Ըստ էությանՙ ոչնչի
Կրթական համակարգն այսօր մեծամասամբ զբաղված է դիմորդների «նախընտրական» պայքարի, ընդունելության քննությունների խնդիրներով։ Այս տարի էլ տեղի կունենան ընդունելության քննություններ, եւ դիմորդների մի մասը կդառնա ուսանող։ Վերջիններից էլ արդեն մի չնչին մասն ուսման տարիները կանցկացնի առանց վարձավճար մուծելու, դեռ մի բան էլ թոշակ կստանա։
Կանցնեն անհրաժեշտ տարիները, ուսանողը կավարտի ու կսկսի աշխատանք գտնելու ոչ միշտ արդյունավետ փնտրտուքը։ Պետպատվերն ապահոված պետական սուղ միջոցներն էլ ուղղակի կփոշիանան։
Նորմալ գործող պետության, առավել եւս կրթական համակարգի համար սկզբունքորեն ճիշտ կլիներ, եթե պետպատվերով ուսանած ուսանողը, ավարտելով բուհը, վարձահատույց լիներ իր անվճար կրթության համար։
Հանրապետության ողջ տարածքում գործող գրեթե բոլոր դպրոցներն ուսուցչական թերի կազմ ունեն, մինչդեռ մանկավարժական կրթություն ունեցողների զգալի մասը մնում է առանց աշխատանքի։
Ճիշտ չէ՞ր լինի արդյոք, եթե պետական միջոցների հաշվին կրթություն ստացող յուրաքանչյուր ուսանող պարտավորված լիներ որոշակի ժամանակահատված աշխատել հատկապես այնտեղ, որտեղ կադրերի կարիք կա։ Եթե որեւէ մեկը չի ցանկանում բուհն ավարտելուց հետո աշխատել իր նշանակման վայրում, թող վերադարձնի իր կրթության վրա ծախսված գումարները։ Այսինքն, այս դեպքում կիրառվի այլընտրանքային մոտեցումՙ անվճար կրթությունը պարտադիր հատուցվի։
Եթե որեւէ գյուղի ինչ-որ բնակիչ հարկեր է վճարում պետությանը, վերջինս էլ վճարում է պետպատվերի ծախսերը, ինչո՞ւ պետք է այդ գյուղացու երեխան դպրոցում նորմալ մասնագետ-ուսուցիչ չունենա։
Մանկավարժության բնագավառը, այս առումով, միակը չէ։ Նույնը կարելի է ասել շատ այլ բնագավառների, օրինակ, բժշկության մասին։ Բժիշկ «պատրաստելու» գործընթացը բավական ծախսատար է, բայց ոչ հատուցվող։
Վերը շարադրված մոտեցման դեպքում, թերեւս, միակ դժվար ընկալելին հանրապետությունում ընդհանրապես եւ մարզերում մասնավորապես, ցածր աշխատավարձն է, որով ոչ մեկը չի ցանկանա աշխատել, այլապես այդքան թափուր տեղեր չէին լինի։ Բայց նույն կերպ էլ պետական միջոցներն են «ցածր», սակայն այդ մասին մտածելը հարմար չէ։
Կարծում եմ, վաղուց արդեն ժամանակն է խնայողաբար օգտագործել մեր միջոցները, հատկապես կրթության բնագավառում։
Ա. Հ.