«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2002-06-26 | #119, 2002-06-27 | #120, 2002-06-28


ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՈՏ ԷՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

Բաթումում վերջնագիծը հատեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց 3-րդ անհատական առաջնությունը։ Ավարտական տուրում ոչ-ոքի խաղալով Միլովի հետ, լեհ գրոսմայստեր Բարտոլոմեյ Մաչայան վաստակեց 9,5 միավոր եւ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Առաջին տեղին հավակնող Վոլկովն ու Գուրեւիչը որոշեցին ռիսկի չդիմել եւ միմյանց հետ արդեն 11-րդ քայլում խաղաղ դաշն կնքելով, վաստակեցին 9-ական միավոր։ Նույնքան միավոր վաստակեցին նաեւ Գաբրիել Սարգսյանը եւ Մերաբ Գագունաշվիլին։ Գաբրիելը համառ մրցապայքարում կարողացավ հաղթել Թամազ Գելաշվիլուն, իսկ Գագունաշվիլին պարտության մատնեց Գալկինին։ Այսպիսով, չորս շախմատիստներ 9-ական միավորով բաժանեցին 2¬5-րդ տեղերը։ Արծաթե եւ բրոնզե մրցանակակիրներին որոշելու համար նրանց միջեւ լրացուցիչ մրցախաղ անցկացվեց։ Սարգսյանն ուժերը չափեց Վոլկովի հետ, իսկ Գագունաշվիլին մրցեց Գուրեւիչի հետ։ Առաջին պարտիայում Գաբրիելը սպիտակներով պարտվեց, երկրորդում խաղաղ դաշն կնքեց եւ զրկվեց մեդալներից։ Մյուս մրցախաղում Գուրեւիչը 1,5¬0,5 հաշվով հաղթեց Գագունաշվիլուն։ Չնայած պարտությանն, ընդհանուր առմամբ Գաբրիել Սարգսյանի ելույթն արժանի է դրվատանքի։ Նա 9 հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց։ Կարեն Ասրյանը վերջին տուրում ոչ-ոքի ավարտելով հանդիպումը Սուլսկիսի հետ, 8,5 միավորով գրավեց 7-րդ տեղը։ 8 միավորով 13-րդ տեղում է Լեւոն Արոնյանը, որը հաղթեց Յակովենկոյին։ 7,5 միավոր վաստակած Արտաշես Մինասյանը, որը ոչ-ոքի խաղաց Կաչեիշվիլու հետ, գրավեց 24-րդ տեղը։ Հաջող պետք է համարել նաեւ գյումրեցի Արա Մինասյանի ելույթը, որն այս մրցաշարում լրացրեց գրոսմայստերի նորմա։ Ցավոք, վերջին տուրում Արան զիջեց Ջոբավային եւ 7 միավորով Աշոտ Անաստասյանի հետ տեղ զբաղեցրեց 5-րդ տասնյակում։ Անաստասյանը վերջնագծում անհաջող հանդես եկավ։ Ավարտական տուրում էլ նա պարտվեց Մամեդյարովից։ 6,5 միավոր վաստակեց Արսեն Եղիազարյանը, 6 միավորՙ Արթուր Չիբուխչյանը, 5,5ՙ Դավիթ Հարությունյանը։

Նշենք, որ մրցակարգի համաձայն, 1¬30-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները դրամական պարգեւի արժանացան։ Չեմպիոնը ստացավ 10 հազար դոլար։ Նա նաեւ իրավունք ստացավ մասնակցելու հոկտեմբերին Հնդկաստանում կայանալիք ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4