«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2002-07-09 | #127, 2002-07-10 | #128, 2002-07-11


ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԵՐԿԱՐ ՍՊԱՍԵԼ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ»

Նշեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Երեւանում

«Մենք կանգնած ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի թիկունքում, ընդունում ենք նրա գլխավոր դերը եւ պատրաստ ենք աջակցել», երեկ նշեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ տված համատեղ մամլո ասուլիսում։

Հայաստան կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում պրն Շվիմերն արդեն հանդիպում ունեցել էր ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հետՙ օրակարգում ունենալով ԵԽ-ի առջեւ մեր երկրի պարտավորություններին, ԼՂ հակամարտությանն առնչվող խնդիրներ։ Այս եւ այլ հարցերի շուրջ արդեն իրենց հանդիպումն ամփոփելովՙ Վ. Օսկանյանը նշեց, թե ԵԽ-ն լուրջ ծրագրեր ունի մեր տարածաշրջանում, եւ Հայաստանն էլ պատրաստակամ է մասնակցելու բոլոր այդ ծրագրերին։ Պատասխանելով լրագրողների հարցերինՙ ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձավ 2003-ին Հայաստանում նախատեսվող նախագահական ու խորհրդարանական ընտրություններին։ «Դրանք կարեւոր դեր կխաղան ժողովրդավարության նորմերի ամրապնդման տեսանկյունից։ Եվրախորհուրդը շատ հետաքրքրված է ազատ ու թափանցիկ ընտրարշավների անցկացմամբ։ Հետաքրքրված է նաեւ ընտրություններին ընդդիմության մասնակցությամբ»։

Երեկ պրն Շվիմերն ամփոփեց իր այցը մեր երկիրՙ ի դեպ, հակառակ նման այցերի ընդունված սովորության, չլինելով Վրաստանում եւ Ադրբեջանում։

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4