Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ էր հրավիրելՙ օրակարգում ունենալով միայն մեկ հարց։ Այն վերաբերում էր մեծամասնական ընտրակարգով թիվ 67 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրության վերաքվեարկություն նշանակելուն, քանի որ 2002 թ.-ի հունիսի 29-ին թիվ 67-ում մայիսի 19-ին լրացուցիչ ընտրությունների արդյունքները վիճարկելու կապակցությամբ Սահմանադրական դատարանը որոշել է նշված ընտրությունը ճանաչել անվավեր։
Հանձնաժողովի անդամներից ոմանք կարծում էին, որ տվյալ դեպքում վերաքվեարկության օր նշանակելը օրենսդրությամբ ճիշտ չէ, քանի որ, ընտրական օրենսգրքի հ. 118 (3)-ի համաձայն, ԱԺ լիազորությունների 4-րդ տարում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ չեն անցկացվում։
ԿԸՀ նախագահը պարզաբանեց, որ հուլիսի 14-ին կայանալիք ընտրությունը ոչ թե լրացուցիչ է, այլ մայիսի 19-ի լրացուցիչ ընտրության շարունակությունը։
Հետո ԿԸՀ անդամները սկսեցին վիճել, թե ինչո՞ւ է այս հարցով զբաղվում ԿԸՀ-ն եւ ոչ թե Շիրակի ՄԸՀ-ն, թե արդյոք ԿԸՀ-ն իրավասո՞ւ է լուծել այս խնդիրը։ Ապա, շեղվելով օրակարգային հարցից, խոսեցին նաեւ ընտրությունների ժամանակ տեղի ունեցող խախտումների եւ դրանց համար ոչ մեկին պատասխանատվության չենթարկելու մասին։
ԿԸՀ նախագահը նշեց, որ, օրինակ, եղած ընտրացուցակներում ապագա տեղական, նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը կնշանակի վարկաբեկել պետությանը։
Ինչեւէ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց, որ վերաքվեարկությունը կկայանա հուլիսի 14-ին, Շիրակի ՄԸՀ նախագահին հանձնվեց ընտրությունների նախապատրաստման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ ԿԸՀ-ն նաեւ որոշեց վերաքվեարկության վերահսկողության կապակցությամբ Շիրակի մարզ գործուղել Շիրակի պատասխանատու Վահան Ասլանյանին։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Հետաքրքրական մի քննարկում էլ եղավ ԿԸՀ-ում. փորձում էին որոշել, թե օրենսդրական ո՞ր դրույթները կարելի է խախտել, որըՙ ոչ։ Եվ ոչ միայն։ Պարզվեց, որ ԿԸՀ անդամներից մեկ-երկուսը (գոնե), մեղմ ասած, լավ չգիտեին ընտրական օրենսգիրքը։