«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2002-06-27 | #120, 2002-06-28 | #121, 2002-06-29


ՎԱԶԻԱՆԻՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԹԲԻԼԻՍԻ, 28 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր ավարտվել են հունիսի 17¬ից Վրաստանի պաշտպանության նախարարության Վազիանի ռազմահանգրվանում անցկացվող ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2002» զորավարժությունները։ Ինչպես հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է զորավարժությունների ղեկավար, ՆԱՏՕ¬ի հարավարեւելյան միացյալ շտաբի հրամանատար թուրք գեներալ Օքտար Ատամանը, Վրաստանում կայացած զորավարժությունները ցույց տվեցին, որ ՆԱՏՕ¬ն եւ դաշինքի գործընկերները պատրաստ են խորացնելու համագործակցությունը։ Նրա ասելով, վարժանքների մասնակիցներն իրենց երկրներ կվերադառնան «նոր փորձով, որը միշտ անհրաժեշտ կլինի խաղաղության, կայունության եւ անվտանգության ամրապնդման համար»։ Գեներալը զորավարժությունների մասնակից երկրների ստորաբաժանումների հրամանատարներին հանձնել է ՆԱՏՕ¬ի հավաստագրեր։

Զորավարժություններին մասնակցել են ՆԱՏՕ¬ի անդամ վեց երկրներիՙ Կանադայի, Հունաստանի, Հունգարիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ¬ի, ինչպես նաեւ դաշինքի գործընկեր ինը պետություններիՙ Հայաստանի, Ավստրիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Լիտվայի, Մոլդովայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի ստորաբաժանումները։ Նախատեսվում է, որ ՆԱՏՕ¬ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում հաջորդ վարժանքները կանցկացվեն Հայաստանում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4