Հրաժարվեց նաեւ արտգործնախարար Իսմայիլ Ջեմը
Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի կառավարությունը հավանաբար վերջին օրերն է ապրում։ Երեկ հրաժարական տվեցին նրա կաբինետի կարեւորագույն երկու անդամներըՙ արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմը եւ ֆինանսների նախարար Քեմալ Դերվիշը։ Վերջինս թեեւ անդամ չէ Էջեւիթի կոալիցիան կազմող որեւէ կուսակցության, սակայն երկրի դիմագրաված ներկայիս ծանր տնտեսական-ֆինանսական կացության մեջ, նրա հետ են կապված Համաշխարհային բանկի եւ Միջազգային արժութային ֆոնդի 16 մլրդ դոլար ներարկումների արդյունավորման բոլոր հույսերը։ Ինչ վերաբերում է Ջեմին, ապա նա հրաժարվեց նաեւ Ձախ ժողովրդավարական կուսակցությունից եւ պատրաստվում է գլխավորել ցարդ հրաժարյալ 7 նախարարներից եւ 35 պատգամավորներից կազմվելիք նոր կուսակցությունը (տեսնել մեր մեկնաբանությունը 5-րդ էջում)։
Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ վարչապետ Էջեւիթը երկու նախարարներին խնդրել է հետ վերցնել իրենց հրաժարականը։ Ըստ որոշ տեղեկությունների, Քեմալ Դեվրիշը մտադիր է ընդառաջել վարչապետի խնդրանքին։