Տեղի է ունեցել Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության հերթական նիստը, որին մասնակցում էին նաեւ Երեւան քաղաքի ՀՌԱԿ ակումբների ատենապետները։
Քննարկվել է ՀՌԱԿ Երեւան քաղաքի ակումբների գործունեությունը։ Զեկույցով հանդես է եկել վարչության անդամ Գառնիկ Հովակիմյանը։ Նշվել է, որ մայրաքաղաքում գործում են 24 ակումբներ, որոնցից 7-ն ունեն գրասենյակներ։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ձեւավորվելու են եւս երկու ակումբներ, գրասենյակ է բացվելու Քանաքեռ-Զեյթուն թաղամասում։ Հոկտեմբեր ամսին կայանալիք ընտրությունների ընթացքում ՀՌԱԿ-ը հատուկ հետաքրքրություն եւ բազմաբովանդակ աշխատանք է ծավալելու Կենտրոն, Նոր Նորք եւ Արաբկիր թաղամասերում։ Վարչությունն արձանագրեց, որ մայրաքաղաքում կուսակցական ակումբների զարգացման եւ անդամության աճի տեմպերը զիջում են հանրապետության մարզերում առկա տեմպերին։ Ակումբների վարչությունների ուշադրությունը հրավիրվեց անդամավճարների գանձման գործում առկա թերացումներին։ Որոշում կայացվեց երկու շաբաթվա ընթացքում կանոնավորել անդամավճարների գանձումը, հանձնարարվեց երեք շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր ակումբի վարչությանը մշակել եւ հաստատել մինչեւ 2002 թ. հունվարն իրականացվող միջոցառումների ծրագիր։
Ժողովը որոշում ընդունեց սեպտեմբերին վերսկսել «Ազգային հիմնախնդիրներ» կլոր սեղանների հրավիրումը, ինչպես նաեւ նպատակահարմար գտավ սեպտեմբերին հրավիրել ՀՌԱԿ վարչականների երկօրյա սեմինար տեղական մարմինների ընտրությունների կազմակերպման մասին օրակարգով։
ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը որոշում ընդունեց հուլիսի 13-ին արտագնա նիստ գումարել Վանաձորում։
Քննարկվեցին նաեւ մի շարք այլ հարցեր։