«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2002-07-10 | #128, 2002-07-11 | #129, 2002-07-12


ԱԲԽԱԶԻԱՅԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 60 ՏՈԿՈՍՆ ԱՐԴԵՆ ՍՏԱՑԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

Աբխազիայի վարչապետ Անրի Ջերգենիան երեկ «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է, որ հանրապետության բնակչության ավելի քան 60 տոկոսն ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։ Մի քանի օր առաջ Աբխազիայի բնակիչներին ռուսական քաղաքացիություն տալու փաստը Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն որակել էր Կրեմլի կողմից Վրաստանի մի հատվածը անեքսիայի ենթարկելու փորձ։ Ի դեպ, ռուսական կողմը զանգվածաբար Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհում նաեւ Հարավային Օսիայի բնակչությանը։ Կրեմլի այս քայլը դիտորդները որակում են Ռուսաստանի պատասխան քայլ Վրաստանինՙ դեպի Թուրքիա եւ ՆԱՏՕ անհագ ձգտումների համար։ Թեեւ Պուտինը Վրաստանի տարածքում ամերիկյան ռազմական ներկայությանը հրապարակավ չընդդիմացավ, սակայն Մոսկվայի վերջին շրջանի քայլերը հուշում են, որ Շեւարդնաձեի հանդգնությունն անպատիժ չի մնա։ Վրաստանի նախագահը դեռ մի քանի օր առաջ անթույլատրելի էր համարում Պանկիսի կիրճում օտարերկրյա ուժերի կողմից հակաահաբեկչական գործողությունների իրականացումը, ակնհայտորեն նկատի առնելով Ռուսաստանին։ «Ռուսլան Գելաեւը եւ իր գրոհայինները Պանկիսի կիրճում կարող են հանգիստ ապրել եւս մի քանի ամիս։ Ռուշայլոն չորեքշաբթի երեկոյան երկու ժամ շարունակ համոզում էր Շեւարդնաձեին Պանկիսի կիրճ թույլատրել ռուսական զինվորականներին, սակայն Վրաստանի նախագահը մնաց անհողդողդ։ Շեւարդնաձեն համաձայնեց միայն Պանկիսում անցկացնել փախստականների մարդահամար, իսկ գրոհայիններին ներառել «սեւ ցուցակում», գրում է «Գազետա» թերթը, հավելելով, որ Շեւարդնաձեն խոստացել է չեչեն եւ արաբ ահաբեկիչների հետ հաշիվները մաքրել մինչեւ տարեվերջ։

Թբիլիսի ժամանած ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Վլ. Ռուշայլոն Պանկիսի հարցով բանակցել է Շեւարդնաձեի, պետնախարար Ջորբենաձեի, պետանվտանգության նախարար Խաբուրձանիայի, վրացի իր պաշտոնակից Թեդո Ջափարիձեի հետ։

Երեկ Ռուշայլոն եւ Ջափարիձեն լրագրողներին ասել են, որ մոտ ժամանակներս ակնկալվում է Պուտին-Շեւարդնաձե հանդիպում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4