ԲԱՔՈՒ, 3 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ադրբեջանը չի պատրաստվում դիմավորել Անդրեաս Գրոսինՙ Եվրախորհրդի դիտորդական կոմիտեի զեկուցողին, որ Ադրբեջան կժամանի հուլիսի 15-ին։ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են աշխատել այս անձի հետ, չնայած Եվրախորհրդի անդամակցության գործընթացի շրջանակներում Բաքուն պարտավորվել է պայմաններ ապահովել ԵԽ ներկայացուցիչների այցերի համար եւ չսահմանափակել նրանց գործունեությունը։ «Եվրախորհրդի անդամները անձեռնմխելի են։ Այդ իսկ պատճառով ոչ իշխանությունները, ոչ այլ մարմիններ իրավասու չեն սահմանափակել Եվրախորհրդի անունից Ադրբեջան ժամանողների այցը», նշում է ANS գործակալությունը։ Միաժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մեթին Միրզան հայտարարել է, թե ԱԳՆ-ը խորհրդարանից չի ստացել ցուցում Գրոսին այցահրավեր չտրամադրելու վերաբերյալ։ «Եվրախորհրդի ներկայացուցչին օդակայանից հետ ուղարկելը ոչ միայն էթիկայի խախտում կլինի, այլեւ կվնասի Ադրբեջանի միջազգային հեղինակությանը», նշել է նա։