«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2002-07-03 | #124, 2002-07-04 | #125, 2002-07-05


ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՙ Ի ՎՆԱՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԻ

Երեւանում 50 դրամով երթեւեկող որոշ երթուղային տաքսիներ արդեն սահմանել են 100 դրամ ուղեվարձ։ Դա մայիսին անցկացված երթուղիների մրցույթի արդյունք է եւ, ինչպես տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանը, միանգամայն օրինական։ Տվյալ երթուղիների համար հայտ ներկայացրած ընկերությունները մրցութային առաջարկում սահմանել են 100 դրամ ուղեվարձ։

Մինչ մրցույթի սկիզբը մայրաքաղաքի միկրոավտոբուսային 118 երթուղիներից 90-ի ուղեվարձը 100 դրամ էր, 27-ինըՙ 50, 1 երթուղի գործում էր 75 դրամով։ Աշնանն այս պատկերը կփոխվի, սակայն այսօր արդեն 50 դրամանոց երթուղային տաքսիների վերանալու միտումն ակնհայտ է։ Սա, սակայն, գործընթաց է, որ Երեւանի քաղաքապետարանը չի կարող վերահսկել. միկրոավտոբուսային համակարգը մասնավոր սեփականություն է, եւ մասնավորը ինքն է սահմանում երթեւեկության սակագինը։

Փաստորեն, եթե երեք տարի հետո (այդքան է երթուղու շահագործման ժամկետը) միկրոավտոբուսների տերերը սահմանեն ավելի բարձր սակագին, ասենք, 200 դրամ, մենքՙ ուղեւորներս, ստիպված կլինենք հարմարվել։ Արեգ Բարսեղյանի խոսքերովՙ այսպիսի վտանգ չկա. թանկացումը կլինի ի վնաս պահանջարկի (իսկ ի՞նչ կանենք համատարած թանկացման դեպքում։ Բնական էՙ ոտքով չենք գնա)։

Մի կողմից 50 դրամանոց երթուղային տաքսիների թանկանալը դրական կողմ ունի. հայտնի է, որ երթեւեկում էին գերբեռնված (այլ պարագայում դրանք ուղղակի վնասով կաշխատեին)ՙ խախտելով ուղեւորափոխադրումների բոլոր կանոնները։

Երթեւեկության մեջ այսօր կան 90 մասնավոր եւ մոտ 60 պետական ավտոբուսներ։ Այս մեքենաները սպասարկում են մայրաքաղաքի 33 երթուղիներ։ 15 երթուղիներ շարժակազմի բացակայության պատճառով թափուր են մնում։ Այս խնդիրը, ասել է թեՙ անապահով խավի փոխադրման դժվարին հարցն ինչ-որ չափով լուծում կստանա, երբ Լիոնից Երեւան բերվեն 40 ավտոբուսներ։ Դրանք կտրվեն պետական ընկերություններին եւ կսպասարկեն այն երթուղիները, որոնք առայժմ թափուր են։ 40-ը, իհարկե, շոշափելի թիվ չէ, բայց խնդրի մասնակի լուծում կապահովի։

Ավտոբուսները Երեւանի քաղաքապետարանը կբերի խորհրդանշական գումարովՙ 1500 դոլարով եւ կհոգա մեքենաները Լիոնից Երեւան բերելու ծախսերը։

Տաքսիներով սպասարկելը, Արեգ Բարսեղյանի խոսքերով, նորմալ երեւույթ չէ, ուստի որպես հեռանկարային քաղաքականություն Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը նշում է քաղաքն ավտոբուսներով սպասարկելու ճանապարհը։

Սա որպես հեռանկարային քաղաքականություն, իսկ առայժմ լուրջ խնդիր է մնում անապահով խավի երթեւեկությունը։ Մայրաքաղաքում այսօր ավճար երթեւեկելու իրավունք ունի 59 հազար մարդ։ Այս խավի նկատմամբ երկու մոտեցում կարող է լինել։ Կամ նրանց համար հնարավորություն ստեղծել երթուղային տաքսիներով անվճար երթեւեկելու եւ որոշ չափով միկրոավտոբուսների համար թեթեւացնել հարկային բեռը։ Հաջորդ տարբերակը կարող է լինել անապահով խավին տրանսպորտից օգտվելու համար նպատակային գումարային փոխհատուցումը։

Սրանք դեռեւս գաղափարներ են, բայց որ պետք է իրադրությունն ինչ-որ ճանապարհով շտկել, ակնհայտ է։ Այլապես ստացվում է, որ բոլոր որոշումներն ու քայլերը, թեկուզ օրինական, վնասում են ամենախոցելի խավին։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4