«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2002-06-27 | #120, 2002-06-28 | #121, 2002-06-29


ԼՂՀ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԱՇԽԱՏԵԼ

Ամառային արձակուրդի գնալուց առաջ ԼՂՀ խորհրդարանի նախագահությունն ամփոփեց երրորդ գումարման 4-րդ նստաշրջանի կատարած աշխատանքները։ Համաձայն ԱԺ նախագահության տեղեկանքի, փետրվար-հունիս ամիսներին գումարվել է 6 լիագումար նիստ։ Քննարկվել եւ ընդունվել է ԼՂՀ 43 օրենք։

Իրենց կարեւորությամբ եւ քանակապես առանձնանում են դատաիրավական համակարգի բարեփոխումների, տնտեսական եւ սոցիալական ոլորտներին վերաբերող օրենքները։ Ընդ որումՙ օրենքներից 3-ը ընդունվել են ԼՂՀ նախագահի, 26-ըՙ կառավարության, 14-ըՙ պատգամավորների նախաձեռնությամբ։

Ընդհանուր առմամբ, գործող խորհրդարանն իր գործունեության վերջին երկու տարում ընդունել է 114 օրենք, մոտավորապես այնքան, որքան նախորդ գումարման 4 տարում։ ԱԺ մշտական հանձնաժողովներում ներկայումս շրջանառության մեջ է 17 օրինագիծ։

Խորհրդարանի 6 մշտական գործող հանձնաժողովներից ամենաշատը ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովն է նախաձեռնություններ մտցրել ԱԺ օրենսդրական գործունեության ծրագիր (17 նախաձեռնություն, մյուսները սահմանափակվել են առավելագույնը 5 նախաձեռնություններով։

Նստաշրջանի ընթացքում ԱԺ նախագահի, փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների ու առանձին պատգամավորների կողմից ընդունելություններ եւ հանդիպումներ են կայացել Ստեփանակերտում եւ Երեւանումՙ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ, ինչպես նաեւ ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ, ԻԻՀ խորհրդարանների անդամների, ԵԱՀԿ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի, մի շարք այլ երկրների պետական եւ քաղաքական գործիչների հետ։

ԱԺ ընդունած օրենքներից 3-ը ԼՂՀ նախագահը վերադարձրել է կրկնակի քննարկման։ Չորրորդ նստաշրջանում չի հաջողվել ձեւավորել ԱԺ վերահսկիչ պալատը, որի գլխավոր պատճառը, ըստ տեղեկանքի, համապատասխան աշխատանքային պայմաններ չունենալն է։ Այդ հարցը ակնկալվում է լուծել հաջորդ նստաշրջանի սկզբին։

Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4