«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2002-07-02 | #123, 2002-07-03 | #124, 2002-07-04


ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԵԿՈՒԼՅԱՑԻԱ ՎԵՐԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԱՋՈՎ

Մեծամասնությունն ապացուցում է իր անողնաշարությունը

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորհրդարանում սկսվեց կյանքի կոչվել «ինչ կարծիքի ուզում են լինեն հասարակությունը եւ կուսակցությունները, ամեն ինչ որոշելու է քվեարկությունը» կարգախոսըՙ կապված ընտրական օրենսգրքի նոր «բարեփոխումների» հետ։

64 մեծամասնական ցուցակներով ընտրված պատգամավորների նախաձեռնությամբ արդեն երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծում ավելացվել են 4 նոր հոդվածներ, որոնցից 3-ը ուղղված են 2000 թ. ձեռք բերված քաղաքական համաձայնությունները տապալելուն։ Այսպես նախատեսվում է 56 համամասնական տեղերը փոխարինել 75-ով, 75 մեծամասնականըՙ 56-ով։ Այն դեպքում, երբ 2 տարի առաջ համամասնությունները փոխվեցին 94/37ՙ հօգուտ համամասնականի։ Ի դեպ, այդ ժամանակ տարբերակն ընտրվեց ոչ միայն կուսակցությունների, այլեւ մեծամասնական ընտրացուցակներով ընտրված պատգամավորների հետ փոխզիջման արդյունքում, եւ նոր նախաձեռնությունն իսկապես ավելի չէ, քան պայմանավորվածությունների խախտումը։

Հետաքրքրականը, սակայն, այն է, որ քաղաքական մեծամասնությունըՙ Հանրապետական կուսակցությունն է պաշտպանում նոր նախաձեռնությունը, այն հիմնավորմամբ, թե իրենք չէին կարող չընդառաջել 64 պատգամավորների ցանկությանը։ Ինչ վերաբերում է օրերս Պարույր Հայրիկյանի արած հայտարարությանը, թե հանրապետական Գագիկ Մինասյանն իրեն ասել է, թե ճնշումների են ենթարկվում, բացառեց ինքըՙ Մինասյանը, միաժամանակ նշելով, թե «հիմա եւս կայացել է համաձայնություն, եւ դա է, որ մեզ թույլ է տալիս փոփոխություն կատարել հոդվածում։ Այդ համաձայնությունը կայացել է խորհրդարանում ներկայացված ուժերի հետ»։

Քաղաքական մյուս ուժերի վրա արված նման դիվերսիան վնասազերծեցին խորհրդարանական ուժերը։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը հայտարարեց. «Մեծամասնականի, համամասնականի փոփոխությունը բացարձակապես համաձայնեցված չէ մեզ եւ տեղյակ եմ, նաեւ այլ քաղաքական ուժերի հետ։ Սա մեծամասնականով ընտրված պատգամավորների նախաձեռնությունն է, որը պաշտպանում է Հանրապետական կուսակցությունը։ Այլ կարգի համաձայնություն գոյություն չունի»։

Գրեթե նույն միտքն էր արտահայտվում «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանի խոսքում. «Մենք բոյկոտելու ենք քվեարկությունը։ Եղել է առաջարկություն, որ կանգնենք 46 մեծամասնականի տեղերի վրա, բայց... պատճառաբանում են, որ իրենք խնդիրներ ունեն կուսակցության ներսումՙ կապված իրենց մեծամասնական տեղերի հետ»։

Վերոհիշյալից կարելի է ենթադրել, թե ճնշումների մասին խոսակցությունները գալիս են հենց ՀՀԿ-ի ներսից, որը շատ բնական է։ ՀՀԿ-ի եւ կառավարության ցանկացած օրինագիծ պաշտպանելու դիմաց մեծամասնականով ընտրված պատգամավորները հստակ փոխհատուցում են պահանջում, իսկ ՀՀԿ-ն, որը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի կազմում, չի կարող հաշվի չառնել այնպիսի խոշոր ֆակտորը, ինչպիսին մեծամասնական պատգամավորներն են։ Այս լուռ փոխհամաձայնությունը, որն իր հայտարարությամբ Արշակ Սադոյանը «քաղաքական առեւտուր» անվանեցՙ իր պարզորոշ դրսեւորումը գտավ ԱԺ կանոնակարգումՙ փոփոխությունների շուրջ քվեարկության ժամանակ, երբ 109 ներկա պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին միայն 73-ը, որոնցից 71-ը կողմ էին իրենց ազատությունները սահմանափակող օրինագծին։

Ինչեւէ, նման «սպեկուլյացիաների» միջոցով Հանրապետական կուսակցությանը հաջողվում է մեկ զարկով երկու նապաստակ որսալ։ Մի կողմից ենթարկվելով ճնշումներինՙ հնարավորություն է տալիս մեծամասնականներին անցկացնել նախագիծը, որն իրատեսական է, մյուս կողմիցՙ խուսափում է ուղղակի հաստատել, որ նախագիծը բխում է նաեւ իր շահերից։ Իսկ ընդունվելուց հետո պատասխանատվության ողջ ծանրությունը գցում է նախագահի վրա, որի ստորագրումից հետո միայն օրենքն ուժի մեջ կմտնի։ Այս պարագայում եթե նախագահը վետոյով հետ ուղարկի նախագիծը, այն պետք է հաղթահարվի պատգամավորների 2/3-ով, որն անհնար է պատկերացնելն անգամ։

Հետաքրքրական է նաեւ, որ նախագիծը ներկայացվում է արտահերթ նստաշրջանի օրակարգում, ներկայացնելու իրավունքը պատկանում է կառավարությանը։ Ստացվում է, որ այս անգամ եւս գործադիրն անուղղակիորեն միջամտում է օրենսդրի ներքին գործերին։ Այս հանգամանքը հաշվի առավ նաեւ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, որը հայտարարեց, թե խորհրդարանն ապացուցում է իր բացահայտ կախվածությունը կառավարությունից։

Այնուամենայնիվ, համամասնությունների հարցը թերեւս միակ հակասական կետն է նախագծում։ Քաղաքական լուծում պահանջող մյուս խնդիրներումՙ ընտրացուցակներ, հանձնաժողովների ձեւավորում, ձեռք են բերվել համաձայնություններ։ Մասնավորապես մարզային ընտրական հանձնաժողովները փոխարինվում են ընտրատարածքայինովՙ հավասար մեծամասնական տեղերի հետ, որն իր վերահսկողության տակ է առնում ընտրացուցակների կազմավորումը համայնքներում։ Ընդ որում, քվեարկությունից առաջՙ երկու օրվա ընթացքում այլեւս բացառվում է որեւէ փոփոխություն կատարելը ցուցակներում։ Իսկ քվեարկության օրը բացառվում է դատարան դիմելըՙ ընտրելու իրավունքի ձեռքբերման հարցերով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեւավորում են նախագահի 3 ներկայացուցիչները եւ մեկականՙ ԱԺ խմբակցությունները, բացառվում է ԿԸՀ-ի անդամի հետկանչը։ Բանակն իրավունք չունի մասնակցելու մաժորիտար ընտրակարգով ընտրությանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4