«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2002-06-26 | #119, 2002-06-27 | #120, 2002-06-28


ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ

Ինչը հաստատեց միջգերատեսչական աշխատանքային խումբը

Տոնավաճառային առեւտուրն այսօր Հայաստանում շարունակում է մնալ արտոնյալ կարգավիճակում։ Չնայած բացահայտ է եւ բոլորիս աչքի առջեւ, սակայն նաեւ ստվերային է, քանզի տոնավաճառների կազմակերպիչներն ու առեւտուր անողները հարկային պարտավորություններ գրեթե չունեն եւ չեն կատարում։ Սրան բազմիցս անդրադարձել ենք «Ազգում», բացահայտել այն հսկայական գումարները, որոնք շրջանցում են պետբյուջեն։ Ցավոք, որեւէ լուրջ փոփոխություն այստեղ առ այսօր չի կատարվել։ Ճիշտ է, կառավարության որոշման համաձայն տոնավաճառների կազմակերպիչները (տերերը) այժմ պարտավոր են տվյալներ տրամադրել իրենց տարածքում առեւտրի մեջ ընդգրկված սուբյեկտների մասին, բայց շրջանառությունն այստեղ շարունակում է հարկման դաշտից դուրս գտնվել։ Բացի այդ, տոնավաճառների տերերի ներկայացրած տվյալները բացարձակապես չեն համընկնում իրական պատկերի հետ։ Դրանում համոզվեցինքՙ ծանոթանալով անցյալ տարվա նոյեմբերին երկուՙ առեւտրի եւ տնտեսական զարգացման եւ պետական եկամուտների նախարարությունների ու Հայպետստանդարտի վարչության մասնակցությամբ կազմավորված աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքներին։

Ընդհանուր պատկերը

Ուսումնասիրվել են Երեւան քաղաքի 15 տոնավաճառները։ Նպատակն էր ստուգել հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ներդրման միջոցառումների մասին կառավարության որոշումների կատարման ընթացքը, ինչպես նաեւ առեւտրային գործունեություն իրականացնողների ընդհանուր թվից պետական եկամուտների նախարարությունում (ՊԵՆ) հաշվառվածների թիվը։ Առաջ անցնելով նշենք, որ ուսումնասիրության արդյունքները ամբողջովին հաստատեցին մեր տեսակետներն այստեղ տիրող անվերահսկելի վիճակի մասին։

Պարզվել է, որ վերոնշյալ 15 տոնավաճառներում փաստացի վաճառք իրականացնողները 5-10 անգամ շատ էին տոնավաճառների տերերի հետ պայմանագիր կնքած առեւտրականներից։ Տոնավաճառների տերերի հետ պայմանագրեր ունեն կնքած 2865 տնտեսվարող սուբյեկտներ, մինչդեռ նրանց թիվն իրականում տատանվում է 15-ից 30 հազարի միջեւ։ Պայմանագիր կնքածներից էլ միայն 477 տնտեսվարող սուբյեկտներ են գրանցված պետեկամուտների նախարարությունում։ Հսկիչ-դրամարկղային մեքենաներ են տեղադրված ընդամենը 86-ում։ Եվ, բնականաբար, ՀԴՄ-ներ ունեցողներն էլ կանխիկ հաշվարկները կատարում են առանց կտրոն տրամադրելու։

«Զարմանահրաշ» վիճակագրություն

Բնականաբար, նույն, մեղմ ասած, խայտառակ պատկերն է տոնավաճառների գերակշիռ մասում առանձին-առանձին վերցրած։ Կան տոնավաճառներ, որոնց տերերի հետ պայմանագրեր կնքածների թիվը մի քանիսից մինչեւ երկու տասնյակ է։ Օրինակՙ «Շահումյան Դավիթ» նորաբաց տոնավաճառում (Ֆիրդուսու տոնավաճառի մոտ) նրանք 20-ն են, «Հայկ-88»-ում (Ֆուրմանովի փողոցում)ՙ 18-ը, թիվ 722 «Ունիվերսամում» (Նորքի զանգվածներՙ Գայի փողոցումՙ 6-ը, թիվ 36 տոնավաճառում (դարձյալ Նորքի զանգվածի շուկայի մոտ)ՙ ընդամենը 1-ը։ Մինչդեռ փաստացի առեւտուր կատարողների թիվը վերոնշյալներից յուրաքանչյուրում մի քանի տասնյակից մինչեւ 100-150 է։ Սակայն ամենաարտառոցը Քոչարի փողոցին կից «Բարի ազատամարտիկ» կոչվող տոնավաճառն է, որտեղ առեւտրով զբաղվածների թիվը... 0 է։ Պատկերացնո՞ւմ եքՙ գոյություն ունի տոնավաճառ, բայց... առանց առեւտուր անողների։ Նման բան թերեւս միայն մեր երկրում է հնարավոր։ Բնական էՙ խոսել, թե որքան մարդ է վերոնշյալ տոնավաճառներում հարկային մարմիներում հաշվառված կամ ՀԴՄ-ներ տեղադրած, անիմաստ է։

Խոշոր եւ առավել հայտնի տոնավաճառներում իրավիճակը համանման է։ Ամենամեծՙ Մալաթիայի «Ռաֆայել-Տաթեւ» տոնավաճառում պայմանագիր կնքածների թիվը 750 է, իսկ իրականում այդ թիվն առնվազն երկու անգամ շատ է։ Պետեկամուտների նախարարությունում հաշվառվածներն էլ ընդամենը 150-ն են։ ՀԴՄ տեղադրածներ չկան։ «Փեթակում» 264 պայմանագրեր ունեցողներից (ընդհանուր թիվը շատ ավելի է ) ՊԵՆ-ում հաշվառված են 17-ը, եւ դարձյալ ՀԴՄ-ներ չկան։ «Հայաստան» առեւտրի կենտրոնում եւ «Նարեկ» (կ/թ «Այրարատին» կից) տոնավաճառում պայմանագրեր կնքածների թիվը մոտ է առեւտուր անողների իրական թվերինՙ համապատասխանաբար 416 եւ 470։ Սակայն առաջին դեպքում հարկային մարմիններում հաշվառվել եւ ՀԴՄ են տեղադրել 2-ական մարդ, իսկ երկրորդ դեպքումՙ ընդհանրապես ոչ մեկը։ «Հրազդան» մարզահամալիրիՙ ամենաթանկ համարումը ունեցող տոնավաճառում 355 պայմանագիր կնքածներից ՊԵՆ-ում հաշվառված են 36-ը, ՀԴՄ որեւէ մեկը չի տեղադրել։ Հարկ է այստեղ եւս ընդգծել, որ առեւտուր անողների ընդհանուր թիվը շատ ավելի է 355-ից։ «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում 218 պայմանագիր ունեցողները դարձյալ մեծ մասամբ գործում են հարկային մարմինների ուշադրությունից հեռու։ Այստեղ հաշվառված են 17-ը, իսկ ՀԴՄ ոչ ոք չունի։

Այս թվերը երեւի վաղուց արդեն ոչ ոքի չեն զարմացնում, բայց, որքան էլ տարօրինակ է, երեք գերատեսչությունների ուսումնասիրություններում գրանցվել են նաեւ զարմանալի երեւույթներ։ Օրինակ, «Սուրմալու» տոնավաճառում վերջինիս տնօրենի հետ պայմանագիր կնքածների թիվը համապատասխանում է առեւտուր անողների ընդհանուր թվինՙ 141 հոգի։ Այս տնտեսվարող սուբյեկտները բոլորն էլ գրանցված են պետեկամուտների նախարարության տարածքային կազմակերպություններում, բայց ՀԴՄ ունեն միայն 19-ը։ Առավել օրինապաշտ են «Էրեբունի բազա» (մսի կոմբինատի մոտ) տոնավաճառում։ 51 պայմանագիր կնքած, նույնքան էլ հաշվառված եւ 46 ՀԴՄ տեղադրած տնտեսվարող սուբյեկտներ։ Սակայն հետագայում պարզեցինք, որ այստեղ առեւտրով զբաղվողները հիմնականում պարսիկներ են, իսկ ՀԴՄ չտեղադրած տնտեսվարողներըՙ հայեր։ Մեկնաբանությունները, թերեւս, ավելորդ են։

Ի դեպ, նշենք եւս մեկ հանգամանք։ Հարկային մարմիններում հաշվառված լինելը ամենեւին էլ չի նշանակում, թե հարկային պարտավորությունները պարտաճանաչորեն կատարվում են։ Ինչպես նշել էինք հրապարակման սկզբում, մինչեւ վերջերս պետական եկամուտների նախարարությունը լիազորություն չուներ ստուգելու նրանց, իսկ վերջիններս էլ կարող էին նշել, որ իրենք տվյալ ամսին լրիվ կամ մասնակիորեն չեն աշխատել։

Վնասները բազմաթիվ են

Դրանք արձանագրել է ուսումնասիրություններն իրականացրած միջգերատեսչական աշխատանքային խումբը։ Գլխավորն այն է, որ տոնավաճառներում վաճառողների «ճնշող մեծամասնությունը տնտեսական գործունեությունն իրականացնում է ապօրինի»։ Այստեղ կատարվող իրական ապրանքաշրջանառությունն, ըստ աշխատանքային խմբի, առնվազն հինգ անգամ ավելի է, սրանից բխող բոլոր հետեւանքներով։ Արդյունքում, բացի հարկային վճարումներ չկատարելուց, տոնավաճառներում վաճառք իրականացնողների բացարձակ մեծամասնությունը վճարումներ չի կատարում սոցիալական հիմնադրամին, ինչպես նաեւ տեղական տուրքերՙ ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի վաճառքի համար։ Տոնավաճառները դարձել են ստվերային ճանապարհով արտադրված, մաքսանենգ ներկրված ապրանքների իրացման վայր, այստեղ վաճառվող ապրանքների գերակշիռ մեծամասնությունը չունի համապատասխանության սերտիֆիկատներ, ինչի պատճառով գնումներ կատարող տնտեսվարող սուբյեկտները չեն ապահովվում այդ սերտիֆիկատներով։ Տոնավաճառներում ոտնահարվում են սպառողների շահերն ու իրավունքները, քանի որ նրանք չունեն անորակ ապրանքը փոխանակելու կամ վերադարձնելու իրավունք։ Տեղի են ունենում տնտեսվարող սուբյեկտների իրավունքների ոտնահարումներ, որովհետեւ դրամարկղային կտրոն չստանալու պատճառով նրանք վճարում են հավելյալ հարկեր։ Այստեղ վաճառվող պարենային ապրանքները չունեն սանիտարական գրքույկ, կշեռքները, կշռաքարերը եւ չափման այլ միջոցները դրոշմակնքված չեն ըստ սահմանված կարգի եւ ժամկետների։ Տոնավաճառներն ապահովված չեն հակահրդեհային անվտանգության համապատասխան միջոցներով, ինչի հետեւանքներին վերջերս ականատես եղանք Մալաթիայի տոնավաճառում բռնկված հրդեհի ժամանակ։ Եվ վերջինըՙ այս ամենը տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծում է անհավասար հարկային դաշտ։ Դարձյալ ընդգծում ենք, որ այս եզրակացությունների տակ դրված են պետական գերատեսչությունների պատասխանատուների ստորագրությունները։ Նույն եզրակացությունները թվարկելով, այս տարվա հունվարի 11-ին վարչապետին է դիմել նաեւ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը։

Որոշումները մնում են անկատար

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը, ելնելով աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքներից եւ որպես կառավարության այս հարցին վերաբերող որոշումների պատասխանատու, վարչապետին երկու առաջարկ է ներկայացրել։ Առաջինով նախատեսվում է ուժեղացնել հսկողությունը կառավարության ընդունած «Սպառողական ապրանքների շուկաներում առեւտրի կանոններ հաստատելու մասին» որոշման պահանջների կատարումն ապահովելու համար։ Այլ խոսքերովՙ արգելել իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ֆիզիկական անձանց ապօրինի տնտեսական գործունեությունը եւ նման դեպքերում նրանց նկատմամբ վարչական տույժ կիրառել։ Երկրորդ կետով առաջարկվում է փաստորեն կյանքի կոչել կառավարության որոշումները հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման եւ դրանց կիրառման մասով։

Նամակում նշվում է, որ, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության կարծիքով, այդ դեպքում պետբյուջեի մուտքերը զգալիորեն կավելանան, իսկ տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծվի հավասար հարկային եւ մրցակցային դաշտ։

Նախարարի նամակը, ինչպես եւ աշխատանքային խմբի ուսումնասիրություններն, անշուշտ, հասել են վարչապետին։ Չնայած առանց այդ էլ ամեն ինչ ակնհայտ էր, եւ վարչապետն էլ տեղյակ էր այդ ամենին։ Նա անձամբ մի քանի անգամ նշել է, որ տոնավաճառները պետք է հարկվեն եւ ՀԴՄ-ները տեղադրվեն։ Սակայն կառավարության որոշումներն առ այսօր, նաեւ ուսումնասիրությունների ավարտից ավելի քան կես տարի անց, մնացել են անկատար։ «Առեւտրի իրականացման վայրի մասին» օրենքի նախագիծն էլ իր հերթին «լռվել է» Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովում։ Սրանք հերթական անգամ ապացուցում են, որ տոնավաճառների տերերը եւ նրանց իշխանավոր հովանավորներն առայժմ հզոր են ու իրենց կամքն են թելադրում ինչպես կառավարությունում, այնպես էլ Ազգային ժողովում։ Այլապես պետբյուջեի մուտքերն էապես ավելացնելուն եւ գործարար մթնոլորտը բարելավելուն միտված այս քայլը վաղուց կիրականացվեր, հատկապես, որ հրատապ ֆինանսավորում պահանջող որեւէ հարցի առաջացման դեպքում կառավարությունից հերթապահ պատասխանն է ստացվում. «Բյուջեն այդքան միջոցներ չունի»։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4