Ինչքան նախագահական ընտրությունները մոտենում են Հայաստանում եւ Ադրբեջանում, մրցակից քաղաքական խմբավորումները երկու երկրներում, ինչպես նաեւ արտաքին ուժերը, փորձում են ազդել այդ ընտրությունների արդյունքի վրա։
Երկու երկրներում էլ ընդդիմությունը մեղադրում է համապատասխան նախագահներին երկրի սոցիալ-տնտեսական վատ վիճակի համար։ Հայաստանի Ազգային ժողովում ապարդյուն ջանքեր են գործադրվում նախագահ Քոչարյանի «իմփիչմենթի» պահանջով, իսկ Բաքվում զանգվածային ցույցեր են տեղի ունենում Ալիեւի հրաժարականի պահանջով։ Երկու կառավարություններն էլ կոշտ միջոցներով լռեցրել են իրենց քաղաքական հակառակորդներին։
Ալիեւը, որը որպես ՊԱԿ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա փորձված է քաղաքական մեքենայություններում, անցյալ ամիս ցնցող մի «բացահայտում» արեցՙ նշելով, որ ինքն ու Քոչարյանն անցյալ տարի Փարիզում իբր համաձայնել են միջանցքների փոխանակման շուրջ։
Նախագահ Քոչարյանն անմիջապես հերքեց լուրը եւ մեղադրեց Ալիեւին, որը պնդում էր, թե Քոչարյանն իբր համաձայնել է զիջումների գնալ ի վնաս Հայաստանի տարածքային ամբողջականության։
Տարօրինակն այն է, որ Ալիեւն ու իր օգնականներն արդեն մեկ տարուց ավելի հաճախակիորեն եւ անդրդվելիորեն ժխտում էին Փարիզում որեւէ համաձայնության հասած լինելու լուրերը։ Միջազգային շատ դիտորդներ Ալիեւին մեղադրել են փարիզյան սկզբունքներից հետ կանգնելու եւ ղարաբաղյան բանակցությունները տապալելու մեջ։
Ի՞նչ ակնկալիքներ ունի նա այժմ նման ուշացած մանրամասներ հրապարակելով, քաջ իմանալով, որ մեկ տարի իր ժողովրդին խաբելու համար իրեն անպայման կքննադատեն։
Գուցե նա մտածում էր, որ Քոչարյանը քաղաքականապես թուլացած կլինի իմփիչմենթի շարունակական փորձերից հետո, եւ դրանով կարող է խանգարել նրան վերընտրվելու։ Կամ գուցե ցանկանում էր մոլորեցնել համաշխարհային հասարակությանըՙ հրամցնելով այն տարբերակը, թե իբր Հայաստանն է փակուղի մտցրել ղարաբաղյան բանակցությունները։
Եթե նպատակն առաջինն էր, պետք է ասել, որ Ալիեւը պարտություն կրեց, քանի որ ընդամենը մեկ ընդդիմադիր թերթ, որը սովորաբար քննադատում է Քոչարյանին պատեհ-անպատեհ առիթներով, միացավ նրան։ Գլխավոր ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանն ի զարմանս բոլորի հայտարարեց, որ չի հավատում Ալիեւի մոլորեցնող խոսքերին։ Ազգի շահերը կուսակցության շահերից վեր դասելով, նա ասաց. «Մենք երբեք չենք չարաշահելու ղարաբաղյան հարցը իշխանություններին հարվածելու կամ կառավարության փոփոխություն առաջ բերելու նպատակով»։
Քոչարյանին քաղաքական վնաս հասցնելու փոխարեն Ալիեւն անզգայաբար լուրջ վնաս է պատճառել իր իսկ հեղինակությանը ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ աշխարհի մի շարք առաջնորդների շրջանում։
Ադրբեջանի ընդդիմությունը բառացիորեն կորցրել էր իրեն, մի տարի անընդհատ հերքումներ լսելուց հետո տեղեկանալով, որ երկու նախագահները գաղտնի համաձայնության են եկել Փարիզում։ Ադրբեջանցիները խուճապի էին մատնվել, որ միգուցե իրենց նախագահն այլ զիջումներ եւս կատարել է եւ համաձայնել է Ղարաբաղը Հայաստանին միացնելու նախագծին։ Թերթերը հարցեր տեղացինՙ պարզելու նորանոր մանրամասներ։
Ալիեւին քննադատեցին նաեւ միջնորդ երկրների (Ֆրանսիա, Ռուսաստան եւ Մ. Նահանգներ) պաշտոնական անձնավորություններըՙ հանրության սեփականությունը դարձնելու համար ղարաբաղյան գաղտնի բանակցությունների մի մասը, անկախ ճիշտ, թե սխալ լինելու հանգամանքից։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովն ասել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը չպետք է օգտագործվի որպես հարեւան երկրի նախագահական ընտրությունների վրա ազդելու միջոց։
Ալիեւի այս փոքրիկ, կեղտոտ խաղը հավանաբար վնասել է նաեւ նրա անձնական հարաբերություններին Քոչարյանի հետ, քանի որ վերջինս հայտարարել է, որ նրա հետ հաջորդ հանդիպումը նույնքան սիրալիր չի լինի։ Ծեր աղվեսը չափից ավելի խելոքություն ցուցաբերելովՙ ինքն է ընկել Քոչարյանի համար փորած փոսը։
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր