Իսկ մինչ այդ հարցրեց-պատասխանեց Պերճ Բոշնաղյանը
Պարզվում է, դատավարությունը կարող է նաեւ հումորով հարուստ լինել։ Էլ չասած, որ տուժողները կարող են լինել ինքնահակասական հատկություններով կամ խաչբառ լուծելու սովորությամբ օշտված։
«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության երեկվա նիստին ներկայացել էր ԱԺ պատգամավոր, տուժող Պերճ Բոշնաղյանը։ Նա իր ցուցմունքը սկսեց սենսացիոն հայտարարությամբ. «Դրսից նռնակի պայթյուն է լսվել մինչեւ ահաբեկիչների դահլիճ մտնելը»։ Ըստ սրա էլՙ Ռուբեն Միրոյանն ու Արմենակ Արմենակյանը սպանվել են մինչեւ ոճրագործների դահլիճ մտնելը։
Ըստ տուժողի, ահաբեկիչներից յուրաքանչյուրի քայլերը ծրագրված էին, առանց Նաիրիի ցուցմունքի ոչ ոք ոչինչ չէր անում։ Գիշերվա ժամը 2-ի սահմաններում էլ ինչ-որ խոսակցություն է եղել, որից հետո կարծես սառը ջուր լցրեցին ահաբեկիչների վրա։
Պրն Բոշնաղյանը հատկապես տպավորվել էր Կարեն Հունանյանի զենքին լավ տիրապետելուց եւ դիպուկ կրակելուց։ Տուժողն ավելի քան համոզված էր, որ ահաբեկչությունն ամբաստանյալների ինքնուրույն գործը չէր, բայց թե ով էր կազմակերպելՙ չկարողացավ ասել։ Պրն Բոշնաղյանն ագրեսիվ գնահատեց Հունանյան եղբայրների պահվածքը, կրտսեր Հունանյանինըՙ նաեւ լկտի։
Տուժողը մի քանի անգամ հակասեց ինքն իրեն, որոշ դեպքերումՙ նաեւ գործի նյութերին։ Հետո էլ, երբ պատասխանում էր մեղադրող կողմի հարցերին, թերեւս մոռացավ, որ հարցեր տալու իրավունքը մեղադրողինն է։ Տուժողը մի քանի հարց տվեց, մեկ-երկուսին ինքն էլ պատասխանեց։ Նախագահող պրն Ուզունյանն էլ տարակուսանք հայտնեց, որ տուժողը մեկ ասում էՙ տեսել եմ սա, մեկՙ ուրիշ բան, ինչը դժվար է հետո գնահատել։
Հարցաքննությունից հետո դատավորը ամփոփեց տուժողների ներկայանալ-չներկայանալու հետ կապված տվյալները։ Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը միջնորդեց դատարան հրավիրել ներկայացած բոլոր տուժողներին եւ այդպես ապահովել դատավարության մասնակիցներիՙ նրանց հարցաքննելու հնարավորությունը, քանի որ գործում դեռեւս շատ չպարզված հարցեր կան։
Երբ դատարանն անցավ այս միջնորդության քննարկմանը, սկսվեց հումորի 2-րդ փուլը։ Նախ, ոտքի կանգնեց Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը... Եվ պարզ դարձավ, որ դատարանում հնչող ոչ բոլոր մտքերն են թարգմանաբար հասնում փաստաբանին։ Նա վերաշարադրեց միջնորդությունը, ապա շարունակեցՙ հասնելով ինչ-որ կողմերի ինչ-ինչ իրավունքների ոտնահարմանը։
Համեմատաբար լսելով միջնորդության մասին երկլեզու «կարծիքները»ՙ դատավոր Ուզունյանը ընդհանրացրեց. «Ես հասկացա, որ դուք միացաք միջնորդությանը»։ Հետո Յունոշեւի այն մտահոգության կապակցությամբ, թե դատավարության որոշ մասնակիցներ բացակայում են քննարկումից, դատավորը նշեց պաշտպան Աղասի Աթաբեկյանի «անգլիական» ոճով, այսինքնՙ առանց նախագահողի թույլտվության հեռանալու մասին։
Հետո նույն միջնորդության մասին երկար-բարակ խոսեց նաեւ Նաիրի Հունանյանը։ Ապա մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը շարունակեց անհասկանալիորեն ձգձգվող քննարկումը։ Այդուհետեւ քննարկման «օղակը», մասնակիցների ավելի փոքր թվով, շարունակվեց։ Դատավորը քննարկումը դադարեցրեց ու հայտարարեց, որ բավարարում է միջնորդությունը։
Հետո Նաիրի Հունանյանըՙ «Ես նյութեր եմ պատրաստում Արմենակյանի սպանության մասով» պատճառաբանությամբ միջնորդեց դատարանինՙ տեսաերիզն ու 35 րոպեանոց ձայներիզը ստանալու համար։ Դատավորը նկատեց. «Խորհուրդ կտայի նյութեր պատրաստել նաեւ մյուս սպանությունների մասով»։ Ինչ վերաբերում է տեսաերիզ-ձայներիզ տրամադրելուն, ապա դատավորին հետաքրքրեց, թե ինչպես է դրանք տեսնել-լսելու Նաիրի Հունանյանը։ Վերջինս նաեւ ցանկություն հայտնեց, որ դատավարության նիստերը լինեն շաբաթը 4¬5 անգամ։ Եթե նման կերպ վարվեն, ինչը չարվեց անհնարինության պատճառով, կստացվեր, որ վճռաբեկ պալատը դեռ երկար ժամանակ էլ ոչնչով չէր կարողանա զբաղվել ենթարկվելով հարկադիր պարապուրդի։ Չէ՞ որ գործի յուրօրինակ բնույթը դատավարության յուրօրինակ պայմաններ է պահանջում։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ