«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2002-06-26 | #119, 2002-06-27 | #120, 2002-06-28


ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՐՑԱԽՈՒՄ

Որոշ մասնագիտությունների գծով առանց քննությունների ընդունելություն

Այս տարի, Արցախի պետհամալսարանի ընդունելության քննությունների ժամանակ, առաջին անգամ փորձարարական կարգով կկիրառվի որոշ մասնագիտությունների գծով առանց քննությունների ընդունելություն։

ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Համլետ Գրիգորյանի առաջարկած այս տարբերակը շուրջ մեկ տարի տեւած շահագրգիռ հրապարակային քննարկումներից հետո հավանության էր արժանացել։ Եվ ահա, համապատասխան իրավական ձեւակերպումից հետո կյանքի է կոչվել։ Փորձարկումը կիրականացվի 5 մանկավարժական մասնագիտությունների գծովՙ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն եւ աշխարհագրություն։ Արցախի տարբեր շրջաններից 100 դիմորդՙ 50-ը պատպատվերի եւ նույնքան էլ վճարովի համակարգից, այս տարի կարող են Արցախի մայր բուհ ընդունվել վերոհիշյալ կարգով։

Նշված մասնագիտությունների ընտրությունը պատահական չէՙ հենց այդ առարկաների գծով ուսուցիչների պահանջարկ կա շրջաններում։ Դիմորդների ընդունելությունը կազմակերպվելու է մանկավարժական խորհուրդների տված հավաստագրերով, որոնց մեջ կարտացոլվեն շրջանավարտների տասը տարվա գիտելիքները։ Համաձայն կարգիՙ ընդունող հանձնաժողովը նրանց միջեւ կանցկացնի մրցույթՙ հիմք ընդունելով հավաստագրերը։ Նախապատվությունը տրվելու է զոհված ազատամարտիկների եւ մանկուց հաշմանդամ երեխաներին, ինչպես նաեւ զինծառայությունն ավարտած երիտասարդներին։

Առաջնահերթության կարգով որոշ արտոնություններից կօգտվեն արական սեռի ներկայացուցիչները. մանկավարժական մասնագիտությունների գծով հավասար միավորներ ունենալու դեպքում առաջին հերթին կընդունվեն տղա դիմորդները։ Դա պատճառաբանվում է այն հանգամանքով, որ դպրոցներում պակասում են տղամարդ ուսուցիչները։

Ինչպես «Ազգի» թղթակցին տեղեկացրեց կրթության եւ գիտության նախարար, հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ Համլետ Գրիգորյանը, փորձի հաջող ելքի դեպքում հաջորդ տարի մասնագիտությունների շրջանակը կընդլայնվի։ Նպատակն էՙ ընդունելության քննություններում բացառել ստվերային երեւույթները։ Եվ իրենք կձգտեն հասնել դրան։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4