Ըմբշամարտի ավանդույթներով հարուստ Ստեփանավանում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի ավանդական 2-րդ մրցաշարՙ նվիրված ըմբշամարտի երախտավոր, հանրապետության չեմպիոն, համամիութենական մրցումների մրցանակակիր, սպորտի վարպետ Գագիկ Մանուկյանի հիշատակին։ Մրցաշարի կազմակերպիչներըՙ Ստեփանավանի մարզադպրոցի տնօրեն Սոս Սարուխանյանը, ուսմասվար Լյովա Ներսիսյանը, Գ. Մանուկյանի սան Վարդան Դավթյանը, մրցաշարի հովանավոր Գագիկ Ջիլավյանը պատշաճ մակարդակով էին կազմակերպել հուշամրցաշարը։ Հանրապետության տարբեր մարզօջախներից մրցավայր էին ժամանել Լոռու մարզի, Իջեւանի, Կալինինոյի, Նոյեմբերյանի, Գյումրու, Երեւանի ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոցի, «Դինամո» ՄԸ, Քանաքեռ-Զեյթուն համայնքի մարզադպրոցի թվով 70 ըմբիշներ։
Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին մշակույթի, սպորտի երախտավորներ, Գ. Մանուկյանի ընտանիքի անդամները, հարազատները, տեղական իշխանության ներկայացուցիչները։ Բացման խոսքով մասնակիցներին ողջունեց սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի չեմպիոն եւ գավաթակիր, ԸՕՀՀՄ-ի տնօրեն Նորայր Մուշեղյանը։
Մրցաշարին մասնակից պատանի ըմբիշներն առանձին քաշերում ցուցադրեցին հասուն գոտեմարտեր, իսկ մրցաշարը պատանիների համար լավագույն մրցափորձ էր առաջիկա առավել հեղինակավոր մրցումներին մասնակցելու համար։ Առավել աչքի ընկան Ստեփանավանի, Երեւանի ԸՕՀՀ մարզադպրոցի, Գյումրու պատանի ըմբիշները, որոնք էլ հիմնականում զբաղեցրին մրցանակային տեղերը։ Ըստ քաշային կարգերի չեմպիոններ դարձան Գոռ Գրիգորյանը (26 կգ, ԸՕՀՀՄ), Էրիկ Թորոսյանը (29 կգ, ԸՕՀՀՄ), Էդվարդ Դավթյանը (32 կգ, Գյումրի), Արթուր Մալխասյանը (35 կգ, Գյումրի), Համլետ Հարությունյանը (38 կգ, Գյումրի), Արթուր Նազարյանը (42 կգ, ԸՕՀՀՄ), Դավիթ Դանիելյանը (46 կգ, ԸՕՀՀՄ), Գեւորգ Ավշարյանը (50 կգ, ԸԱՀՄ), Գնել Մկրտումյանը (54 կգ, Ստեփանավան), Վլադիմիր Գալստյանը (58 կգ, Ստեփանավան), Խաչիկ Տատոյանը (63 կգ, Ստեփանավան), Ռոման Հովհաննիսյանը (69 կգ, Ստեփանավան)։
Մրցանակակիրները պարգեւատրվեցին հուշամեդալներով, ժամացույցներով եւ համապատասխան կարգի դիպլոմներով։
Ֆ. ՊԱՊԻԿՅԱՆ, ՀՀ վաստակավոր մարզիչ