«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2002-07-02 | #123, 2002-07-03 | #124, 2002-07-04


ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՇՈՒՏՈՎ ԶԳԱԼԻ ԿԴԱՌՆԱ ՀԱՍԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՄԱՐ

Համոզված է ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը

Երկու-երեք տարի առաջ Արցախում ներդրումների մասին խոսելը նույնիսկ իրական չէր թվում։ Այսօր ներդրումների շնորհիվ Ղարաբաղի տնտեսությունը վերականգնվում եւ բռնում է զարգացման ուղին։ Կարճ ժամանակահատվածում պատերազմող երկիրը լուրջ հաջողություններ է արձանագրել։ Եվ այսօր Արցախի տնտեսության զարգացմանը նպաստող գործընթացները փաստում են, որ դժվարությունները շուտով անցյալում կմնան։ Նման լավատեսություն էր ներշնչում ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ ունեցած մեր զրույցը։

¬ Պրն Դանիելյան, վերջին տարիներին Արցախում ի՞նչ ծավալի ներդրումներ են կատարվել եւ ո՞ր բնագավառներում։

¬ Ներդրումները տարբեր ենՙ բանկային համակարգ, գյուղատնտեսական մթերքների վերամշակում, արդյունաբերություն, հաղորդակցության համակարգ եւ այլն։ Նոր արտադրություններ են հիմնվելՙ ժամացույցի գործարան, ադամանդի վերամշակում, ոսկերչական գործարան, կաբելի գործարան, պոլիէթիլենային խողովակների արտադրություն։ Այս շարքը եւս երկար կարելի է թվարկել։ Մենք ունենք ե՛ւ փոքրածավալՙ 100 հազար դոլարի, ե՛ւ խոշորՙ 15 մլն դոլարի ներդրում։ Ներդնողները մեծ մասամբ սփյուռքահայեր են աշխարհի տարբեր երկրներիցՙ Ավստրալիայից, Եվրոպայից մինչեւ Ռուսաստան։ Ունենք նաեւ օտարազգի ներդնողներ։

¬ Ղարաբաղը ռիսկային գոտի է, միջազգային հանրության կողմից չճանաչված երկիր։ Այս հանգամանքը խոչընդոտ չէ՞ արդյոք գործարարի համար, որ պատրաստվում է գումար ներդնել։

¬ Ղարաբաղը եղել եւ մնում է ռիսկային գոտի նաեւ գործարարի համար։ Երկու տարի առաջ, երբ մենք սկսեցինք տնտեսական բարեփոխումները, հաշվի առանք այս հանգամանքը եւ մտածեցինք ներդնողի համար գրավիչ պայմաններ ստեղծելու մասինՙ ի հակակշիռ ռիսկայնության։

¬ Եթե մանրամասնենք, որո՞նք են գրավիչ պայմանները։

¬ Առաջին հերթին ներդրումների ապահովվածությունն է, որ երաշխավորում է պետությունը, կոռուպցիայի պակասը եւ, իհարկե, հարկային դաշտը։ Ներդնողն առաջին հերթին շահի մասին է մտածում։ Բնականաբար, մեղմ հարկային դաշտը ներդրումների համար կարեւոր նախապայման է։ Եթե, օրինակ բերենք, Հայաստանում հիմնական «վախեցնող» հարկատեսակը շահութահարկն է։ 1999 թ.-ին Ղարաբաղում, ինչպես Հայաստանում է, շահութահարկը 25 տոկոս էր, այժմՙ 5 տոկոս։ Եթե 99-ին այս հարկատեսակով մենք հավաքում էինք 230 մլն դրամ, այս տարի այդ գումարը 50 տոկոսով ավելի կլինի։ Այսօր Ղարաբաղում գործում է 5 տոկոս եկամտահարկ։ Երբ բարեփոխումները սկսեցինք, եկամտահարկը 32 տոկոս էր։ Մյուս հարկատեսակը սոցիալական վճարներն են, որ 31 տոկոսից իջեցրինք 13 տոկոսի։ Անցյալ տարի այս հարկատեսակով եւս ակնկալածից 200 մլն դրամով ավելի հավաքեցինք։

Փաստորեն, հարկային այս մեղմացումից հետո ավելի շատ հարկեր ենք կարողանում հավաքել։ Հարկային վարչարարությունն, իհարկե, պետք է լինի, բայց այնպիսի դրույքաչափեր են անհրաժեշտ, որ գործարարը կարողանա վճարել հարկերը եւ շրջանառու միջոցներ ունենա աշխատանքը շարունակելուՙ ստիպված չլինելով խախտել օրենքները։

Մենք աջակցում ենք նաեւ, որ ներդնողը չենթարկվի բյուրոկրատական քաշքշուկների։ Այսօր գործարարը կարող է գալ Ղարաբաղ, կես օրվա ընթացքում կարգավորել փաստաթղթային հարցերը եւ սկսել աշխատանքը։ Ներդնողին պետք է խրախուսել եւ աջակցել, չխանգարել նրան։

¬ Ինչպե՞ս կողմնորոշվի ներդնողը, այսօր գործ սկսելու համար ի՞նչ հնարավորություններ կան Լեռնային Ղարաբաղում։

¬ Տարբեր ոլորտների վերաբերյալ մենք պատրաստ ծրագրեր ունենք, որ կարող ենք առաջարկել ներդնողին։ Եթե խոսքը լայնածավալ, խոշոր ներդրումների մասին է, ես կնշեի էներգետիկայի բնագավառը։ Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց առաջիկայում այս ոլորտում եւս հավանաբար ներդրում կլինի։ Այս բնագավառում ամենաշահավետ եւ գրավիչ պայմաններն են գործարարի համար։ Ներդրումային հնարավոր ծավալը 100 մլն դոլար է։

Երկրորդ գրավիչ բնագավառը, որ կցանկանայի նշել, հանքարդյունաբերությունն է։ Այստեղ հետազոտություն է կատարվում, կան լուրջ հնարավորություններՙ ոսկու, արծաթի, պղնձի, ցինկի, շպատի պաշարներ։ Հանքարդյունաբերության ոլորտում եւս 50¬60 մլն դոլարի հնարավորություն կա։

Փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում եւս լուրջ հնարավորություններ կան, մանավանդ գյուղատնտեսական մթերքների վերամշակման գործում։ Այսօր գյուղմթերքների արտադրությամբ մենք նույնիսկ ներքին շուկան չենք բավարարում։ Լուրջ հիմքեր կան վերամշակող ձեռնարկություններ հիմնելու համար։

Կցանկանայի նշել նաեւ արդեն սկսված հյուրանոցաշինությունը եւ զբոսաշրջության զարգացման համար առկա հնարավորությունները։ Կան արդեն ներդրումներ Ավստրալիայից («Նաիրի» հյուրանոցը), շվեյցարական մի ընկերություն կառուցում է «Ղարաբաղ» հյուրանոցը, որ հաջորդ տարվա կեսերին արդեն շահագործման կհանձնվի։

¬ Շուշիում ներդրումներ քիչ են արվում, ի՞նչ հեռանկարներ կան քաղաքի վերականգնման համար։

¬ Շուշին մեզ համար ամենացավոտ հարցերից է։ Շուշիի ավերվածությունն այնքան մեծ է, որ Լեռնային Ղարաբաղն իր ուժերով չի կարող վերականգնել քաղաքը։ Սա, կարծում եմ, համազգային խնդիր է եւ լուրջ միջոցներ է պահանջում։ Այս ուղղությամբ քայլեր արդեն կատարվում ենՙ ամերիկահայերը հյուրանոց են կառուցում, ադամանդի վերամշակման ձեռնարկություն կլինի, բայց կրկնեմ, որ այս խնդիրը բարդ է եւ լուրջ ներդրումներ է պահանջում։

¬ Տնտեսության զարգացումը լայն թափ է ստացել։ Որքանո՞վ է այդ աշխուժացումն անդրադարձել հասարակ քաղաքացու ապրելակերպի վրա։ Շա՞տ է գործազուրկների թիվը։

¬ Հետպատերազմյան շրջանում առաջին հինգ տարին վերականգնման ժամանակաշրջան էր, երկրորդ հնգամյակըՙ կայացման տարիներ, հաջորդ հինգ տարին արդեն զարգացման ժամանակաշրջան կլինի։ Եթե ինձ մեկ տարի առաջ հարցնեինՙ ժողովուրդը զգո՞ւմ է տնտեսության աշխուժացումը, ես կպատասխանեի, որ չի զգում։ Այսօր կարող եմ ասել, որ մարդիկ տեսնում են այդ զարգացումները։ Երկու տարի հետո վստահաբար բոլորն անմիջականորեն կզգան տնտեսության աճը։

Չնայած ունենք արտադրության զգալի աճ, բայց անկումն այնքան մեծ էր, որ միանգամից շոշափելի զարգացումներ հնարավոր չէ ակնկալել։ Եթե մեզ հաջողվի 10¬11 հազար աշխատատեղ ստեղծել, գործազրկության սրությունը կհաղթահարվի։ Կարծում եմՙ դրա համար 4¬5 տարի կպահանջվի։ Լուրջ աշխատանքներ են այժմ տարվում նախկին շրջկենտրոններում։ Ասկերանում գրեթե 90 տոկոսով գործազրկությունը հաղթահարված է։ Լուրջ աշխատանքներ են իրականացվում Մարդակերտի շրջանում։ Վերջերս շահագործվեց թռչնաբուծական ֆերման։ Ներդնողն, ի դեպ, Լուսակերտի թռչնաբուծական ֆերման է։ Մարտունու գինու գործարանի վերականգնման աշխատանքներ են տարվում։

Չնայած Լեռնային Ղարաբաղը չճանաչված պետություն է եւ ռիսկային գոտի է համարվում, ներդրումներ կան եւ ակնկալվում են։ Դա տնտեսական բարեփոխումների արդյունք է։ Իսկ այն ներդնողները, ովքեր կասկած ունեին եւ թերահավատ էին, որ Ղարաբաղում կարելի է բիզնես ծավալել, այսօր համոզվում են, հաշվի առնելով նախորդ, արդեն կայացած ներդնողների փորձը։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4