«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2002-07-09 | #127, 2002-07-10 | #128, 2002-07-11


ՏԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՆԱՑ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Ագնես Ավագյանի չորրորդ անհատականըՙ Հալեպում

Հունիսի 29-ից հուլիսի 1-ը Սիրիայի Հալեպ քաղաքում հաջողությամբ անցավ հայրենաբնակ երիտասարդ նկարչուհի Ագնես Ավագյանի անհատական ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն էին Համազգայինի «Նիկոլ Աղբալյան» մասնաճյուղը եւ «Արշիլ Գորկի» կերպարվեստի ուսումնարանըՙ հովանավորությամբ Բերիո թեմի առաջնորդ Սուրեն արք. Գաթարոյանի։ Արամ Մանուկյան Ժ տան «Լեւոն Շանթ» սրահում ցուցադրվեցին նկարչուհու 90 աշխատանքներՙ երգիծանկարներ, գրաֆիկական եւ յուղաներկ աշխատանքներ։

Ագնես Ավագյանն այն յուրօրինակ նկարչուհին է, որը կարողանում է միաժամանակ նկարել երկու ձեռքով էլ, ստեղծում է համաչափ եւ բոլորովին տարբեր պատկերներ, որի համար նրա անունը գրանցվել է ռեկորդների ռուսական «Lbdf» գրքի 2001 թ. հատորում։ Իր հերթականՙ չորրորդ այս ցուցահանդեսի բացման ժամանակ, որին ներկա էին սիրիահայ մտավորականության շատ ներկայացուցիչներ, 22-ամյա նկարչուհին ցուցադրությանն անցնելուց առաջ իր այս հազվագյուտ շնորհը կրկին ցուցադրեց։

Խնկո¬Ապոր անվան մանկական գրադարանի նկարչական խմբակի նախկին սան, Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոցի, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի, ապա նաեւ Երեւանի պետական գեղարվեստի ակադեմիայի դիզայնի եւ կիրառական զարդարվեստի բաժնի շրջանավարտն իր առաջին անհատական ցուցահանդեսն ունեցավ, երբ ընդամենը 15 տարեկան էր։ Արվեստաբաններն ու նկարիչները բարձր գնահատեցին երիտասարդ աղջկա շնորհքը։ Եվ պատահական չէ, որ երեւանյան այս ցուցահանդեսին հետեւեց երկրորդը, այս անգամ Սանկտ Պետերբուրգումՙ 1996 թվականին։ Դրանց հետեւեցին մի շարք հավաքական ցուցահանդեսներ, որոնց Ագնես Ավագյանը ներկայացրեց իր լավագույն գործերից եւ արժանիորեն բարձր գնահատվեց։ Արժե հիշատակել «Ազգ» թերթի նախաձեռնությամբ 2000 եւ 2001 թթ. Թեքեյան մշակութային կենտրոնում կազմակերպված երգիծանկարների ցուցահանդեսները, որոնց ժամանակ եւս Ագնես Ավագյանը զատվեց իր ուրույն մտածողությամբ, մարդկանց, աշխարհը, իրականությունը տեսնելու եւ ներկայացնելու զուտ իրեն հատուկ շեշտված համարձակությամբ։ Ագնեսի աշխատանքները զուտ երգիծանկարներ ներկայացնելը սխալ կլինի։ Նույնիսկ ամենածիծաղելի իրավիճակներ պատկերելիս նկարչուհին «խոսում» է ցավովՙ իրեն շրջապատող մարդկանց եւ իրականությունների մասին։ Ագնես Ավագյանի ծայրահեղ անհեթեթ իրավիճակներում հայտնված «հերոսներն» անհույս կորած մարդիկ չեն։ Արվեստագետը փորձում է նրանց փրկել։ Եվ դա է պատճառը, որ Ագնես Ավագյանի ստեղծագործություններումՙ լինեն դրանք ծաղրանկարներ, բնանկարներ, թե նատյուրմորտներ, նկատելի է սերը եւ բարությունը։

Ու ահա այս հատկանիշները գերակշիռ էին այս տարի Երեւանում բացված Ագնես Ավագյանի անհատական երրորդ ցուցահանդեսում, դարձյալ «Ազգ»¬ի կազմակերպմամբ, որին հաջորդեց մասնակցությունը Դուբայի (Միացյալ Արաբական Էմիրություններ) հավաքական ցուցահանդեսին, որի մասին «Ազգը» տեղեկացրել է իր ընթերցողներին։ Չորրորդՙ հալեպյան անհատական ցուցահանդեսը նոր է ավարտվել։ Եվ նկարչուհու տպավորություններն առավել թարմ են։

¬ Երեք շաբաթ եղա Սիրիայում,¬ասում է Ագնես Ավագյանը,¬ ոչ միայն Հալեպում։ Այցելեցի Քեսաբ, Լաթաքիա, հայաբնակ եւ հայկական այլ վայրեր։ Մեկ տարում փոքր¬ ինչ ծանոթացա արաբական երկու երկրների։ Զգացողություններս տարբեր են։ Սիրիական այս այցելության ժամանակ անչափ շատ տպավորություններ ստացա եւ, բնական է, բազմաթիվ էսքիզներ, ճեպանկարներ, մատիտանկարներ արեցի, որոնց հիման վրա անպայման գործեր կստեղծվեն։ Ինձ զարմանալիորեն ուրախացրեց Հալեպըՙ հայաշատ այս քաղաքը, ուր ամեն քայլի ցուցանակներ էի տեսնում հայերենով, հայկական անվանումներով։ Զարմանալի է, որովհետեւ այսօր Երեւանում շատերն անգլերենով ցուցանակներ են կախում իրենց խանութների ու կրպակների դռներին։ Ինչի՞ համար։ Չգիտեմ։

Նկարչուհին դեռեւս հալեպյան ցուցահանդեսի տպավորությունների ծիրում է, ցուցահանդես, որի ժամանակ արաբ հրատարակիչները 10 նկար գնեցին։ Քիչ չէ, եթե հաշվի առնենք, որ ցուցահանդես-վաճառք չէր Հալեպում կայացածը։ Դժվա՞ր էր բաժանվելը սեփական նկարներից։ Այս հարցի պատասխանը լավ գիտե ամեն արվեստագետ, ով նկարում է սրտով ու մտքով, ով պարապությունից չէ մատիտ ու վրձին վերցնում ձեռքը, այլ իրեն, աշխարհը, հարազատ մարդկանց եւ իրականությունները պատկերող մարդը։ Այսինքնՙ նաեւ Ագնես Ավագյանը։

Մի-մի Հայաստան գնաց Սիրիա, Ագնես Ավագյանի մի-մի հայ ու Հայաստան մնալու է Սիրիայում, որպեսզի Հայաստանի մեծության ու շքեղության մասին պատմի օտարազգիներին։ Ագնես Ավագյանը նորերը կստեղծի, որովհետեւ նրա սերն առ Հայաստան ու հայը հսկայական է։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4