գործակալության պահպանումն ընդհանրապես։
Մանուկ Թոփուզյանը տեղեկացրեց նաեւ, որ երեկ կառավարությունը հաստատել է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում քաղաքացիական ծառայողներին չի թույլատրվի կատարել իրենց պարտականությունները։ Դրանք այն հիվանդություններն են, որոնք կխանգարեն կատարելու այդ պարտականությունները։ Այդ ցանկի որոշումն օրենքով լիազորված է կառավարությանը։
Լրագրողների հետ հանդիպման վերջում կառավարության լրատվական ծառայության ղեկավարը ներկայացրեց պետական եկամուտների նախարար Երվանդ Զախարյանի հայտարարությունը, համաձայն որի նախարարությունը վճռականություն է հայտնում տնտեսվարող սուբյեկտներից հարկային կանխավճարներ հավաքել միայն օրենքով սահմանված կարգով։
Ա. Մ.