«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2002-07-02 | #123, 2002-07-03 | #124, 2002-07-04


ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԶՈՐ ՈՒԺ ԵՆ, ՍԱԿԱՅՆ...

Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի մեջ կարեւորագույն տեղ է հատկացվում լրատվամիջոցներին։ Կոռուպցիայի դեմ պայքարում ԶԼՄ-ների դերը, ինչպես եւ այլ կարեւոր հարցեր հուլիսի 2¬3-ը քննարկվում էին Թեքեյան կենտրոնում անցկացվող «Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի միջանկյալ հաշվետվություն» սեմինարի ընթացքում, որին մասնակցում էին ՀՀ կառավարության, նախարարությունների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային եւ տեղական փորձագետներ։

Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման միջազգային փորձագետ Թոմ Սամուելյանը համոզված է, որ կոռուպցիայի դեմ պայքարում կարեւորագույն է լրատվամիջոցների դերը։ Նախՙ հարցում հասարակության տեղեկացվածությունն ապահովելու, քաղաքացիական գիտակցության բարձրացմանը նպաստելու, կառավարման օղակներին զգաստ պահելու եւ այլ առումներով։ Առարկել այս պնդմանըՙ հնարավոր չէ։ Մեզանում այսօր լրատվամիջոցները, գուցե եւ ոչ մեծ թափով, այնուամենայնիվ, ծավալել են պայքար կոռուպցիայի դեմ։ Դրա ապացույցը հետաքննական ժանրի օրեցօր զարգացումն է, եւ այսօր մամուլի էջերում բազմաթիվ բացահայտումների կարելի է հանդիպել։

Խնդիրը, սակայն, այն է, որ լրագրողները հետեւողական չեն կամ ուղղակի հնարավորություն չունեն հետեւողական լինելու բացահայտումից հետո մեղավորի «ճակատագրին»։ Սա էլ երեւի պատճառ է ամենաթողության ու այն հանգամանքի, որ բացահայտված մեղավորները, ովքեր շատ դեպքերում պետական կառավարման օղակում փոքր պաշտոն չեն զբաղեցնում, պարզապես անպատժելիության համոզվածություն ունեն ու անձեռնմխելի են, եւ հրապարակումները հնչում են իբրեւ ձայն բարբառո հանապատի։

Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը քննարկման է ներկայացնում մի շարք քայլեր, որոնց իրականացումը կնպաստի կոռուպցիայի դեմ լրատվամիջոցների առավել արդյունավետ պայքարին։ Երեւի թե հիմքերի հիմքը ոչ միայն լրատվամիջոցների, այլեւ բոլորիս համար օրենքների գերակայությունն է եւ իրավական պետություն ստեղծելու ցանկությունը։ Սա է թերեւս այն միջոցը, որն անկառավարելի դարձած կոռուպցիայի մետաստազներից ազատվելու եւ կոռուպցիան հնարավոր նվազագույնի հասցնելու միջոց կդառնա։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4