«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2002-07-02 | #123, 2002-07-03 | #124, 2002-07-04


ԱՄՆ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ, ԻՐԱՆԻ ՀԵՏՙ ԱՌԱՋՆԱՅԻՆ

Վաշինգտոնին հաճելի լինելու համար անթույլատրելի է վտանգել հայ-իրանական բարեկամությունը

Հունիսի 11-ին Թուրքիայի նախագահ Սեզերը երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Իրան։ Վերջինիսՙ Իրաքի եւ Հյուս. Կորեայի հետ, ԱՄՆ նախագահ Բուշը տեղավորել է իր գծած «չարիքի առանցքում», իբր այս երեք պետությունները սպառնում են ԱՄՆ-ին եւ նրա դաշնակից պետություններին, արտադրում զանգվածային բնաջնջման զենքեր, պաշտոնապես հովանավորում միջազգային ահաբեկչությունը։ Ի դեպ, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն իրականացրած 19 օդահեններից եւ ոչ մեկը Իրանի, Իրաքի, Հյուս. Կորեայի քաղաքացի չէ, ոչ մի կերպ չի հաստատվել երեք պետությունների անգամ անուղղակի մասնակցությունը։

Մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի հավատարիմ ռազմավարական եւ ռազմական դաշնակիցը Թուրքիան է։ Իրանում Անկարայի դեսպան Ալփարը նախագահ Սեզերի Իրան այցի նախօրեին, պատասխանելով լրագրողի հարցին, թե նախագահ Բուշն Իրանին «չարիքի առանցք» է պիտակում, նշել է. «Դա Թուրքիային չի վերաբերում, թուրքական պետությունն անկախ է եւ ինքնիշխան»։

Ամերիկյան առաջատար մամուլը հոգատար կերպով անուշադրության մատնեց Սեզերի Իրան այցելությունը, ինչը հավանաբար բխում է Անկարայի նկատմամբ Վաշինգտոնի հոգատար վերաբերմունքից։ Ի դեպ, այցի ժամկետները բավականին հարմար էին ընտրվել։ Հունիսի 20-ին Թուրքիան Մեծ Բրիտանիայից ընդունեց Աֆղանստանում տեղակայված միջազգային խաղաղարար ուժերի հրամանատարությունը։ Ահա այս մասին գրեցին «Նյու Յորք թայմսը», «Վաշինգտոն փոստը», մյուս առաջատար օրաթերթերը, իսկ «Ուոլ սթրիթ ջոռնլը» ընդարձակ հոդվածով անդրադարձավ Վաշինգտոն-Անկարա ընդլայնվող եւ խորացող դաշնակցությանը։

Հայաստանի համար ԱՄՆ-ը բարեկամ պետություն է, բայց դաշնակից չէ։ Սակայն երբ խոսք է գնում Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների մասին, Վաշինգտոնի դիրքորոշումը Երեւանի նկատմամբ դառնում է ընդգծված անբարյացակամ։ Բավական է լրջորեն խոսվի Իրան-Հայաստան գազատարի շինարարության մասին, ամերիկացիները հիշում են «Իրան-Լիբիա պատժամիջոցների ակտը», ըստ որի չեն խրախուսվում Իրանի էներգակիրների ոլորտում 20 մլն դոլարից ավելի ներդրումները։ Մինչդեռ, օրինակ, Թուրքիան Իրանից բնական գազ է ներմուծում, իսկ մոտ ապագայում չի բացառվում իրանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա առաքելու հնարավորությունը։

ԱՄՆ նախագահ Բուշն Իրանին պիտակում է «չարիքի առանցք», սակայն դա հավասարապես չի վերաբերում ե՛ւ Թուրքիային, ե՛ւ Հայաստանին։ Հայկական պետությունը ոչ պակաս անկախ եւ ինքնիշխան է, որքան Թուրքիան։ Սակայն, եթե Թուրքիա-Իրան գործակցությունը Վաշինգտոնը հոգատար կերպով անտեսում է, ապա Հայաստան-Իրան հարաբերությունների ընդլայնման դեպքումՙ Երեւանի վրա բանեցնում է քաղաքական ճնշումներ։

Անցյալ տարեվերջին նախագահ Քոչարյանը պաշտոնական հաջողված այց կատարեց Թեհրան, այս տարի Երեւան ժամանեց Իրանի պաշտպանության նախարար Շամխանին, ստորագրվեց ռազմական բնագավառում հայ-իրանական հուշագիր։ Շուրջ երկու ամիս առաջ ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց 12 ընկերությունների եւ անհատների անունները, որոնք Իրանին վաճառել են երկակի նշանակության տեխնոլոգիաներ։ ԱՄՆ պետքարտուղարությունում Հայաստանի հարցերով զբաղվող մի պաշտոնյա, անունը չհրապարակելու պայմանով, նշում է, որ իրենք մի քանի անգամ տեղյակ են պահել Երեւանինՙ Իրան արգելված տեխնոլոգիաների արտահոսքի մասին, սակայն գործարքը չի կանխվել։ Պաշտոնյան ասում է, որ «Լիզին» գործարանի եւ Արմեն Սարգսյանի վրա կիրառվող երկամյա պատժամիջոցներն ուղղված չեն եւ չեն տարածվում Հայաստանի կառավարության վրա։

Վաշինգտոնի հայկական քաղաքական շրջանակներից մի աղբյուր «Ազգի» հետ զրույցում անհամաձայնություն հայտնեց, թե ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշումըՙ կապված «Լիզին» գործարանի հետ, ուղղված չէ Հայաստանի պետության դեմ եւ չի խոսում Վաշինգտոն-Երեւան հարաբերություններում առկա որոշակի խնդիրների մասին։ Ըստ աղբյուրի, սովորաբար «մութ գործարքները» բացահայտելու դեպքում ԱՄՆ-ը հարցերը կարգավորում է «վարագույրի հետեւում»։ Ի դեպ, «Լիզինի» եւ Արմեն Սարգսյանի անունները «սեւ ցուցակի» մեջ են մտցվել այդ ցուցակը հրապարակելու նախորդ օրնՙ ուշ երեկոյան։

Չնայած ԱՄՆ¬Իրան հարաբերությունների թշնամական ընթացքին, ներքուստ Վաշինգտոնը եւ Թեհրանը շահագրգիռ են հաղթահարելու քսանամյա վաղեմության խնդիրները։ Հայաստանի համար Մ. Նահանգները կարեւոր պետություն է, սակայն ոչ ավելի կարեւոր, քան Իրանը։ Իրանը մեր հարեւան միակ պետությունն է, որի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը բխում է Երեւանի կենսական շահերից։ Բարյացակամ հարեւաններ ունենալու առումով հարուստ չէ նաեւ Իրանը, այնպես որ Թեհրանի համար Երեւանն ունի առանցքային նշանակություն։ Ի վերջո, մեր հիշողության մեջ է ոչ վաղ անցյալը. երեք կողմից շրջափակված Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապվում էր Իրանով։ Մինչդեռ այդ օրերին Թուրքիան ԱՄՆ-ից թույլտվություն էր խնդրումՙ մի քանի ռումբ նետել Երեւանի վրա, վախեցնել հայերին։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Վաշինգտոն-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4