«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2002-06-27 | #120, 2002-06-28 | #121, 2002-06-29


ԲԵՆԶԻՆԸ ՇՈՒՏՈՎ ԿԷԺԱՆԱՆԱ

Տեղեկացանք «Ֆլեշ» ընկերությունից

Վերջին օրերին ներքին շուկայում բենզինի գները էական աճ արձանագրեցին։ Դրա պատճառների մասին տարբեր կարծիքներ հայտնվեցինՙ սկսած գլխավոր ներմուծողներից մեկիՙ «Միկա լիմիտեդի» շուկայից դուրս գալուց մինչեւ միջազգային գների աճը։ Մինչդեռ բենզին ներմուծող մեկ այլ խոշոր ընկերությունիցՙ «Ֆլեշից» մեր ստացած տեղեկություններն այլ բան էին ասում։ «Ինչո՞վ բացատրել բենզինի թանկացումը» մեր հարցին պատասխանելովՙ ընկերության լրատվության հարցերով պատասխանատուն նախ նշեց, որ իրենց լցակայաններում գները մնացել են անփոփոխ։ «Նորմալ» բենզինի 1 լիտրն արժե 260, «ռեգուլյարը»ՙ 270, «պրեմիումը»ՙ 290 դրամ։ Այս գները «Ֆլեշը» կարողացել է պահպանել շնորհիվ կուտակած պաշարների, քանի որ շուկայում որոշակի դեֆիցիտ էր առաջացել։ Դրա պատճառները, ըստ ընկերության ներկայացուցչի, կապված էին Ռուսաստանի հարավում տեղի ունեցած բնական աղետի հետ, այդ պատճառով որոշ ժամանակ դադարեցվել էր Նովոռոսիյսկից հում նավթի տեղափոխումը Բուլղարիա, որտեղ էլ մշակվում է եւ դառնում բենզին։

Այս ընթացքում, դարձյալ «Ֆլեշի» ներկայացուցչի հավաստմամբ, մեկ-երկու ընկերություններ, մասնավորապես «Մաքս գրուպը», որը նույնպես բենզին է ներկրում Հայաստան, բարձրացրին գները։ Սակայն դա ժամանակավոր կլինի, քանի որ բենզին ներկրող մի քանի ձեռնարկությունների վարձակալած 5 հազար տոննա բեռնատարողությամբ նավնՙ արդեն ձեռք բերված բենզինով բեռնավորված, Բուլղարիայից դուրս է եկել ու հասել Փոթի։ «Ֆլեշ», «Միկա», «Ռան օյլ», «Ագրո պետրոլ», «Գանձասար» ընկերությունները համատեղ են գնում բենզինը, քանզի մեծաքանակ գնումներ մեկ կազմակերպություն չի կարող անել։ «Ֆլեշի» ներկայացուցիչը նշեց, որ արդեն 4¬5 օր հետո բենզինը կէժանանա եւ գուցե ավելի էժան լինի, քան եղել էր մինչեւ թանկացումը։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4