«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2002-07-10 | #128, 2002-07-11 | #129, 2002-07-12


ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՆԱԵՎ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՎԵՊ Է

Վարպետի որդու, հայ կինոյի նվիրյալ գործիչ Վիգեն Իսահակյանի «Հայրս» գիրքը, որդեգրել է դասական հուշագրության եւ կենսագրական վեպի համադրումի, զուգակցումի բարդ եւ հետաքրքրական սկզբունքը։

Այս գրքում փաստը հույժ հավաստի է եւ արժանահավատՙ հայ դասական Ավետիք Իսահակյանի կյանքի եւ գործունեության շատ որոշակի մի շրջափուլն է, որը ներառում է ժամանակա-տարածքային մի հոյակապ, գերիչ շրջանՙ 20-րդ դարի Արեւմտյան Եվրոպայի 20-ական եւ 30-ական տարիները, երբ ինչպես մի զարմանալի կալեյդոսկոպի պատկերներ հաջորդում ենՙ Բեռլինն ու Վիեննան, Ժնեւն ու Վենետիկը, Փարիզն ու Մոսկվան... Սա մի շրջան է, մի մթնոլորտ, որով թրծվել են 20-րդ դարի բազում մեծ անհատներըՙ Հեմինգուեյ, Թոմաս Ման, Մալեր, Պիկասո, Ջոյս, Սարյան, Քոչար... Որդու հուշերը վերաբերում են Վարպետի կյանքի այն փուլին, որը տոտալիտար իշխանությունները շուրջ ութսուն տարի խնամքով ու հնարամտությամբ թաքցրել էին մեզանից։ Իսահակյանի կյանքը Արեւմտյան Եվրոպայի ամենաարեւմտյան երկրներում։ Վիգեն Իսահակյանն իր այս գրքով հիրավի միանգամից եւ մեկընդմիշտ հանեց այդ ծածկույթը։ Եվ սա է նրա խոշորագույն ծառայությունը մեր մշակույթին։ Հիրավի, ո՞ւմ էր հայտնի մեր ժամանակակիցներից Վարպետի կյանքի ժնեւյան շրջանը, քաղաք, որի արվարձաններից մեկումՙ Շեմպելում էր գտնվում «Դրօշակ» թերթի խմբագրությունը։ Եվ կամ թե Իսահակյանի մասնակցությունը Թալեաթի մահապատիժն իրականացնելու գործընթացին։ Եվ կամ թե չէ հասուն ու հյութեղ գրչով գրած պատմությունները Վենետիկի Մխիթարյան միաբանության հանգրվան Սուրբ Ղազար կղզու մասին, միաբանությանՙ Մուրադ-Ռաֆայելյան դպրոցի, նրա ներքին կառուցվածքի, դասատուների եւ ուխտի նշանավոր շատ ու շատ անդամների մասին։

Գրքի լավագույն հատվածներից են Վենետիկ հաջորդաբար ժամանած Մարտիրոս Սարյանի եւ Եղիշե Չարենցի, այդ հեքիաթային քաղաքում գտնվելիք օրերի նկարագրությունները։ Մանավանդ Չարենցի կերպարի վերստեղծումը վենետիկյան ֆոնի վրա։ Նույնը վերաբերում է 1930-1935 թթ. Վարպետի կյանքի փարիզյան շրջանին, երբ հայրենիք վերադարձի վերջնական որոշումն ընդունվեց։ Դժվարին ու ճակատագրական որոշում, որի ընդունման մեխանիզմն է բացահայտում Վիգենը։

Հեղինակը, զարգացնելով կենսագրական վեպի սկզբունքներնՙ ըստ ամենայնի խորանում է իր հերոսի հոգեկան աշխարհի մեջ, գեղարվեստական թարմ շնչով պատկերում նրա մարդկային բարձր հատկանիշները։ Դեգերելով հեռավոր ու գեղեցիկ, ցոփ ու բարեկեցիկ, բայց սառն ու օտար ափերում, Վարպետը շարունակ իր հայրենիքի, մայր Հայաստանի հետ է եղել։ Նրան ոչ մի րոպե դադար չի տվել հայրենիքի կարոտը, հայրենաբաղձությունը։

Ահա այսպես, առանց Վենետիկում կամ Փարիզում լինելու, հենց միայն Վիգեն Իսահակյանի գիրքն ուշադիր կարդալով մեր հիշողության մեջ վառ տպավորվում են վենետիկյան հրաշալիքներըՙ պալատներն ու կամուրջները, սրճարաններն ու գոնդոլները, վենետիկուհիներն ու ձկնորսները... Նրա գրչի տակ Վենետիկն ուղղակի կենդանանում է, հառնում է ոչ միայն իր քարեղեն շինվածքներով, այլեւ գույներով ու բույրերով, մարդկանցով ու կենցաղով։ Նույնը եւ Փարիզըՙ Մոնպառնասի եւ Լատինական թաղամասի Իսահակյանի նախասիրած սրճարաններով եւ գրախանութներով, հին Փարիզի այս կամ այն արվարձաններովՙ եւ փարիզյան այնքան կենդանի կերպարներով։ Զգում եմ պատմողի բնատուր գրողական ձիրքը, սուր աչքը, լեզվի պատկերավորությունը, ոճի ինքնատիպությունը։ Ընթերցողը սիրով ու մեծագույն հետաքրքրությամբ է կրկին հանդիպում հայ եւ օտարազգի տասնյակ ու տասնյակ նշանավոր մարդկանցՙ այս անգամ թեեւ հեռավոր ու անծանոթ, բայց միանգամայն շոշափելի միջավայրում։ Պտտվում է Վիգեն Իսահակյանի նկարահանած ֆիլմը եւ հանդիսատեսի առջեւ հասակով մեկ կանգնում են Ջեյմս Ջոյսը, Ֆրանց Վերֆելը, Ստեֆան Ցվեյգը, Անրի Բարբյուսը, Ռոմեն Ռոլանը, Մարինա Ցվետաեւան, Բորիս Պաստեռնակը, Սերգեյ Էյզենշտեյնը, Իլյա Էրենբուրգը։ Վաղեմի ծանոթների նման մեզ ողջունում են Լեւոն Շանթը, Ավետիս Ահարոնյանը, Հովհաննես Խան-Մասեհյանը, Արշակ Չոպանյանը, Նիկողայոս Ադոնցը, Գյուրջիեւը, Պողոս Մակինցյանը, Դերենիկ Դեմիրճյանը։

... Իսկական հոգեբանական վեպի դրվագներ են գրքի այն էջերը, որոնք արտացոլում են արդեն հայրենիք վերադարձած Վապետի եղբայրական հոգատարությունը Չարենցի նկատմամբ, երբ վերջինս հոգեկան խոր դեպրեսիայի մեջ էր։

Գրքի առաջաբանում Ավիկ Իսահակյանը վկայում է, որ իր հայրըՙ Վիգեն Իսահակյանը «Հայրս» գրքի վրա աշխատել է երեք տարիՙ 1987-1989 թթ.։

Վերջակետը դրվել է 1989 թ. դեկտեմբերի 12-ին։ Սա ստույգ տարեթիվ է, բայց գիրքը մտահղացվել է անհամեմատ ավելի վաղ։ Երբ Վիգենը աշխատում էր Հայֆիլմ ստուդիայի կրկնօրինակման բաժնում որպես բեմադրիչ։ Ես նույն այդ բաժնի գրական խմբագիրն էի, եւ պատահում էր, Վիգենի հետ միասին դուրս էինք գալիս Տերյան փողոցում գտնվող կինոստուդիայից, ոտքով գնում մինչեւ կինո «Մոսկվա», «Ինտուրիստ»-ի սրճարանում նստում մի-մի գավաթ սուրճի շուրջ, եւ նա երբեմն-երբեմն հուշեր էր պատմում արտասահմանյան իր կյանքից եւ այդ հուշերի առանցքը, իհարկե, Ավետիք Իսահակյանն էր։ Դեռեւս այն տարիներին Վիգենը հաճախ էր ասում. «Մի օր պիտի գրեմ»։ Եվ նա գրեց։ Ցրելով միֆը, որ տարիքը կարող է խոչընդոտ հանդիսանալ ստեղծագործող, տաղանդավոր մարդու համար։

Ավետիք Իսահակյանի բախտը բերել է, Վիգենի նման տղա է ունեցել։ Երանի մեր մյուս մեծերն էլ այսպիսի զավակներ ունենային։

Այս գիրքը դեռ երկար իր վրա գամված է պահելու ընթերցողների ուշադրությունը։ Եվ երիցս ցավալի է այն փաստը, որ Վիգեն Իսահակյանի «Հայրս» գիրքը, որը Հայաստանի Գրողների միության կողմից 2001 թ. ներկայացվել էր Հայաստանի պետական մրցանակի, հանվեց մրցույթի նախավերջին փուլիցՙ իբր այն «գեղարվեստական ժանրի» գործ չէ։ Մինչդեռ իրականում ճիշտ հակառակն է։ Եվ պատահաբար չէր, որ նման «գործընթացի» արդյունքն այն եղավ, որ հայ գրողներն արդեն երկրորդ տարին է (2000 եւ 2001 թթ.) զրկվում են Երկրի բարձրագույն մրցանակներն ստանալու հնարավորությունից։ Սակայնՙ ճշմարիտ գեղարվեստական արժեքը մրցանակով չէ, որ պիտի գնահատվի, այլ ընթերցողի ճանաչմամբ եւ ժամանակի փորձությամբ։ իսկ հայ ընթերցողը սիրեց Վիգեն Իսահակյանի գիրքը, այսօր այն փնտրված գիրք է։

Բացարձակ գրական արժեք։ Եզակի ու ժանրային ձեւովՙ հուշա-կենսապատում եւ ասելիքի ընդգրկումով։ Շատ ճիշտ կլիներ, եթե այն թարգմանվեր ռուսերեն եւ այլ օտար լեզուներով։

Այսօր Վիգեն Իսահակյանը 92 տարեկան է, եւ նա հազվագյուտ բախտի արժանացավ, առաջին իսկ գրքով տեղ նվաճեց հայ գրականության պատմության մեջ։

ՌԱՖԱՅԵԼ ԱՎԱԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4