Երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցավ քաղաքաշինության խորհրդի ընդլայնված նիստ, որը վարում էր Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։ Խորհրդի քննարկմանը դրվեց օպերայի զբոսայգում գլխավոր հատակագծի կոնցեպցիան։
Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց օպերայի զբոսայգու գլխավոր հատակագիծը, ծավալվեց բուռն քննարկում, որի արդյունքում առաջարկվեց այսուհետեւ քաղաքաշինական խորհրդի քննարկմանը ներկայացնել քաղաքաշինական գոտեւորման սխեմաները։ Ռոբերտ Նազարյանը կարեւորեց խորհրդի մասնակցությունը Երեւանի քաղաքաշինական խնդիրների լուծման գործում եւ առաջարկեց մշակել քաղաքաշինական խորհրդի աշխատանքների արդյունավետ մեխանիզմներ։
Քաղաքաշինական խորհրդի հաջորդ նիստին քննարկման կդրվեն Հյուսիսային պողոտայի առանձին կառույցների նախագծերը։