Հերթական սկանդալը հայկական ֆուտբոլում
Երեկ «Հանրապետական» մարզադաշտում պետք է կայանար ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի «Փյունիկ»¬«Արարատ» հանդիպումը, որը սպասվում էր մեծ հետաքրքրությամբ։ Սակայն, ցավոք, ֆուտբոլասերներին խորը հիասթափություն էր սպասում։ Հանդիպման սկզբից դեռ չէր անցել 3 րոպե, երբ արարատցիները կազմակերպված լքեցին խաղադաշտըՙ առաջացնելով ֆուտբոլասերների զարմանքը, որն այնուհետեւ փոխվեց զայրույթի, երբ հայտնի դարձավ դրդապատճառը։
Բնականաբար, «Ազգի» թղթակիցը եւս շտապեց պարզել արարատցիների նման արտասովոր քայլի պատճառը։ Ինչպես տեղեկացրեց «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Գագիկ Գրիգորյանը, ակումբի հովանավորների խորհրդի նիստի որոշմամբ, թիմը բոյկոտեց «Փյունիկի» հետ խաղը, ի նշան բողոքիՙ Աղվան Մկրտչյանի «Փյունիկի» կազմում հայտավորելու ֆեդերացիայի վճռի դեմ։ Պրն Գրիգորյանը տեղեկացրեց, որ չնայած Աղվան Մկրտչյանն «Արարատ» ակումբի հետ մինչեւ 2004 թ. պայմանագիր ունի կնքած, սակայն ֆուտբոլի ֆեդերացիան հաշվի չառնելով դա, թույլատրել է նրան հանդես գալու «Փյունիկում»։
Մեր կողմից որոշ պարզաբանումներ տանք ընթերցողներինՙ կապված Աղվան Մկրտչյանիՙ «Փյունիկ» տեղափոխվելու հետ։ Դեռեւս անցյալ մրցաշրջանի ավարտին, երբ «Արարատում» կոնֆլիկտային իրավիճակ էր ստեղծվել, Աղվան Մկրտչյանն էլ մի խումբ ֆուտբոլիստների հետ հրաժարվում էր խաղալ «Արարատում»ՙ Արկադի Անդրեասյանի ղեկավարությամբ։ Մրցաշրջանի ավարտից հետո նա առանց թույլտվության (քանի որ պայմանագիր ուներ «Արարատի» հետ) մարզվում էր «Փյունիկում», որի կազմում էլ մասնակցեց հունվարին Մոսկվայում անցկացված ԱՊՀ երկրների չեմպիոնների գավաթի մրցաշարին։ Նման արարքի համար Աղվան Մկրտչյանը ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ 3 ամսով որակազրկվեց, իսկ «Փյունիկ» ակումբը ենթարկվեց դրամական տուգանքի։ Աղվան Մկրտչյանը կտրականապես հրաժարվում էր խաղալ «Արարատում»ՙ նշելով, որ ակումբը պայմանագրով նախատեսված պարտավորություններն իր հանդեպ չի կատարում։ Պայմանագիրը չեղյալ համարելու հայցով նա դիմել էր դատարան։ Այդքանից հետո, երբ մայիսի սկզբին լրացել էր ֆուտբոլիստի որակազրկման ժամկետը, ֆուտբոլի ֆեդերացիայի ֆուտբոլիստների կարգավիճակի կոմիտեն հաշվի առնելով, որ Աղվան Մկրտչյանն ազգային եւ երիտասարդական հավաքականների թեկնածու է, հեռանկարային ֆուտբոլիստ է եւ որպեսզի չկորցնի մարզավիճակը, թույլատրել էր նրան հայտավորվելու եւ հանդես գալու «Փյունիկում», մինչեւ որ «Արարատ» ակումբը ֆեդերացիա կներկայացներ ֆուտբոլիստի տրանսֆերային գումարը որոշելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Աղվան Մկրտչյանն արդեն մոտ 2 ամիս է, խաղում է «Փյունիկում», իսկ «Արարատը», ըստ ֆեդերացիայի ներկայացուցիչների, մինչ օրս չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։ Սա է ողջ պատմությունը։ Իսկ արդյունքում տուժեց ֆուտբոլը, տուժեցին հանդիսականները, որոնք մարզադաշտ էին եկել գեղեցիկ խաղի ակնկալիքով, սակայն հեռացան հիասթափված ու զայրացած։ Հայկական ֆուտբոլում հերթական արտառոց դեպքը պետք է լուրջ քննության առարկա դառնա ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայում եւ արժանի գնահատական տրվի կատարվածին։
Երեկ կայացած մյուս երկու հանդիպումների արդյունքներն են. «Լոռի»¬«Սպարտակ»ՙ 1¬6,«Արցախ»¬«Միկա»ՙ 2¬2։