Երեկ հայաստանյան մամուլում հազվադեպ (եթե չասենք բացառիկ) դեպք արձանագրվեց։ «Առավոտ» օրաթերթն իր հուլիսի 3-ի համարում հերքեց վերջին 6 ամիսների ընթացքում իր թղթակիցների ստորագրությամբ հրապարակված միանգամից 7 հոդվածներում (որոնք առնչվում էին բանկային համակարգին) նշված բոլոր փաստերը։ Այդ կրկնակի (1-ին եւ 4-րդ էջերում) հերքումը կարդալիս առաջին տպավորությունն այն էր, որ այս թերթը հավատարիմ է իր որդեգրած գործելաոճին։ Այն էՙ նախ վարկաբեկող (խոսքը քննադատականի մասին չէ) հրապարակում որեւէ անձի, կառույցի, համակարգի վերաբերյալ, ապա տրամագծորեն հակադիր բովանդակությամբ հոդված կամ հերքում անմիջապես հաջորդ օրը, բնականաբար, շահագրգիռ կողմի հետ որոշակի «բանակցություններից» եւ նրանից «արդար» բաժին ստանալուց հետո։ Սակայն այս անգամ հերքման խղճահարույց տոնը, տարբեր էջերում կրկնելը եւ, ի վերջո, ոչ ավել, ոչ պակաս 7 հոդվածներից հրաժարվելու փաստն այլ եզրակացությունների են հանգեցնում։
Առաջին եզրակացությունն այն է, որ օբյեկտիվ ձեւացող օրաթերթը եւ նրա գլխավոր խմբագիրը ընկել էին խիստ նեղ վիճակի մեջ։ Վերջինս ստիպված է եղել պատասխան տալ իր խմբագրությամբ հրապարակված տեղեկությունների վերաբերյալ, որոնք, իր իսկ խոստովանությամբ, պարզվել է, որ ապատեղեկատվություն են եղել։ Այս եզրակացության համար հիմք է հանդիսացել լավատեղյակ աղբյուրներից մեր ստացած տեղեկությունը, որ եթե հերքումը չլիներ, ապա «Առավոտը» ստիպված կլիներ կանգնել դատարանի առջեւՙ նյութական մեծ կորուստներ կրելու ոչ հաճելի հեռանկարով։
Երկրորդ եզրակացությունն այն է, որ «Առավոտն» առաջին անգամ հրապարակավ ընդունեց սեփական անգրագիտությունն ու անիրազեկությունը։ Դրա համար այս թերթին հարկավոր էր միայն «նոր լրագրողական հետաքննություն» եւ 6 ամիս ժամանակ։ Ինչպես ասում ենՙ լավ է ուշ, քան երբեք։ Իսկապես արտառոց երեւույթ է, երբ որեւէ թերթ առանց առարկությունների եւ սեփական տեսակետները պաշտպանող նոր հրապարակումների կամ պարզաբանումների ներողություն խնդրի իր 7 հրապարակումների համար։
Մնում է միայն ավելացնել մեր խորհուրդը «Առավոտին»ՙ զերծ մնալ «պայմանավորվածությունների» ակնկալիքով արվող հրապարակումներից, ինչի պատճառով ստվեր է ընկնում մամուլի վրա ընդհանրապես եւ ինչից երբեմն հնարավոր է «վառվել»։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ