Գրողների առաջին համահայկական խորհրդաժողովը
Ավարտվեց գրողների համահայկական առաջին խորհրդաժողովը։ Առաջին անգամ իրողություն դարձավ աշխարհի հայ գրողների մեծ հավաքը։ Խորհրդաժողով բառն այստեղ կարծես ավելի տարողունակ է, քան իր բուն իմաստը։ Այն ոչ միայն ժողով (հավաք) էր խորհրդակցելու, խորհուրդներ անելու, ծրագրեր մշակելու նպատակով, այլեւ մեծ խորհուրդ ունեցող մի իրողություն. անկախ պետականության խորհուրդը, հողի ու համազգային գաղափարի շուրջ համախմբվելու խորհուրդը, հայ գրողիՙ իր ժողովրդի ճակատագրի համար մտահոգության խորհուրդը։
Ինչպե՞ս անցավ խորհրդաժողովը եւ ի՞նչ արդյունքներ կարող է ունենալ։ «Հերթական միջոցառո՞ւմ» էր, որ անհետք է անցնելու։ Լա՞վ էր կազմակերպված, թե՞ՙ«այն չէր»։ Միշտ էլ այսպիսի հարցեր կարող են տրվել։ Միշտ էլ դժգոհողներ, անբավարարվածության արտահայտություններ կարող են լինել։ Նաեւ ավելի լավ կազմակերպելու բարի ցանկություններ։ Եվ այս ամենը բնական է. ինչքան մարդՙ այնքան կարծիք։
Սակայն սա չէ էականը։ Էական չէ, որ, ասենք, խորհրդաժողով էին եկել սփյուռքահայ ոչ բոլոր ճանաչված դեմքերը, բայց եկել էին շատերը նրանցից (ընդհանուր թվով շուրջ հինգ տասնյակ մարդ)։ Էական չէ, որ խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էին հայաստանաբնակ ոչ բոլոր հայտնի գրողները։ Բայց մասնակցում էին շատերը նրանցից։ Չմտածե՞նք, որ բացակայությունները լինում են ոչ միայն անհարգելի։ Էական չէ, որ ելույթ ունեցողների գերակշիռ մասը սփյուռքահայերն էին։ Հոգեբանորեն արդարացնեմ. աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք էին եկել, առաջին անգամՙ գրողների համագումար հավաքի։ Բայց չէ՞ որ պահպանված էին զեկուցողների հավասարակշռությունը եւ թեմատիկ սահմանները։ Չորս զեկուցողՙ երկուսը Հայաստանից, երկուսըՙ սփյուռքից, նյութը ե՛ւ հայաստանյան, ե՛ւ սփյուռքյան գրականություն էրՙ համահայ խնդիրներով։ Էական չէ նաեւ, որ ելույթներն այդպես էլ չէին մասնավորվում։ Զուր էին նիստերից մեկի նախագահող Պողոս Սնապյանի հաճախակի զգուշացում-խնդրանքները, որ ելույթները բխեն զեկուցումների թեզերից, արծարծվեն, քննարկվեն զուտ գրական խնդիրներ, միեւնույն է, ելույթ ունեցողները, մեծ մասամբ, «շեղվում» էին դեպի ազգային-պետական խնդիրները։ Սա էլ պետք է հասկանալ. հեռուներից եկած գրողները, իրենց գաղթօջախների ազգային, կուսակցական, մշակութային, հոգեւոր կյանքի գործիչներն էին եւ մայր հայրենիքում իրենց մասին ասելիք ունեին։ Եվ բնական էր հոգեվիճակի հուզապրումը, եւ միանգամից զուտ գրական հարցերի մեջ մտնելՙ այդքան էլ դյուրին չէր։
Էականը, կարծում եմ, այն է, որ սա մեծ սկիզբ էր, որ առաջին անգամ մեր ամբողջ պատմության մեջ հայ գրողները, այսպիսի մեծ ընդգրկումով եւ այն էլ անկախ պետականություն ունեցող իրենց հայրենիքում հավաքվել էին դեմ առ դեմ կամ կողք-կողքի մտերմիկ զրույցիՙ հայրենիքի ու սփյուռքի հոգսերի, արեւի տակ մեզ բաժին հասած տեղի, մարդկային հասարակության մեջ մեր անցյալ ու ապագա դերի, հայության ճակատագրի մասին եւ հատկապես հայ գրողի կոչման ու անելիքների մասին։ Եվ քանի որ այս ամենն այնքան կարեւոր է ու հրատապ (ինչպես մեր պատմության բոլոր շրջաններում), հայ գրողը երբեմն «մոռանում» է արվեստագետի իր առաքելության, մարդկային հոգու արվեստագետ-թարգման լինելու իր կոչման մասին։ Չմոռանանք, որ հայ գրողը (եւ հատկապես սփյուռքում) նաեւ, եւ ավելի շատ, հրապարակախոս է, խմբագիր, լրագրող, բեմադրիչ, մանկավարժ, ազգային գործիչ։
Էականն այն է, որ խորհրդաժողովի կազմակերպումը ոչ թե մասնավոր գրողների նախաձեռնությունն էր, այլ պետական ու հոգեւոր այրերի մտահոգության արդյունք, որ իրագործվեց հանրապետության վարչապետի, Ամենայն հայոց ու Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսների եւ այլոց հոգածությամբ, մշակույթի նախարարության ու գրողների միության անմիջական ջանքերով, որ այն կարեւորվեց հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի կողմից (ողջույնի խոսքեր, ընդունելություններ)։
Էականն այն է, որ մեկ շաբաթից ավելի տեղի ունեցող տարբեր հավաքների ու միջոցառումների ժամանակ (զեկուցումներ, քննարկումներ, «Գրական թերթի» հոբելյան, Պ. Սեւակի հիշատակի օր, նորատիպ գրքի շնորհանդես, հանդիպում նախարարների հետ, Թարգմանչաց տոն ու «Հայ գրքի օր» առաջնեկ փառատոն, հիրավի հարուստ մի ծրագիր, հագեցած շաբաթ) խորհրդաժողովի մասնակիցները ոչ միայն լսեցին զեկուցումներ ու ելույթներ, այլեւ, որ շատ կարեւոր է, զրուցեցին իրար հետ, ծանոթացան, մտերմացան։
Ոչ մի ժողովի, ոչ մի համագումարի կամ այլ պաշտոնական հավաքի ժամանակ գրողին գրելու արվեստը չեն սովորեցնում։ Եվ ոչ էլ կարող են օգնել, որ նա տաղանդավոր կամ շնորհալի դառնա, եթե նա արդեն այդպիսին չէ։ Հավաքները նպաստում են Ոգու բարձրացմանը, հայացքի նույն ուղղությամբ բեւեռմանը, պատասխանատվության զգացողության կենտրոնացմանը եւ գործունեության խթանմանը։ Եվ այս հավաքը հատկապես այդպիսին էր։ Խորհրդաժողովի մասնակիցները, տարբեր օժտվածության գրողներ, այսուհետ նույնպես շարունակելու են գրել այնպես, ինչպես կարող էին, ինչպես իրենց ի վերուստ է տրված։ Բայց ահա, նրանց հետագա ստեղծագործական ու ամենօրյա ազգաշահ գործունեության մեջ խորհրդաժողովի ոգու թափանցմանն ուզում եմ հավատալ։ Գոնե խորհրդաժողովի օրերին այդ ոգու շունչը զգալի էր։ Երկրի բարձր պարգեւներին արժանացած սփյուռքահայ գրողներիՙ մշակութային գործիչների սրտառուչ, անկեղծ խոսքերը հավուր պատշաճի խոսքեր չէին, եւ կասկած չունեմ, որ այս հավաքն ինչ-որ բան ավելացնելու է նրանց հայապահպան գործունեությանը եւ, ինչու չէ, ստեղծագործական ներշնչանքին։
Այս խորհրդաժողովը կազմակերպչական կարեւոր նախաձեռնությունների հիմքեր էլ դրեց. ստեղծվեց հայ գրականության սատարման եւ տարածման հիմնադրամ, թարգմանական գրականության տարեկան մրցանակ, ծրագրվեց սփյուռքում ստեղծել Հայաստանի գրողների միության մասնաճյուղեր, հրատարակել երկրի ու տարաշխարհի այսօրվա գրողների մեկական ստեղծագործության ընտրանի (երկու հատորով, օտար լեզվով), ստեղծել հնարավորություններ գրականության ու մամուլի փոխադարձ առաքումներ իրագործելու համար։ Գուցե եւ հնարավոր լինի ստեղծել գրական մի ընդհանուր հանդես, որի տպագրությունը կարող է իրագործվել միաժամանակ մի քանի տարածաշրջաններում, որը կընդգրկի ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի գրողների ստեղծագործությունները։ Շատ կարեւոր է նաեւ գրականագետ-քննադատների սրտացավ վերաբերմունքը հավասարապես ներսի ու դրսի գրողների նկատմամբ, նոր գրքերի գրախոսումն ու հեղինակներին ընթերցողին ծանոթացնելը, դպրոցական դասագրքերում արդի գրողների գործերի ընդգրկումը։
Ի՞նչ տվեց խորհրդաժողովը։ Դրեց նշանակալի ու կարեւոր սկիզբ, որը կարող է շարունակություն ունենալ կամ չունենալ։ Ուրեմն, խորհրդաժողովի արդյունքը շարունակության պարբերական տեւականությամբ ու արգասավորությամբ կարող է տեսանելի դառնալ։ Կմնա՞, կշարունակվի՞ այս պահի ոգին, կիրագործվե՞ն ծրագրերը, առաջարկությունները, հիմնադրամը կմեծանա՞, կտպագրե՞նք հատորներ ու հանդեսներ, եւ ամենակարեւորըՙ կընթերցե՞նք միմյանց գրքերը, կստեղծվի՞ միասնական հայ գրական դաշտը, ահա հենց դրանք էլ կլինեն այս խորհրդաժողովի արդյունքը։ Հետամուտ լինենք այս ամենի իրագործմանը, եթե արդյունք ենք ուզում։ Այլապես այն, ինչ տեղի ունեցավ, լավ էր կազմակերպված։ Կարող էր ավելի լավ լինել։ Մեծ ջանքեր էին ներդրվել, եւ շնորհակալություն կազմակերպիչներին։ Հարկ է նաեւ պարբերական ու տեւական դարձնել այս սկիզբըՙ արդյունքները հաշվեկշռելու եւ նոր ծրագրեր կազմելու համար։
Էականը հավատն է ու ներշնչանքը, տքնանք ու մաքառումը։ Սա ես չեմ ասում։ Սա մեր անցած ճանապարհի խորհուրդն է ու դասը։ Նաեւ գրականությա՛ն ճանապարհի։ «Գրական այն ճիգը, զոր մեր ժողովուրդը երկու հատվածներով (արեւելահայ եւ արեւմտահայ) նույնաժամանակ, բայց տարբեր պայմաններու հանդեսի մը մեջ իրագործեց իր պատմության վերջին երկու դարերուն... այդ ճիգին արդյունք զույգ մեր գրականությունները մեր ժողովուրդի պատմության ազնվագույն փաստերը կը նկատեմ», գրել է Հակոբ Օշականը։ Օշականից հետո այդ «ազնվագույն փաստերը» շարունակվել են։ Եվ հենց այդ նույն ժամանակ Հայաստանի գրողների երկրորդ համագումարում Ավետիք Իսահակյանը հայտարարում էր, թե «համագումարի ամենաարժեքավոր արդյունքն այն կլինի, որ ավելի սերտանան ու մտերմանան մեր փոխադարձ հարաբերություններըՙ մեր հայրենիքի ու սփյուռքի գրականությունների միջեւ», «ներդաշնակվեն մեր ձգտումները», որովհետեւ «մի որեւէ ժողովրդի գրականությունը նրա ձգտումների եւ բաղձանքների, նրա տառապանքի ու հավատի, նրա խիզախումների ու անկումների պատմությունն է։ Եվ տարագիր հայ գրողների հայացքը պիտի ուղղվի դեպի «բոլոր հայերի հայրենիքը» եւ նպատակը պիտի լինիՙ «ստեղծելու միասնական գրականությունՙ խորհրդահայ (իմաՙ Հայաստանի¬Վ. Գ.) գրականության շուրջը»։
Կուզենայի, որ խորհրդաժողովի յուրաքանչյուր մասնակից առաջիկայում բերեր իր հավատն ու ջանքըՙ տեսանելի դարձնելու խորհրդաժողովի արդյունքը։
ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ