ԲԱՔՈՒ, 3 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հունիսի 28-ին Իվանովոյի մարզի Օտռադնոյե ավանում սպանվել է տեղի ադրբեջանական համայնքի ազդեցիկ եւ հեղինակավոր ներկայացուցիչ Սեիդով Յարահմեդ Սեիդ-Հուսեյն օղլուն (ծնվ. 1960 թ.), որն ավելի շատ հայտնի է Յարիկ մականունով։ Առավոտյան տասին Սեիդովը դուրս է եկել տնից եւ նստել իր «Մերսեդես-230» ավտոմեքենան։ Չի հասցրել մեքենան շարժվել տասը մետր, երբ հնչել է ուժեղ պայթյուն։ «Շտապ օգնության» մեքենան տուժյալին փոխադրել է հիվանդանոց, որտեղ պայթյունից երկու ժամ անց նա մահացել է գիտակցության չգալով։ Ինչպես «Էխո»-ին հայտնել է Համառուսական ադրբեջանական կոնգրեսի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Սարրաֆ Մամեդովը, Յա. Սեիդովը վերահսկում էր մի քանի առեւտրական օբյեկտներ Իվանովոյի մարզում եւ, ինչպես ասում են, սերտ բարեկամություն էր անում տեղի օրենքով գողերի հետ։ Մեծ հարգանք էր վայելում հանցավոր աշխարհում, քանի որ քառակի դատվածություն ուներ։ Սակայն վերջին տասը տարիներին իրավապահ մարմինները չէին նկատել օրենքի որեւէ լուրջ խախտում նրա կողմից։ Առավել իրատեսական վարկածն այն է, որ սպանությունը կատարվել է ազդեցության ոլորտների վերաբաժանման հողի վրա։